Ադրբեջանն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցներն օգտագործում է ռազմական նպատակով
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանի զինվորական և ոստիկանական զգալի ուժեր տեղափոխվեցին և տեղակայվեցին օկուպացված տարածքներում: Պաշտոնական տեսանյութերում, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ, այդ ուժերը տեղակայվում էին Արցախի պաշտպանության բանակի նախկին զորամասերում, սակայն ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը, հատկապես 2023 թվականի Արցախի ամբողջապես օկուպացվելուց հետո, թույլ է տալիս եզրակացնել, որ որպես ոստիկանական, զինվորական հենակետեր և կենտրոնատեղիներ են օգտագործվել օկուպացված Արցախի մի շարք բնակավայրերում գտնվող և նախքան 2020 թվականը կառուցված և հիմնանորոգված որոշ դպրոցների և հատկապես համայնքային կենտրոնների շենքերը: Արցախում նոր համայնքային կենտրոնների շինարարությունը նախաձեռնվել էր ավելի քան ութ տարի առաջ Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից (https://www.youtube.com/watch?v=gnArh2xaSZA):
2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, երբ պաշտպանության բանակի զինտեխնիկան ու զինաթերքը առգրավվեց և հանձնվեց Ադրբեջանին, դարանց մի մասը տեղակայվեց Շուշի քաղաքի՝ նախկին Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի բակում, որը, դատելով լուսանկարներից և տեսանյութերից, դարձել էր ադրբեջանական բանակի կառավարման կետերից մեկը օկուպացված Շուշիում (https://www.youtube.com/watch?v=pedhLD0aAoU):
Նման ճակատագրի է արժանացել Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի շենքը (https://www.youtube.com/watch?v=8u7oWJz2NfY), Մարտակերտի շրջանի Չափար գյուղի դպրոցի շենքը (https://www.youtube.com/watch?v=0FUpTVHmGPY): Այդպիսի կետերի են վերածվել Սառնաղբյուր, Ուխտաձոր գյուղերի համայնքային կենտրոնների շենքերը (https://www.youtube.com/watch?v=LiL4wpr2oP8): Գյուղական համայնքներում տեղակայված ռազմական նման կետերի պարագայում բարդ է ասել, թե դրանք որքան ժամանակ են գործել և գործելու: Այսպես, Ուխտաձոր գյուղում 2023 թվականին համայնքային կենտրոնի շենքն արդեն լքված էր, պատուհանները ջարդված, ինչը երևում է տեղում արված տեսանյութից (https://www.youtube.com/watch?v=t0_AbfjcJAQ):
Կարելի է փաստել, որ մշակութային և համայնքային կենտրոնների շենքերը, դպրոցները, եթե անգամ ռազմական նպատակով չեն կիրառվում, ապա դրանք ենթարկվել են վանդալիզմի, ինչի մասին են վկայում համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերը:
Մեր արձագանքը
Ռազմական մարտական դիրքի տեղակայումը քաղաքացիական ենթակառուցվածքներին մոտ կամ վերջիններիս՝ այդ թվում մշակութային ժառանգության, բարեգործությանը նվիրված կառույցների, կրթական կենտրոնների, դպրոցների և հիվանդանոցների օգտագործումը ռազմական նպատակով (ապաստարան, զինապահեստ, զինված խմբի կեցավայր), ըստ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության միջազգային կանոնակարգերի, անթույլատրելի է, քանզի էապես կարող է վնասել ժառանգության անձեռնմխելիությանը, որը ամրագրված է Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 9-րդ հոդվածով arlis.am/DocumentView.aspx?DocID=75856։
Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։