Արմենակ Խանփերյանցի կիսանդրու և «ՄիԳ-17» կործանիչի ավերումը Մեծ Թաղերում
2021 թվականի օգոստոսի 20-ին «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ https://war.karabakhrecords.info» կայք էջը տարածեց տեղեկատվություն առ այն, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին:
Կայքը հավելում է նաև, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021 թվականի հուլիսին արված արբանյակային լուսանկարներից (նկ․ 2):
Հարկ է նշել, որ նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ մարշալի կիսանդրին և տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը (նկ․ 1, նկարի աղբյուրը՝ https://war.karabakhrecords.info/2021/08/20/in-artsakh-azerbaijanis-destroyed-the-statue-of-marshal-khudyakov/) կանգուն են: 2021 թվականի հուլիսի 18-ին Google Earth համակարգի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ պատերազմից հետո՝ նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված և դեն է նետված (նկ․ 2, նկարի աղբյուրը՝ Google Earth https://l.messenger.com/l.php?u=https%3A%2F%2Fwe.tl%2Ft-afRh6ze91x&h=AT3FAZdi2p4gsna-vgfA6gjD3mfmwSw927KHEqzugUHQILk5Z9BtLAIUDSOnRdsr5NTW1tmDEdD6VD_Mzf_ZEHtF4GTHZfSfhnLTGA3vpIFaYA6RBtsJzu8SzZAAHLgv7CPUiw ):
Հիշեցնենք, որ Արմենակ Խանփերյանցի կիսանդրու հեղինակը հայտնի քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է։ Այն գտնվում էր հենց մարշալի անվան թանգարանի առջև, որը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանի մասնաճյուղն է և հիմնադրվել է 1975 թվականին, իսկ մարշալի բրոնզե կիսանդրին տեղադրվել էր թանգարանի դիմաց 1980 թվականի մայիսի 9-ին՝ մարշալի ընտանիքի ներկայությամբ (նկ․ 3)։ Թանգարանի բակում տեղակայված «Միգ-17» կործանիչը թանգարան էր բերվել Գրոզնի քաղաքից 1985 թվականին: Ռազմական ինքնաթիռի գնդացիրներն օգտագործվել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ, իսկ ավելի վաղ՝ այն մասնակցել էր նաև Վիետնամի պատերազմին (նյութի աղբյուրը՝ https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/28206-2020-02-03-14-27-17
Մեր արձագանքը
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արմենակ Խամփերյանցի կիսանդրու և «Միգ-17» կործանիչի ավերման, հարկ է հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Այստեղ հստակ ընդգծվում է, որ «մշակութային արժեքը» կախված չէ դրա ծագման փաստի հետ, կապված չէ ժամանակային որևէ սահմանափակման հետ, բնույթի և ձևի հետ:
Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում ևս արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։