44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին թիրախավորելու մասին
2023 թվականի փետրվարի 21-ին Ներսես Գարեգին Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայցրել է 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ևս մեկ ապացույց։
Ինչպես նշում է պարոն Ասրյանը, խոսքը վերաբերում է Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցուն, որը «պատերազմի օրերին «մազապուրծ» է եղել ավերվելուց: Այս հրթիռն ընդամենը մի քանի մետր է վրիպել եկեղեցուն հարվածելուց և մխրճվել հողի մեջ՝ եկեղեցուց քիչ հեռու: Մինչ այս չէինք նկատել. կամ կանաչով էր ծածկված եղել, կամ էլ ձյունով» https://www.facebook.com/garegin.asryan/posts/pfbid02x4r2j7Dk2Ye9bgJ5MbvdrUTaenGT7Y1tsNR318y1Tbnx6vMy71dtdurGyKSBTMNgl։ Արցախի համապատասխան ծառայությունների կողմից արկը վնասազերծվել և հեռացվել է։
Մեր արձագանքը
Մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից» Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict 1954, article 4, UNESCO, http://www.unesco.org/new/en/culture/themes/armed-conflict-and-heritage/convention-and-protocols/1954-hague-convention/ ։
Պատերազմների/զինված բախումների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքը ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարդավիճակ․ այսինքն միջազգայնորեն պարտադիր են։ Միջազգային մարդասիրական օրենքի 38-րդ կանոնը պնդում է. «Հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է հարգի մշակութային արժեքը և ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուսափելու կրոնին, արվեստին, գիտությանը, կրթությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների և պատմական հուշարձանների վրա հարձակումներից, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» Customary IHL, Practice Relating to Rule 38. Attacks against Cultural Property, https://ihl-databases.icrc.org/customary-ihl/eng/docs/v2_cou_be_rule38։ Իսկ 40-րդ կանոնն ամբողջացնում է ասվածը՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պաշտպանի մշակութային ժառանգությունը. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող ժառանգության գողության, կողոպուտի կամ յուրացման և վանդալիզմի ցանկացած ձևի գործողություն արգելվում է» Customary IHL Rule 40. Respect for Cultural Property, https://ihl-databases.icrc.org/customary-ihl/eng/docs/v1_rul_rule40:
Հաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝
ա) անել հնարավորը` ստուգելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտը 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածով պաշտպանված մշակութային արժեք չլինի,
բ) ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության հարցում՝ մշակութային արժեքների պատահական վնասներից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար,
գ) ձեռնպահ մնալ հարձակումը սկսելու որոշում կայացնելուց, որը ենթադրում է, որ պատահական վնաս կհասցնի մշակութային արժեքներին,
դ) չեղյալ հայտարարել կամ կասեցնել հարձակումը, եթե պարզվում է, որ թիրախը մշակութային արժեք է, որի վրա հարձակումը կարող է պատահական վնաս պատճառել դրան, որը չափազանց մեծ կլինի կանխատեսված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության համեմատ https://ihl-databases.icrc.org/en/ihl-treaties/hague-prot-1999/article-7?activeTab=undefined: