2023 թվականի սեպտեմբերի 19-21 ռազմական գործողությունների հետևանքով Արդբեջանը ռազմակալեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական համացանցային տիրույթում աստիճանաբար սկսեցին հայտնվել ադրբեջանցի զինվորների տարաբնույթ գործողությունները ցուցադրող տասնյակ տեսանյութեր, որոնք գնալով ավելի են շատանում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները տեղահանել և ոչնչացման նպատակով տեղափոխում են Բռիեղցի վանք և Հարավ գյուղ տանող ճանապարհների ցուցանակները (https://t.me/Caucasian_bureau/65735?fbclid=IwAR1q4g3qBSCsC_fLiY68SExnxwh3HeEnodbxk9gpiz44jDo5TYa2Rt4C7nk): Ադրբեջանական լրատվականները այս տեսանյութը մեկնաբանում են որպես անջատողականությունը ցուցադրող կեղծ տեղանունների ոչնչացում: Համացանցում նաև տարածվում են զինտեխնիկայի միջոցով բնակավայրերի անվանումը ցուցադրող ցուցանակների ոչնչացումը (https://t.me/Caucasian_bureau/65456?fbclid=IwAR1vLQaG_nywqkgPsXBGu81Y8dq-MyNOaPmE_D1zxEksqMmjHINihH0oowA): Տվյալ պարագայում Ադրբեջանի համար անջատողական, կեղծ են հանդես գալիս Արցախի բնիկ տեղանունները և դրանց ցուցադրական ոչնչացումը, տապալումը և անհանդուրժողական մեկնաբանությունները խոսում են Արցախի բնիկ, հայկական ինքնությունը ոչնչացնելու մասին: