Դադիվանքի մատուռի ցուցանակի ոչնչացման մասին
Սեպտեմբերի 3-ին Kарабах Сегодня տելեգրամյան ալիքը տարածեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի մի զինվորական մոտենալով Դադիվանքի կենտրոնական համալիրից քիչ հեռու գտնվող մատուռին, վերցնում է մատուռի ցուցանակը, մոտեցնում այն տեսանկարահանող անձին և ցուցադրաբար ջարդուփշուր անում։ Ցուցանակի վրա կար «Մատուռս վերանորոգվեց Տիար Ռալֆ Յիրիկյանի կողմից, 2017 թ․» գրությունը (նկ․ 1)։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանի անվտանգությունը և հայկական մշակութային արժեքների պաշտպանությունը դրվեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ավելին՝ ռուսական հենակետը գտնվում է մատուռից մի քանի մետր հեռու։
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ ցուցադրաբար ջարդում, տրորում, ոչնչացնում, անարգում և ծաղրի են ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը։ Սա Ադբեջանի հայատյաց քաղաքականության իրականացման հիմնական լծակներից մեկն է, որի առաջնային նպատակը հայերին հոգեբանական տրավմա պատճառելն է։
Մեր արձագանքը
Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ այդ, ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։