Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի
2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին (https://www.youtube.com/shorts/IRHHnTHlRwg)։ Տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։ Բացի դա, ակնհայտ է նաև, որ ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից, կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը։
Մեր արձագանքը
Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։