Հադրութի Ազոխ գյուղի հուշահամալիրի ոչնչացումը
Սույն թվականի օգոստոսի 18-ին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ www.war.karabakhrecords.info կայքէջը տարածել է արբանյակային լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները (նկ. 1)։
Հարկ է նշել, որ դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության
(İCTİMAİ TV) տարածած տեսանյութից երևում է (տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=mvbnBNgKMH0), որ հուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, սակայն հուշահամալիրը ամբողջությամբ ավերված չէ (նկ․ 2, 4):
Իսկ արդեն 2021թ. հուլիս ամսվան թվագրվող արբանյակային լուսանկարներից երևում է (նկ․ 3), որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջովին ավերված է, քանդված են հուշահամալիրի պատերը, աստիճանները, ոչնչացված է Արցախյան առաջին պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը, բացակայում է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը և Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանը:
Մեր արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։



