Գևորգավանի ռուսական եկեղեցու շուրջ
2021 թվականին Ադրբեջանը նկարահանել է ակնհայտ քարոզչական նշանակություն ունեցող ռուսալեզու վավերագրական ֆիլմ, որը հակահայկականությունը սկսում է դեռ վերնագրից՝ «Война армянских сепаратистов с храмами в Карабахе» վերնագրով https://www.youtube.com/watch?v=cyacJfkSEiA: Ֆիլմի հեղինակն է Ադրբեջանում ռուսական համայնքի ղեկավարի տեղակալ Անաստասիա Լավրինան: Ֆիլմը թարգմանվել է ֆրանսերեն, հունարեն, սերբերեն լեզուներով: 2022 թվականի հունիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Ադրբեջանի մշակութային կենտրոնի շենքում տեղի ունեցավ այդ ֆիլմի ցուցադրությունը https://www.youtube.com/watch?v=6gI8Al-1Hkk:
Ֆիլմի հիմնական քարոզչական թեզն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է թե' իսլամական, թե' ուղղափառ կրոնական ժառանգությունը: Որպես այս քարոզչական թեզի կենտրոնական օրինակ վերցվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան գյուղից 2 կմ հարավ-արևմուտք կիսավեր վիճակում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, որն ըստ ֆիլմի հեղինակի, ավերել են հայերը՝ չկարողանալով հայկականացնել այն: Ներկայումս Գևորգավանը օկուպացված է: Այս թեզով, ինչպես նշում է ֆիլմի հեղինակը, ադրբեջանական կողմը ցանկանում է ցուցադրել, որ հայերը անհանդուրժող էին անգամ քրիստոնեական հուշարձանների նկատմամբ:
19-րդ դարում Գևորգավանի տեղանքը կոչվում էր Կուրոպատկինո։ Այստեղ տեղակայված են եղել ռուսական զորամիավորումներ և եկեղեցին, որն իր ճարտարապետությամբ զորամասային տիպի էր, կառուցվել էր ռազմական կայազորի զինվորականության և նրանց ընտանիքների համար:
Առանձնակի զարմանք է առաջացնում այն միտքը, որ եկեղեցին ներկայացվում է անգամ որպես ռուս մոլոկանների ուխտագնացության կենտրոն, ինչն առհասարակ հակասում է մոլոկանների կրոնական հայացքներին, որոնք էականորեն տարբերվում են պաշտոնական Ռուս ուղղափառ եկեղեցու հայացքներից:
Խորհրդային տարիներին եկեղեցին գործածվում էր որպես գյուղատնտեսական պահեստ, ինչպես Խորհրդային միության տարածքում գտնվող հարյուրավոր կրոնական կառույցները:
Հետազոտող Շահեն Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հուշարձաններին նվիրված իր աշխատության մեջ թեև չի անդրադառնում եկեղեցուն, սակայն ներկայացնում է եկեղեցու լուսանկարը, որտեղ րևում է, որ այն կանգուն է, ծածկված է թիթեղյա տանիքով, երևում է նաև, որ որոշ պատուհաններ վնասված են (Մկրտչյան, 1985, լուս. 123):
Արդբեջանական քարոզչամեքենան այս ֆիլմում պնդում է, որ եկեղեցին 21-րդ դարի սկզբին ավերել են հայերը, սակայն որևէ փաստարկ չի բերում: Նկատենք, որ 1988-1992 թվականներին ամբողջ տարածքը տնօրինում էին ադրբեջանական զինված խմբավորումները, ովքեր տեղի հայ բնակչությանը դուրս էին հանել տարածքից՝ միաժամանակ կողոպտելով և ավերելով շրջակայքը: Եվ հուշարձանը տուժել է հենց այդ ժամանակ։ Այդ տարածքն ազատագրելուց հետո Արցախի իշխանությունները եկեղեցին ընդգրկել են հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում, կազմվել է նրա պահպանական գոտին, ահմանվել է մշտադիտարկում (նկ. Պահպանական գոտին)։ Իհարկե ֆիլմում այս փաստերի մասին ոչինչ չի ասվում։ Փոխարենը ներկայացվում է հնարած մի պատմություն, թե եկեղեցին՝ մոտակայքում տեղադրված Արցախի Պաշտպանության բանակի զինվորական վարժարաններից մեկի սաներն օգտագործել են որպես կրակային թիրախ, ինչի մասին, ըստ ֆիլմի հեղինակների, վկայում են եկեղեցու բազմաթիվ հրազենային հետքերը։
Ֆիլմում չի մոռացվել և ադրբեջանական պրոպագանդայի սիրած հերյուրանքը Շուշիի Կանաչ ժամ և Ղազանչեցոց եկեղեցիների մասին. որ դրանք Ռուսական ուղղափառ եկեղեցիներ են, որ հայերը դրանք հայկականացրել են, և որ Շուշիի «ազատագրումից» հետո տաճարները բերվելու են «ուղղափառ տեսքի»։
Զարմանք և տարակուսանք է առաջացնում Ռուս ուղղափառ եկեղեցու նման ներգրավվածությունը ադրբեջանական քարոզչամեքենային։ Այդ մասին են վկայում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի խոսքերն առ այն, որ Ադրբեջանում երբեք չեն եղել ազգամիջյան կոնֆլիկտներ և հատկապես չի եղել և չկա ոչ ազգային և ոչ էլ կրոնական անհանդուրժողականություն։
Այստեղ հարկ է մեջբերել «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածը և լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետը, որով արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։ Այս ամենով Ադրբեջանն ակնհայտորեն ոտնահարում է ժառանգության պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում։ Մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Այս ամենից բացի` 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։
Փոխելով քրիստոնեական կառույցների ինքնությունը, Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։ Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու ավանդույթը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։