Քարագլուխ-Շիկաքարը հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկն է։ 9-րդ դարի սկզբին այստեղ արցախահայության հետագա քաղաքական ազատության հիմքերն է դրել հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանը։ Շիկաքարի ամրոցի իշխանի հռչակն այնքան մեծ էր, որ նրան հիշատակում են նաև ժամանակի արաբական աղբյուրները։ Նա Արցախի գավառներն ավերող Բաբեկի գերողն է, Եսայի իբն Մուսեի հետ Արցախյան քաղաքական հզոր կառույցի ստեղծողը՝ կառույց, որ գոյատևեց և պահպանեց արցախահայության գոյատևումն իր բնօրրանում մինչև նոր ժամանակները։
Շիկաքար-Քարագլուխն իր ռազմավարական դիրքով մնաց անսասան նաև Արցախյան ազատամարտի տարիներին։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Ստեփանակերտի դարպասները։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Խաչենագետի վերնահովիտը թշնամու առաջ։
Այսօր էլ Շիկաքարում, որպես անցյալ հերոսական կենսընթացի վկայություններ, պահպանվել են ընդարձակ ամրոցի պարիսպների առանձին հատվածներ, եկեղեցական կառույցներ, խաչքարերով ու տապանաքարերով հարուստ գերեզմանոցներ։
Վտանգի տակ է ոչ միայն կարևոր ստրատեգիական բարձունքը, այլև հայերի դարավոր ներկայությունը վկայող մշակութային ժառանգությունը։