«Արևմտյան Ադրբեջանը սեպագիր աղբյուրներում» սեմինարի մասին
2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Արևմտյան Ադրբեջանը սեպագիր աղբյուրներում» խորագրով սեմինար, որը կազմակերպել էր «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնը» (https://azertag.az/xeber/qerbi_azerbaycan_mixiyazili_menbelerde___seminar-3897431): Թեմային մեր ուշադրությունը հրավիրելու համար խորին շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանին:
Միջոցառման պաշտոնական բացմանը հնչեցված ելույթներում պաշտոնատար անձանց կողմից նշվեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ կատարվում են համակարգված գիտական հետազոտություններ, որոնք իրականացվում են Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների, ինչպես նաև նախագահի նախաձեռնությունների և հրահանգների հիման վրա: Համաձայն ելույթ ունեցող մասնակիցների՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հետազոտությունները հետապնդում են հետևյալ նպատակները.
- արխիվային և քարտեզագրական նյութերի ուսումնասիրություն և ներկայացում,
- «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգության գիտական հիմունքներով աշխարհին ներկայացում,
- «ազգային հիշողության» վերականգնում,
- «պատմական արդարության» վերականգնում,
- «պատմական ճշմարտության» աշխարհին ներկայացում:
Սեմինարի «ոչ սովարական» լինելը դիտարկելի է ելույթ ունեցող բանախոսների պաշտոններից և մասնակցող պետական ու գիտական կազմակերպություններից: Դրանք են Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիան, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնը», Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Բաքվի քաղաքագետների ակումբը և այլն:
Ըստ բանախոսների՝ «Արևմտյան Ադրբեջանի» սեպագիր աղբյուրները կարևոր դեր են խաղում, քանի որ «դեռևս հնագույն ժամանակներից հաստատում են ադրբեջանական տարածքների պատմական տեղը տարածաշրջանային գործընթացներում: Սեպագիր աղբյուրների վերլուծությունը ոչ միայն ապացուցում է, որ Արևմտյան Ադրբեջանի պատմությունը խոր արմատներ ունի, այլև անհերքելի գիտական ապացույցներ է տրամադրում տարածաշրջանում ադրբեջանցիների հնագույն էթնոմշակութային ներկայության մասին»: Այս կեղծ հակագիտական միտքը հնչեցրել է Ադրբեջանի Պատմության ինստիտուտի գիտաշխատող Ռամին Ալիզադեն, ով աչքի է ընկնում իր տարակուսելի գիտական գործունեությամբ, որի միակ նպատակը Հայաստանի պատմության կեղծումն է: Այս թեզերը նրա կողմից տարածվում են ոչ միայն գրքերի և հոդվածների, այլ նաև քարոզչական նպատակով տարածվող հաղորդումների, տեսանյութերի, հարցազրույցների տեսքով: Իր պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նրա գիտական գործունեությունը կապված է Հին Արևելքի պատմության, Ուրարտուի և Հարավային Կովկասի պատմության հնագույն շրջանների հետ (https://iremb.anas.az/users_profile/1807/7/ ):
Մասնակիցներից հակահայկական ելույթներով աչքի է ընկնում Հիքմեթ Բաբաօղլուն, ով Ադրբեջանի նախագահին առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի քաղաքագիտության և պատմության հանձնաժողովի անդամ է, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր (https://www.meclis.gov.az/news-dep.php?id=791&lang=ru): Բաբաօղլուն իշխող կուսակցության այն պատգամավորներից է, ով բարձրաձայնում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեման: Իր ելույթում Բաբաօղլուն նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» տարածքների մասին հղումները ամենահին պատմական աղբյուրներում «անհերքելի ապացույց են այդ հողերում ադրբեջանական ժողովրդի խորը պատմական արմատների»:
Բաքվի քաղաքագետների ակումբի ղեկավար Զաուր Մամեդովը առանձնահատուկ ընդգծել է, որ վերջին տարիներին Ադրբեջանում լայն հնարավորություններ են ստեղծվել «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող թեմաների հետազոտության և այս հարցում երկրի ակադեմիական ներուժը լիարժեքորեն ներգրավելու համար: Առանձնահատուկ ընդգծվեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ուղղված է նաև տարածաշրջանում արդարության և խաղաղության վերականգնմանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության տարածքի հնագույն հնագիտական և պատմական ժառանգության յուրացման, սեփական քարոզչական թեզերի ծիրում մեկնաբանման և նորովի ներկայացման ուղղությամբ:
Առաջին հերթին թիրախավորվել են Հայաստանի տարածքում փաստված սեպագիր արձանագրությունները և դրանցում տեղ գտած ինֆորմացիան: Փորձ է կատարվում յուրացնել և սեփական քարոզչության շրջանակում մեկնաբանել Հայաստանի և Հայաստանի տարածքի մասին օտարալեզու գրավոր աղբյուրները՝ աքքադական, խեթական, ասորական, պարսկական և այլն: Ելույթներից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը գործուն հիմքեր է ստեղծում ուրարտական մշակույթի յուրացման ուղղությամբ՝ հանդես գալով ուրարտական սեպագիր արձանագրությունների «նորովի» մեկնաբանման նախաձեռնություններով: Այս քայլերը տարակուսելի են, քանի որ Հայաստանի և Հայաստանի տարածքի մասին աքքադական, խեթական, ասորական, պարսկական, սեպագիր արձանագրությունները բազմիցս հրատարակվել և մեկնաբանվել են միջազգային գիտական հանրույթի կողմից: Նույնը կարելի է փաստել նաև ուրարտական գրավոր ժառանգության մասին: Ադրբեջանական կողմը փորձում է ակադեմիական գիտական ասպարեզում ստեղծել նոր գիտական հայեցակարգ, որով նոր մեկնաբանություն կտրվի Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը: Մեկ այլ մոտեցմամբ՝ ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձելու է հայկական ակադեմիական հետազոտությունները ներկայացնել որպես ազգայնական և ոչ օբյեկտիվ: Սա երևում է սեմինարի վերոնշյալ մասնակիցների հրատարակությունների հպանցիկ դիտարկումից:
Ադրբեջանական կողմը հնագույն գրավոր աղբյուրներում հիշատակվող տեղանունները, անձնանունները փորձում է կապել ադրբեջանցիների անվան և ծագման հետ, իսկ աղբյուրներում հիշատակվող հնագույն պետական կազմավորումները կապել ադրբեջանական պետության հետ:
Կարևոր է փաստել, որ այս հակագիտական քայլերի կատարման համար մոբիլիզացվել է ադրբեջանական գիտական հանրույթը, որը կատարում է Իլհամ Ալիևի հրահանգը: Սա բազմիցս շեշտել են ելույթ ունեցողները: Ոչ պակաս կարևոր է՝ հետապնդվող նպատակների թվարկումը:
Եվս մեկ անգամ փաստենք, որ նախքան 2020-2021 թվականները «Արևմտյան Ադրբեջանի» մասին գիտաժողովներ, սեմինարներ գրեթե չեն կազմակերպվել, այնինչ՝ ներկայումս դրանք կրում են պարբերաբար բնույթ: Ակնհայտ է այս հակագիտական ու ակնհայտ զավթողական թեմային միջազգային բնույթ տալու մղումը: