Արցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքը

Վերջին օրերին Արցախի մշակութային ժառանգությամբ անհանգստացած մի շարք գործիչներ և լրատվամիջոցներ ահազանգում են Արցախի Հանրապետության տարածքում արդեն մեկ շաբաթ բռնկված հրդեհների և դրանց հետևանքների մասին։ Հունիսի 29-ին Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով հրապարակվեց ահազանգ հրդեհի տարածքում շուրջ 100 հուշարձանների վտանգվածության վերաբերյալ։

Նկ. 1 Արցախի մշակույթի նախարարության ահազանգը:

Այս պահին հրդեհների վերաբերյալ հայտնի են միայն մի քանի ադրբեջանական կցկտուր հրապարակումներ և firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի առցանց քարտեզը։

Նկ. 2 Արցախի Հանրապետության տարածքի վերջին մեկ ամսվա հրդեհները, լուս․՝ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգից:

Արցախի Հանրապետության արևելյան հատվածներն ընդգրկող հրդեհները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում այս հատվածների մշակութային ողջ ժառանգության համար։ Չնայած, որ նշված տափաստանային հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, անկախության տարիներին այս հրդեհները մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում։

Նկ. 3 MonumentWatch նախաձեռնության կողմից մշտադիտարկվող հուշարձաններն ու հուլիս ամսվա հրդեհները:

Հաճախ էին հրդեհներ բռնկվում նաև Տիգրանակերտ հնավայրի շրջակայքում, այնուամենայնիվ, ըստ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի վերջին մեկ ամսվա հրդեհներից և ոչ մեկը չի ընդգրկել Տիգրանակերտի տարածքը։

Նկ. 4 Վերջին ամսվա հրդեհներն ու Տիգրանակերտ հնավայրը, լուս․՝ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգից:

Ի տարբերություն Տիգրանակերտի, հրդեհների տարբեր օջախներ են նշված Ամարասի վանքի տարածքում և շրջակայքում։ Ինչպես և մյուս հուշարձանների դեպքում, վանքի վնասվածության վերաբերյալ տեղեկություններ չկան։

Նկ․ 5 Վերջին ամսվա հրդեհներն ու Ամարասը, լուս․՝ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգից:

Բարեբախտաբար, ըստ միևնույն համակարգի, այսօր արդեն հրդեհների մեծ մասը մարվել են։ Այս պահին առկա են միայն մի քանի փոքր օջախներ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հատվածում։

Նկ․ 6 Արցախի Հանրապետության հրդեհային իրավիճակը և Թալիշ գյուղը, լուս․՝ firms.modaps.eosdis.nasa.gov համակարգից:

Այժմ հրդեհից վնասված հուշարձանների վերաբերյալ տեղեկություններ չկան։