«Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների և ենթակառուցվածքների ստեղծումն է (https://www.youtube.com/watch?v=fMzbdUOgfNs, https://www.youtube.com/watch?v=SOObxEIU0VU):
Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաև գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչվել է «Հաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական զորքը, հատուկ ջոկատայինները հարթել են Շուշին «ազատագրելու» համար: Ճանապարհին այս անվանումը տրվել է Իլհամ Ալիևի կողմից, իսկ հիմնարկեքը կատարվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին: Այն լինելու է Բաքուն Շուշիին ուղիղ կապող նոր ճանապարհ, որը, ինչպես նշում է ադրբեջանական կողմը, շրջանցելու է ռուսական խաղաղապահների և հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները (https://m.lenta.ru/articles/2021/08/30/susa/?fbclid=IwAR34U-heILCoeJF6x3gKIVWh5bYAKxLbrO0saO2oWsGf2UAQy27sCPbg91k):
Համաձայն ադրբեջանական լրատվական կայքերի տարածած տեղեկատվության՝ «Հաղթանակի ճանապարհը» պետք է միավորի Ֆիզուլիի շրջանը Ֆիզուլի շրջկենտրոնով Շուշի քաղաքի հետ։ Նրա երկարությունը կազմելու է 101,5 կմ: Այն անցնելու է 20 բնակավայրով, այդ թվում՝ Տող, Մեծ Թաղեր, Ավետարանոց, Սղնախ, Քարին տակ բնակավայրերը, որոնց անվանումները ուղղակի հիշատակվում են ճանապարհի մասին լրատվական տեսանյութերում (https://media.az/society/1067800467/startovala-realizaciya-proekta-avtomobilnoy-dorogi-ahmedbeyli-fizuli-shusha/):
Այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կատարում է նաև Ֆիզուլի-Շուշի մեկ այլ մեծ ճանապարհի շինարարություն, որը որոշ տեղերում խաչվելու է «Հաղթանակի ճանապարհին»: Առաջին ճանապարհն ունենալու է երթևեկելի երկու գոտի, իսկ երկրորդը՝ վեց գոտի: Ճանապարհների շինարարությունը կատարում են ադրբեջանական և թուրքական ճանապարհաշինարարական ընկերություններ, որոնցից ադրբեջանականները գործում են պետական մարմիններին առընթեր, իսկ թուրքականներն ունեն բարդ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու մեծ փորձ: Այդպիսիններից են Azvirt, «KOLİN» İnşaat Turizm San. և այլ կազմակերպությունները:
Ճանապարհաշինարարական այս երկու նախագծերը մեծ վտանգ են պարունակում Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների համար, քանի որ ադրբեջանական կողմը կատարում է ահռելի հողային և մասնավորապես շրջակա լանդշաֆտի, ռելիեֆի փոփոխմանը միտված աշխատանքներ՝ ելնելով կառուցվելիք ճանապարհների նախագծերից: Մասնավորապես հատվում են մեծ թվով ծառեր, կատարվում են հարթեցման, լայնացման մեծածավալ աշխատանքներ, պայթեցումներ, քանդվում են ճանապարհին խոչընդոտ բոլոր շինությունները, կառույցները կամ էլ վտանգ է ստեղծվում դրանց համար: Այստեղ պետք է նշել, որ նման վտանգի տակ են բոլոր հուշարձանները, որոնց շուրջ կամ մոտ ադրբեջանական կողմը կատարում է ճանապարհաշինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ: Նման կերպ վտնագված է Մոշխմհատ գյուղից ոչ հեռու գտնվող Թուխնակալ ապարանքը, Հեղինեի Քույր սրբատեղին, Մադաթաշեն գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, գերեզմանատունը և Ավետարանոց գյուղի կամուրջը (Ավետարանոցի հին կամուրջ - Monument Watch)։ Մեծ թաղեր գյուղի մոտ՝ Իշխանագետ գետի վրա կառուցված Տահիսի կամուրջը և այլն: Ավերվել է նաև Ազոխ գյուղի հայրենական մեծ պատերազմում զոհվածների, ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրը։
Սղնախ գյուղի հատվածում կառուցվում են ստորգետնյա մեծ թունելներ (https://www.youtube.com/watch?v=RSPsWr5Ftog): Ճանապարհա-շինարարական այդպիսի «խոչընդոտի» վերացման թարմ արդյունք է Սղնախ գյուղի գերեզմանոցի ավերումը։ Ոչնչացվել և հարթեցվել են Մեծ Թաղեր գյուղի հյուսիս-արևմտյան մեծ գերեզմանատան և «Մակուն» Կամուրջի տարածքները։
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների առաջինը շահագործման կհանձնվի «Հաղթանակի ճանապարհը», դա տեղի կունենա աշնանը (https://www.trend.az/business/transport/3451257.html):
Մեր արձագանքը
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջաններում հայկական պատմական բնակավայրերի ավերման, հարկ է հիշեցնել, որ ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Բացի դա, համաձայն 1954թ․-ի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։ Կողմերը պարտավորվում են նաև արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում ևս արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։