Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը
2023 թվականի մայիսի 30-ին միջազգային մամուլում շրջանառվող լուսանկարներից պարզ դարձավ, որ բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) Լաչին քաղաքից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը (նկ․ 1, 2)։
Համալիրը Լաչինի ազատագրական մարտերի ընթացքում զգալիորեն վնասվել էր, քանի որ գտնվում էր քաղաքի բարձրակետում (նկ. 3), և մարտական գործողությունների ժամանակ ենթարկվել է երկուստեք հրետակոծության: Նոր իրավիճակում՝ ազատագրումից հետո, երբ հուշահամալիրը գտնվում էր ավերակ վիճակում Քաշաթաղի վարչակազմը որոշում է ընդունում՝ հուշարձանի ճարտարապետական-ծավալային լուծումը թողնել նույնը, համալիրը կոչել «Փառքի համալիր» և նրա պատերին փորագրել Քաշաթաղի ազատագրման ժամանակ զոհված հայ ազատամարտիկների անունները (նկ. 4): Կարելի է վավերացնել, որ հուշարձանը վերափոխվել և վերանվանվել է նոր իրավիճակներին համապատասխան, ինչը հակասում է Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի առաջին և երկրորդ (1999 թվական) արձանագրություններին, Ճապոնիայում ընդունված Իսկության մասին Նարայի 1994 թվականի փաստաթղթի, 2003 թվականին ընդունված Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագրի դրույթներին:
Վերափոխված հուշահամալիրը վերաբացվել է 2002 թվականի մայիսի 18-ին, նախորդ բազալտե երեք կիսաշրջան պատերն ամրացվել են, առաջին պատում ագուցվել է խաչքար՝ «Ս[ուր]բ խ[ա]չս բ[ա]ր[ե]խ[ո]ս այս նահատակաց» գրությամբ, կենտրոնականում՝ կենաց ծառ՝ համադրված նռնաքանդակով, և երրորդ պատին ագուցվել է սալ՝ վարդյակ՝ համադրված թռչնաքանդակներով, նռան քանդակներով և խաղողի վազերով ու թփերով, որոնք ուղեկցվում են «Խաղաղութիւն ամենեցուն, Pax vobiscum» արձանագրությամբ (նկ․ 5, 6, 7): Հուշահամալիրի տարածքում կանգնեցվել է նաև երեք խաչքար՝ մեկը նվիրված է «Հատուկ գնդին» (8), երկրորդը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին (9) և երրորդը Վազգեն Սարգսյանին (10):
Հայկական կողմի՝ միջազգային մշակութապահպան կոնվենցիաների խախտումներով իրականացված փոփոխությունն Ադրբեջանն իսպառ վերացրեց՝ նույնպես խախտելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կոնվենցիաները:
Մեր արձագանքը
Լաչինի հուշահամալիրի ձևափոխումներն ու վերջնական ավերումը հայ-ադրբեջանական հակամարտության այն եզակի դրսևորումներից են, երբ երկու կողմերն էլ ցուցաբերել են անհանդուրժողականություն դեպի մշակութային ժառանգությունը:
“Monument Watch” թիմը ներկայացնում է գիտական չեզոք դիրքորոշում՝ քննադատելով ինչպես հայկական կողմին՝ հուշարձանի որոշ մանրամասներ ձևափոխելու համար, այնպես էլ ադրբեջանական իշխանություններին՝ այն ամբողջությամբ ոչնչացնելու և «արդարացումներ» գտնելու համար։ Մշակութային ժառանգության յուրաքանչյուր արժեք պետք է պահպանել իր իսկությամբ և բովանդակությամբ։ Այս սկզբունքը ամրագրված է միջազգային մշակութապահպան կառույցների բազմաթիվ կոնվենցիաներում և հռչակագրերում (Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիան իր առաջին և երկրորդ (1999 թվական) արձանագրություններով, Ճապոնիայում ընդունված Իսկության մասին Նարայի 1994 թվականի փաստաթուղթը, 2003 թվականին ընդունված Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիը և այլն)՝ որպես հիմնարար սկզբունք, որին պարտավոր է հետևել յուրաքանչյուր պետություն և իշխանություն։
Կոչ ենք անում երկու կողմերին էլ հավատարիմ մնալ մշակութային ժառանգության պահպանության միջազգային նորմերին և չգործել ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքով: