Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի

44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ ահա ադրբեջանցի հեռուստալրագրող Seadet Memmedova-ի  յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրություննում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի https://www.youtube.com/watch?app=desktop&v=0E6mp5Z_jUI&feature=youtu.be։ Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված  ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարևանությամբ կառուցված ամրոցը: Այնպես որ պատմա-մշակութային միջավայրը քյաբաբնոց դարձնելու պրակտիկան հին ավանդույթ է: Նկատենք, որ 2010 թվականից ի վեր՝ մինչև 44-օրյա պատերազմը ամրոցում տեղադրված էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, իսկ արքայական աղբյուրների պուրակի տարածքը բարեկարգվել և ծառայում էր որպես մշակութային միջացառումների հարթակ:

Մեր արձագանքը

Տիգրանակերտի արքայական պուրակը խորովածանոցի վերածելով, Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված  մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:  Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից։

Նկարներ.
Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը (նկ 1, 2) և հնագիտական թանգարանի սրահներից մեկը (նկ. 3) մինչև 44-օրյա պատերազմը: