Հադրութի պատմական թաղամասի ավերումը զինված ադրբեջանցիների կողմից
Ուշադրություն!
Տեսանյութում առկա են հայհոյանքներ, երևում են հայ հերոսների դիակներ, որի հրապարակման համար մեր թիմը ներողություն է խնդրում իր հետևորդներից։
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին @bakinskiy_nord թելեգրամյան ալիքը մի քանի տեսանյութեր հրապարակեց, որոնցից մեկում տեսանելի են Արցախի Հադրութ քաղաքի պատմական թաղամասի ոչնչացված կադրեր․ այրված են պատմական փողոցի տները, ռմբակոծված թաղամասի տարբեր հատվածների կահ կարասին։ Տեսանյութը ամենայն հավանականությամբ նկարված է Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից անմիջապես հետո, քանզի երևում են թյուրքալեզու զինված զինվորականներ, ովքեր արհամրհանքով քայլում են հայ զինվորների դիակների մոտով և վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով շարունակում քայել իրենց իսկ կողմից ավերված քաղաքի փողոցներով։
Հավելենք, որ տեսանյութում երևացող քանդված, ավերված ու այրված տները Արցախի Հադրութի պատմական «Երե բազար» թաղամասի տներն են, որը որպես մշակութային ժառանգության եզակի պատմական դրսևորում, ներկայացված էր մշակութային արգելոցի կարգավիճակ ստանալու։ Հադրութի քաղաքապետարանն այս ուղղությամբ 2018-2019 թվականներին որոշակի քայլեր էր ձեռնարկել․ աշխատանքներ էին կատարվել արգելոցի սահմանների ճշտգրտման, շենքերի նախագծերի ուսումնասիրման և նախնական նյութերի պատրաստման հետ կապված։
Թաղամասն ավարտվում է երկու գերեզմանոցներով: Մեկը հին գերեզմանոցն է՝ Թաղասեռ գյուղ տանող ճանապարհի ներքևի հատվածում, մյուսը՝ Հադրութի նոր գերեզմանոցը:
Թաղամասի բնակելի տները հիմնականում 19-20-րդ դարի շինություններ են, որոնք կառուցված են հին տների հիմքի վրա։ Եկեղեցին, որը գտնվում է պատմական թաղամասում, Սուրբ Հարությունն է՝ 1621 թվականին կառուցված։ 44-օրյա պատերազմի առաջին մարտերը հենց այստեղ են սկսվել՝ վառելով թաղամասը և Սուրբ Հարություն եկեղեցու թաղը։
Նկար 1-ում երևում է Հադրութի պատմական թաղամասը մինչ ռազմական գործողությունները և ավերումը, իսկ տեսանյութում արդեն հստակ երևում է նույն փողոցն ու տները՝ ավերված վիճակում։ https://t.me/bakinskiy_nord/15674?single
Մեր արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Պատմական թաղամասի ոչնչացումով այն զրկվում է իր պատմականության, իր իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքներից, որոնք բխում են 1994 թ․ Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf և ՅՈՒՆԵՍԿՕ-յի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ), քանզի մշակութային արժեքներն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության կամ վստահելի լինելու աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը: