ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում բարձրաձայնվեցին նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան ու դրա հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը Հայաստանում։ Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ «․․․ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս»։

Ներկայացնելով ադրբեջանական հարձակումներն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը տարածաշրջանում, վարչապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի մշակութային ժառանգության պահպանության վտանգներին և խնդիրներին, մասնավորապես նշելով․ «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգևոր-սոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։ ․․․Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով»։

«Արցախը պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով Մոսկվայում

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մոսկվայի հայկական եկեղեցում կայացավ «Արցախը  պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցում էին 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ, հնագետներ, մշակութաբաններ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Հեռավար զեկույցներով հանդես եկան նաև հայագետներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից: Գիտաժողովին մասնակցեցին նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (www.monumentwatch.org) ծրագրի թիմի անդամները, որոնք ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պատամության թանգարանը և որոնք հանդես եկան հետևյալ զեկուցումներով։

Համլետ Պետրոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հնագիտական հետազոտություններն Արցախում․ Աղվանական եկեղեցու ինստիտուցիոնալացման ժամանակի և բնույթի մասին նոր տվյալների լույսի ներքո»։

Լյուբա Կիրակոսյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր «Թաղածածկ դահլիճի հորինվածքը Արցախի ճարտարապետության մեջ»։

Նժդեհ Երանյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախյան տափաստանի մարդակերպ կոթողների էթնո-մշակութային պատկանելության հարցի շուրջ»։

Արմինե Գաբրիելյան, պատմական գիտությունների թեկնածու, «Կարասային թաղումները և էթնիկության խնդիրը աղվանա-հայկական շփման գոտում անտիկ շրջանում»։

Ռուբեն Հովսեփյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախի մշակութային ժառանգության հարձակումներն ադրբեջանական մեդիա հարթակներում»։

Հայկուհի Մուրադյան, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանի մշակութային քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։

Արմինե Տիգրանյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային համակարգը և ադրբեջանական վանդալիզմը»։

Անուշ Սաֆարյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի հայցորդ «Խաչքարեր․ Ադրբեջանի պետական քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.monumentwatch.org կայքում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ լույս տեսած Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» հետազոտության էլեկտրոնային տարբերակը չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, հասանելի է մեր կայքում։

Հետազոտությունը ներկայացնում է ադրբեջանական քաղաքականությունը խորհրդային և անկախության տարիներին՝ հատկապես շեշտադրելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած կրթա-մշակութային ժառանգության պահպանության վտանգները, մինչ օրս գրանցված վանդալիզմի դեպքերը և Արցախի Հանրապետության արդի մարտահրավերներն՝ ուղղված մշակութային ժառանգության պահպանությանը։

Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում ավարտվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը

Պայմանավորված 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությամբ, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (https://www.youtube.com/watch?v=nQ_-5POBB-Y) և բնակիչները տարհանվելու են, Արցախի իշխանությունները օգոստոսի սկզբին սկսեցին այդ բնակավայրերից մշակութային հուշարձանների տարհանումը: Օգոստոսի 25-ի դրությամբ տարհանվել են թվով 47 մշակութային հուշարձան այդ թվում խաչքարեր (նկ. 1-4), հուշաքարեր (նկ. 5-7), կիսանդրիներ (նկ. 8), հուշաղբյուրներ (նկ. 9-10):

Ցավոք, նման սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է եղել իրականացնել սբ. Համբարձման (Բերձոր, նկ. 11) և սբ. Նահատակաց (Աղավնո, նկ. 12) եկեղեցիների և Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամալիրի (նկ. 13) տարհանումը: Սակայն հնարավոր է եղել մասնակիորեն տարհանել Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտներ (մուտքի բարավորը (նկ. 14), արևելյան ճակատի արծվի քանդակը (նկ. 15), սուրբ սեղանը, մկրտարանի ավազանը, գլխավոր եկեղեցու և ռոտոնդայի խաչերը):

Ադրբեջանական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում է այս հուշարձանների տարհանումը, մեղադրանքներ են հնչեցվում սբ. Համբարձման եկեղեցին «թալանելու» վերաբերյալ (Telegram: Contact @KarabakhBulletin): Եթե թշնամին սպառնում է վերացնել, վերափոխել, ջնջել և պղծել «օկուպանտականը», եթե մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել նոր հուշարձանների հանդեպ Ադրբեջանի առանձնակի բարբարոս քաղաքականության դրսևորումներին (թվարկենք մի քանիսը՝ Մատաղիս գյուղի մատուռ ու շրջակայքի խաչքարեր, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարՋրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանՀադրութի Առաքել գյուղի խաչքարՄարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանՄեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցի և այլն), ցավոք, տարհանումը այդ հուշարձանները պղծումից և ավերումից փրկելու միակ ելքն է։

Նշենք, որ դեռևս 2021 թվականից ադրբեջանական սոցիալական հարթակներում շրջանառվում է Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպության» նախագիծը, որով առաջարկվում է Բերձոր քաղաքի սբ. Համբարձում եկեղեցին վերածել մզկիթի  https://t.me/MaidenTower/26638?fbclid=IwAR0t65MuvT8bKTfzmp-oiSl7s25_WQbthtfDx9QAV42OAWcXEg04LyNVe30:

Տարհանմանը աջակցելու և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանին։ Հատուկ շնորհակալություն Բերձորի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանին:

Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեի կոչը

Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեն հանդես է եկել հատուկ կոչով (https://us17.campaign-archive.com/?u=719696e03a73ee3361188422f&id=1e932c4790&fbclid=IwAR1JF5CqX0DV85zkvJktEm2N5SDB1pmyH9XEQEi4RLEe28YjzVurLIVIQjk), որտեղ մասնավորապես նշվում է․

«Հարգելիˊ գործընկերներ,

Բյուզանդական հետազոտությունների Հայ ազգային կոմիտեի անդամները դիմում են Բյուզանդական ուսումնասիրությունների միջազգային ընկերությանը (L'Association Internationale des Études Byzantines) և Ազգային բոլոր կոմիտեներին՝ իրենց համախոհությունը հայտնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վերջերս արված հայտարարությանը, որը միտված է պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքի պատմական հուշարձանները։ Հուսով ենք, որ մեր հայտարարությունը կարող է նպաստել այս տարածքում հնագույն և միջնադարյան հուշարձանների պահպանության մշտադիտարկմանը, որոնց մի մասը 2020 թվականի պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական հուշարձանների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ դեպքերի լույսի ներքո (տե՛ս մասնավորապես Նախիջևանի միջնադարյան հայկական գերեզմանոցի ավերումը), ինչպես նաև եկեղեցիների վրա հայերեն արձանագրությունները ջնջելու և հատկապես վերջին հայտարարությունները՝ արված ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնց նպատակն է «ստուգել» հին քրիստոնեական հուշարձանների իսկությունը և «մաքրել» դրանք Կովկասյան Աղվանքի հուշարձանների «հայկականացման» հետքերից, Լեռնային Ղարաբաղի հարուստ պատմական ժառանգությունը անմիջական վտանգի տակ է գտնվում։

Ուստի կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակույթի հազարամյա գոյության վկայությունների ոչնչացման դեմ։

Թող մեր ձայնը հնչի առնվազն նույնքան բարձր, որքան 2020 թվականին Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության դեմ է հնչել։

Հունիսի 1 2022 թ․»։

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թեˊ Բերձոր քաղաքը, թեˊ Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (https://www.youtube.com/watch?v=nQ_-5POBB-Y)։ Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել իրենց բնակավայրերը լքելու համար:

Նշենք, որ և՛ Աղավնոյում, և՛ Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գյուղ, այժմ տարհանվել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7),  Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում, նկ. 8), ինչպես նաև բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ (նկ. 9-11):

Ի՞նչ ճակատագիր է սպասվում տեղի մշակութային հուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։

Նման պայմաններում անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանություններն արդեն իսկ տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն իսկ տարհանվել են և տեղափոխվել ապահով վայրեր (նկ. 12, 13): Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ մոտ ապագայում պիտի տարհանվեն նաև Բերձորի և Աղավնոյի խաչքարերն ու հուշարձանները: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը hraparak.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք պատրաստվում են տեղափոխել նաև խաչքարերը (Խաչքարերը դուրս ենք բերելու, բա թողնենք վրաները միզե՞ն. Աղավնոյի գյուղապետ - Հրապարակ (hraparak.am)):

Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է:

Նշենք նաև, որ մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել նոր հուշարձանների հանդեպ ադրբեջանական առանձնակի բարբարոս քաղաքականության դրսևորումներին։ Դրա վառ օրինակներն են Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու և այլ հուշարձանների  ավերումներն ու հիմնատակ ոչնչացումը։

Կայացել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch: https://caucasusheritage.cornell.edu/) կայքի շնորհանդեսը

Քորնելի և Փերդյու համալսարանների հետազոտողները 2020 թվականի վերջին ստեղծել են «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch: https://caucasusheritage.cornell.edu/) հարթակը, որտեղ արբանյակային լուսանկարների օգնությամբ հետևում և վավերացնում են Ադրբեջանի հսկողության տակ անցած մշակութային ժառանգության վիճակը։ Խմբի գործունեությունը և կայքը միջազգային լայն ճանաչում են գտել։

Խմբի կազմակերպիչներ՝ հնագետներ Լորի Խաչատուրյանը և Ադամ Սմիթը ս. թ. հուլիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24) հայ ակադեմիական հանրույթին ներկայացրեցին նախաձեռնության ընթացքը և կայքի գործունեությունը։

Կայացել է Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» // www.monumentwatch.org կայքի շնորհանդեսը

2022 թվականի հուլիսի 6-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» // www.monumentwatch.org կայքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և  պատգամավոր Արմեն Սարգսյանը, մշակույթի պահպանությամբ զբաղվող կառույցների, համալսարանական և գիտական հանրույթի ներկայացուցիչները։ Գնահատանքի խոսք ասացին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Գրքերի բովանդակությունը, կայքի կառուցվածքը և գործունեությունը ներկայացրեցին Համլետ Պետրոսյանը, Նժդեհ Երանյանը և Հայկուհի Մուրադյանը։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2021 թվականի կրոնական ազատությունների հանձնաժողովի տարեկան զեկույցի անդրադարձը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ավերածություններին

2022 թվականի ապրիլ ամսին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի  կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցն Ադրբեջանում 2021 թվականին կրոնական ազատության պայմաններն ընդհանուր առմամբ գնահատել է բացասական միտումներով՝ դիտարկվող խնդրի շրջանակ ներառելով նաև Արցախում (Լեռնային Ղարաբաղ՝ ըստ փաստաթղթի)  կրոնական և մշակութային ժառանգության արժեքների պահպանության հարցերը (ավերածությունները, ոչնչացումներն ու պատմական փաստերի խեղաթյուրումը),   որոնք ավելի մտահոգիչ են դարձել  2020 թվականի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ  անցած տարածքներում (https://www.uscirf.gov/annual-reports):

Թեև ադրբեջանական մամուլը վերջին օրերին ջանք չի խնայում խեղաթյուրել զեկույցի ողջ բովանդակությունը՝ տարածելով ապատեղեկատվություն (https://www.youtube.com/watch?v=1fytAP6j4q4), այնուամենայնիվ, զեկույցի հրապարակված ինչպես հակիճ, այնպես էլ ամբողջական տեքստում մանրամասն նշված են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ավերածությունների և դրա շուրջ պետական քաղաքականության դրսևորումները, անդրադառնալով թե՛ պատմությանը, թե՛ մեր օրերին (https://www.state.gov/reports/2021-report-on-international-religious-freedom/azerbaijan/?fbclid=IwAR3CqfgrWvAeRTb62s_J8tWNW1u3I8s6v04AfFESUUgDSZfyjiWZitR67YY

Մասնավորապես, ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցի առանցքում Caucasus Heritage Watch-ի (https://caucasusheritage.cornell.edu/) արբանյակային պատկերների փաստագրումներն են, որոնք վկայում են հայկական երկու գերեզմանոցների, մզկիթի, մի քանի եկեղեցիների ավերումների մասին, որոնք թեև որպես միջազգային հանցագործութուն արդեն փաստագրված են (ԵԽԽՎ բանաձևեր, Հաագայի արդարադատության միջազգային դատարան), այնուամենայնիվ անպատժելի են հենց Ադրբեջանի կողմից։ Թեև Ադրբեջանի կառավարությունը 2020 թվականին հայտարարեց, որ երկու զինվորի մեղադրանք է առաջադրվելու հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու համար, սակայն իշխանությունները հրաժարվում են այդ դեպքերի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակել։ Զեկույցը փաստագրել է CHW-ի արբանյակային լուսանկարների հավաստմամբ  հունիս և սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումները և ներկայացրել, որ շինարարության պատճառով դրանք այսօր ևս գտնվում են վտանգի տակ։

Զեկույցն անդրադարձել է վերջին շրջանում միջազգային կարևոր ատյաններից հնչող եզակի նախադեպերին՝ կարևորելով թեˊ Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերյան որոշումը, որով հորդորվել էր Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ . . . եկեղեցիները և այլ պաշտամունքային վայրերը, …գերեզմանատները»,  և թե՛ ԵԽԽՎ  մի քանի բանաձևերին «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութան ոչնչացման հետ կապված»։ Զեկույցը մեջբերելով ԵԽԽՎ բանաձևի կարևոր հատվածները, վերահաստատել է դրանց նշանակությունը․ հատկապես․ «6-շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը, ինչպես նաև Շուշիի [Սուրբ Ամենափրկիչ տաճարի] միտումնավոր գնդակոծությունը և այլ եկեղեցիների ու գերեզմանատների ոչնչացումը կամ վնասումը հակամարտության ընթացքում և դրանից հետո»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2021 թվականի միջազգային կրոնական ազատության մասին զեկույցը որպես միջազգային եզակի նախադեպ առաջին անգամ փաստում է Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների շարունակական ոչնչացումը: Մասնավորապես, այն քննադատում է Արցախի քրիստոնեական ժառանգության, հայկական ինքնությունը ժխտելու Ադրբեջանի «աղվանականացման» քարոզչությունը։ Այս ամենի հետ կապված կազմակերպությունն առաջարկել է ԱՄՆ-ի կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրոնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար (https://www.state.gov/reports/2021-report-on-international-religious-freedom/azerbaijan/?fbclid=IwAR3CqfgrWvAeRTb62s_J8tWNW1u3I8s6v04AfFESUUgDSZfyjiWZitR67YY

Զեկույցը, դատապարտելով հայկական եկեղեցիներն աղվանականացնելու ադրբեջանական քաղաքականությունը, որպես օրինակ մեջբերել է  մայիսի 4-ին Ադրբեջանի  Արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որով  ադրբեջանական կողմից ֆինանսավորվող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերակառուցումը պետք է «համապատասխաներ բնօրինակ ճարտարապետական ​​ոճին», բայց արդյունքում պարզ դարձավ, որ տաճարը նույնպես վերագրվում է «աղվանական» ժառանգությանը։ Զեկույցը նշում է, որ հայկական կողմը համոզված է, որ նման հայտարարություններով փորձ է արվում թաքցնել եկեղեցու հայկական արմատներն ու կառուցվածքը, ներառյալ բնօրինակ գմբեթը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը մեղադրել է Ադրբեջանին ակտիվորեն «պատմական փաստերի կեղծման քաղաքականություն» իրականացնելու մեջ՝ երբ գրավյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության վայրերը հռչակում են  «կովկասյան-աղվանական»։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զեկույցում մտահոգություն է հայտնել նաև 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո հայ ուխտավորների՝ Դադիվանք այցելության հետ կապված խնդիրներին և փաստել, որ դժվարացել է հայ ուխտավորների այցը ամբողջ տարվա ընթացքում, իսկ փետրվար և ապրիլ ամիսներին ուխտավորների երկու խմբերին արգելվել է մուտք գործել վանք։

Հատկապես ուշագավ է այն, որ զեկույցն անդրադարձել է ոչ միայն պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային արժեքների ոչնչացման դեպքերին, այլև ներկայացրել Նախիջևանի ոչնչացումները։

Հունիսին The Art Newspaper-ը հրապարակեց մի զեկույց՝ օգտագործելով արբանյակային պատկերներ, որոնք մանրամասնում էին Նախիջևանի Ագուլիսի միջնադարյան հայկական եկեղեցիների ավերածությունների մասին: Եկեղեցիները առկա են եղել  1977 թվականին արված  նկարներում, սակայն բացակայում էին 2016 և 2019 թվականների պատկերներում: Դրանցից են Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Թովման,  Սուրբ Քրիստափորը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Աստվածածնի Մեծ Անապատը և Սուրբ Հակոբ Հայրապետը։

The Art Newspaper-ը նաև պատմել է Նախիջևանի ողջ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման մասին, որը ժամանակին ներառում էր 89 եկեղեցի, 5840 խաչքար և ավելի քան 22000 տապանաքար՝ անկախ հետազոտող Արգամ Այվազյանի կողմից հավաքված 1964-87 թթ. փաստաթղթերի համաձայն:

Հանդիպում «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահիմնադիր, Կոռնելի համալսարանի դասախոս Լորի Խաչադուրյանի հետ

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը սույն թվականի մայիսի 26-ին հյուրընկալեց «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահիմնադիր, Կոռնելի համալսարանի դասախոս Լորի Խաչադուրյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, https://caucasusheritage.cornell.edu/ և www.monumentwatch.org կայքերի աշխատանքների ընթացքը։

Պարզաբանում՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» մի տարածված մեկնաբանության մասին

Վերջերս հայկական և միջազգային մեդիահարթակներում լայնորեն շրջանառվում է մի տեղեկատվություն, համաձայն որի «Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր» (https://artsakhpress.am/arm/news/162980/?fbclid=IwAR0ttW6RaZfmoGqv8W4qvPOeikNx6iN5RoBjYU2ESTEZp6CBUw41RgfeKIY)։ Սակայն այն չի համապատասխանում իրականությանը։

Իրականում ՄԱԿ-ի Հաագայի (Նիդեռլանդներ) արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացրել  է Ադրբեջանի դեմ  Հայաստանի հայցի հիման վրա կայացրած իր որոշումը՝   ՄԱԿ-ի  կողմից 1965 թվականին ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիայի» խախտումների վերաբերյալ, որը ներառում էր ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքը։  Դատարանի վճիռը կազմված է 3 կետից, որը կայացրել են 15 դատավորներ՝ ձայներով տասնչորս կողմ՝ մեկ դեմ՝ համամասնությամբ, որոնցից ոչ մեկում չի նշվում մամուլում շրջանառվող մեկնաբանությունը․

  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձաց դեմ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնական և հասարակական կազմակերպությունների կողմից․ https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf,
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով. https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf
  • Բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի բախման արդյունքում գերեվարված բոլոր անձանց և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև։

Ավելին, թեև «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված է «ժառանգության տարածք մուտք գործելու և այն  վայելելու իրավունքի» իրականացման ձևակերպումը, որը չպետք է տեղի ունենա ռասսայական խտրականության հիման վրա, այնումանայնիվ, դատարանի որոշմամբ հայկական ուխտագնացությունները, այսինքն ժառանգության տարածք մուտքի իրավունքի թույլտվության  հրատապ հրաման չի տրվել https://foreignpolicy.com/2022/01/13/armenia-azerbaijan-nagorno-karabakh-cultural-desecration-is-racial-discrimination/: Իսկ միջանկյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը դատարանի գնահատմամբ կապված է հայկական  մշակութային ժառանգությունը  անդարձ վնասների ենթարկվելու մտավախության և վեճի սրման փաստի հետ։

Դատարանի որոշման կարևորությունն  արտահայտված է հիմնականում հետևյալ կետերում․

  • Դեկտեմբերի 7-ի որոշումը միջազգային առաջին և ամենաարդյունավետ գործիքն է, որով Ադրբեջանին հորդորվել է կանխել պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությանը հասցված ցանկացած վնաս,
  • մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը կապվել է ռասայական խտրականության հետ և ընդլայնել վտանգված ժառանգությունը պաշտպանելու միջազգային հնարավորությունները,
  • այն ուղերձ է ազգային պետություններին (Ադրբեջանին), որ ինքնիշխանությունը չի արտոնում կառավարությանը ոչնչացնել մշակութային ժառանգությունը՝ դրանով իսկ ստեղծելով նմանօրինակ արատավոր վարքագծի դեմ պայքարի նոր ճանապարհ https://foreignpolicy.com/2022/01/13/armenia-azerbaijan-nagorno-karabakh-cultural-desecration-is-racial-discrimination/:

Հաագայի դատարանի որոշման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch ։

 

https://monumentwatch.org/  ակադեմիական հարթակի խումբ։

 

Համլետ Պետրոսյան, Նժդեհ Երանյան․ «Արցախի կոթողային մշակույթը»

Ուրախ ենք տեղեկացնել, որ լույս է տեսել Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտությունը։ Գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։ Մանրամասնվում  և պատճառաբանվում են այդ կոթողների էթնոդավանական պատականելության խնդիրները։ Ներկայացվում և փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։ Հետազոտությունը լույս է տեսել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ:

Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան․ «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում»

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ լույս է տեսել Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» հետազոտությունը։ Այս ներածական քննությունը ներկայացնում է ադրբեջանական քաղաքականությունը խորհրդային և անկախության տարիներին՝ հատկապես շեշտադրելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած կրթա-մշակութային ժառանգության պահպանության վտանգները, մինչ օրս գրանցված վանդալիզմի դեպքերը և Արցախի Հանրապետության արդի մարտահրավերներն՝ ուղղված մշակութային ժառանգության պահպանությանը։ Աշխատանքը լույս է տեսել հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։

Սիրով տեղեկացնում ենք նաև, որ մոտակա օրերին լույս կտեսնի Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտությունը։

Հատուկ շնորհակալություն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմին՝ տպագրական աշխատանքներին աջակցելու համար։

Համլետ Պետրոսյան․ Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում (հոդված https://gfbv-voices.org/ կայքում)

«Հասարակություն վտանգի տակ գտնվող ժողովուրդների համար» (Gesellschaft für bedrohte Völker /GfbV) մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է ՄԱԿ-ում, որն ունի խորհրդատվական կարգավիճակ։ Այն հիմնվել է 1968 թվականին որպես ցեղասպանության կանխարգելմանը միտված կազմակերպություն։ Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների պահպանությանը վերաբերող և պաշտպանության խնդիրները հանրայնացնող առցանց հարթակ է։ Խմբագրության առաջարկով 2022 թվականի մարտի 3-ին հրապարակվել է Համլետ Պետրոսյանի հոդվածը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության ադրբեջանական բռնայուրացմանը։ https://gfbv-voices.org/das-kulturerbe-von-arzach-unter-beschuss-was-tun/:

Հանդիպում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ

Այսօր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության թիմը հյուրընկալեց Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց https://monumentwatch.org/ կայքը, քննարկվեցին համագործակցության հեռանկարները։

Եվրախորհրդարանի սույն թվականի մարտի 9-ին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին (2022/2582(RSP) բանաձևի ամբողջական տեքստը

Եվրոպական խորհրդարանը,

– հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

– հաշվի առնելով 2006 թվականի փետրվարի 16-ի Ադրբեջանում մշակութային ժառանգության վերաբերյալ իր բանաձևը https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-6-2006-0069_EN.html,

– հաշվի առնելով 2022 թվականի փետրվարի 17-ի համընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության իրականացման մասին իր որոշումը՝ 2021 թվականի  տարեկան զեկույցը, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2022-0039_EN.html,

– հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահի, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցողի և Ադրբեջանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցողի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի  դեկտեմբերի 7-ի որոշման հետ կապված  համատեղ հայտարարությունը https://www.europarl.europa.eu/delegations/en/dsca/documents/communiques,

-հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Եվրոպական հանձնաժողովի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ զեկույցները (ECRI) https://rm.coe.int/leaflet-ecri-2019/168094b101,

– հաշվի առնելով Հանձնաժողովի և Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցչի 2020 թվականի մարտի 18-ի «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ հաղորդագրությունը https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/system/files/2020-03/joint_communication_on_the_eap_policy_beyond_2020.pdf,

– հաշվի առնելով Արևելյան գործընկերության երկրների տնտեսական և ներդրումային ծրագիրը,

– հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությունը, որը վերահաստատում է տարածաշրջանում պատմական և մշակութային վայրերի պաշտպանության կարևորությունը https://reliefweb.int/report/armenia/statement-co-chairs-osce-minsk-group-11-november-2021 ,

– հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները,

– հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 21-ի ԵՄ Խորհրդի եզրակացությունները հակամարտություններում և ճգնաժամերում մշակութային ժառանգության նկատմամբ մոտեցման վերաբերյալ https://data.consilium.europa.eu/doc/document/ST-9837-2021-INIT/en/pdf ,

– հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի նոյեմբերի 16-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան,

– հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին հռչակագիրը»,

– հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը»,

– հաշվի առնելով «Եվրոպական մշակութային կոնվենցիան», վերանայված «Հնագիտական ​​ժառանգության պաշտպանության եվրոպական կոնվենցիան» և «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան», որոնց կողմ են Հայաստանը և Ադրբեջանը,

– հաշվի առնելով 1954 թվականի Հաագայի կոնվենցիան «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին», որին կողմ են Հայաստանը և Ադրբեջանը, և դրա Արձանագրությունը, որը կիրառելի է օկուպացված տարածքների նկատմամբ, և մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության մասին 1999 թվականի երկրորդ արձանագրությունը, որն արգելում է «մշակութային արժեքների ցանկացած փոփոխություն կամ օգտագործման փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային, պատմական կամ գիտական ​​ապացույցները» (1999թ․, Հաագայի երկրորդ արձանագրություն, 9-րդ հոդված),

– հաշվի առնելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»,

– հաշվի առնելով 1965 թվականի դեկտեմբերի 21-ի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան»,

– հաշվի առնելով Եվրոպական Խորհրդարանի Կանոնակարգի 144(5) և 132(4) կանոնները,

  1. քանի որ մշակութային, կրոնական կամ ազգային ժառանգության ցանկացած հուշարձանի կամ օբյեկտի ոչնչացումը կամ պղծումը խախտում է Եվրոպական միության սկզբունքները,
  2. հաշվի առնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, նկատի ունենալով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը,  մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծման, ինչպես նաև ավերման, գործառույթի փոփոխության կամ հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատներին հասցված վնասը, ինչպիսիք են Մեխակավանի  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցին. նկատի ունենալով, որ նախագահ Ալիևը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցելության ժամանակ «խոստացել է» հեռացնել դրա հայերեն արձանագրությունները,
  1. մինչդեռ, ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին հռչակագրում, մշակութային ժառանգությունը համայնքների, խմբերի և անհատների մշակութային ինքնության և սոցիալական համախմբման կարևոր բաղադրիչ է, այնպես որ դրա միտումնավոր ոչնչացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու արժանապատվության և մարդու իրավունքների վրա,
  2. քանի որ մշակութային ժառանգության վայրերի, արտեֆակտների և արժեքների ոչնչացումը հրահրում է հասարակությունների միջև ռազմական գործողությունների, խթանում է փոխադարձ ատելությունն ու  դրդում  ռասայական նախապաշարմունքների,
  3. հաշվի առնելով, որ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը, ներառյալ նրանց մշակութային ժառանգության պաշտպանությունը, Եվրոպական հարևանության քաղաքականության (European Neighbourhood Policy) մի մասն է և քանի որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը նպատակ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերություն հաստատել ընդհանուր արժեքների հիման վրա,
  4. հաշվի առնելով, որ վերջին զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ամբողջական հրադադարի մասին համաձայնագրից հետո, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 10-ին,
  5. հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ եկեղեցիներ, մզկիթներ, խաչքարեր և գերեզմանոցներ,
  6. հաշվի առնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը իր հրամանում նշել է, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով,  գերեզմանոցներով և արտեֆակտներով, հաշվի առնելով, որ Դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայաան ատելության հրահրումը և խթանումը», նկատի ունենալով, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին կարգադրել է «պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են 2020 թվականի հակամարտության պատճառով և շարունակում են մնալ կալանքի տակ», քանի որ դատարանը  իր որոշումներում նշել է, որ «երկու կողմերն էլ պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել վեճը և Դատարանի համար  ավելի դժվարացնել դրա լուծումը»,
  1. Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերահաստատել է երկրների պարտավորությունը պաշտպանել մշակութային ժառանգությունը՝ համաձայն 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին և առաջարկել է անկախ փորձագիտական ​​առաքելություն իրականացնել՝ մշակութային նշանակալի արժեքների նախնական գույքագրում՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանությանն ուղղված առաջին քայլ.
  2.  հաշվի առնելով, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը առանցքային դեր ունի կայուն խաղաղության հաստատման գործում՝ խթանելով հանդուրժողականությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը և փոխըմբռնումը, ինչպես նաև ժողովրդավարությունը և կայուն զարգացումը,
  3. քանի որ մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական և գիտական ​​նշանակություն ունեն և պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, վատթարացումից և ոչնչացումից. քանի որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության և մարդկության ընդհանուր ժառանգության մաս են կազմում.
  4.  հաշվի առնելով, որ Արդարադատության միջազգային դատարանի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների և պատմական հուշարձանների ավերմանը Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ.
  5. հաշվի առնելով, որ երկարատև հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում է իրականացվել Ադրբեջանի կողմից, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 խաչքարեր, նկատի ունենալով, որ դա տեղի է ունեցել նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին վերադարձված նախկին հակամարտությունների շրջաններում, մասնավորապես՝ Աղդամի և Ֆուզուլիի գրեթե ամբողջական ավերումն ու թալանումը.
  6. հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը հանգեցրեց նրան, որ ադրբեջանական մշակութային ժառանգությունը վնասվեց կամ ավերվեց, այդ թվում՝ տարածաշրջանում ադրբեջանցի տեղահանվածների թողած մշակութային և կրոնական վայրերի մշակութային հետքերը հեռացնելու համար օգտագործվել են որպես անասնագոմեր, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը կատարվում է ոչ միայն այն վնասելու և ոչնչացնելու, այլև պատմության կեղծման և այսպես կոչված կովկասյան ալբանական ներկայացնելու փորձերի միջոցով,  քանի որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարեց աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պատասխանատու է  լինելու «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա գրված հորինված արձանագրությունները» վերացնելու համար,
  1. խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը.
  2. ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է հայատյացության համակարգված, պետական ​​մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող, ներառյալ անմարդկային վերաբերմունքը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջատիրությունը Հայաստանի Հանրապետության դեմ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգության պահպանմանը Հարավային Կովկասում,
  3. շեշտում է, որ մշակութային ժառանգությունն ունի համամարդկային նշանակություն՝ որպես ժողովրդի ինքնությունից անբաժանելի պատմության վկայություն, որը միջազգային հանրությունը պետք է պաշտպանի և պահպանի ապագա սերունդների համար ընդգծում է տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության կարևորությունը. կոչ է անում բոլոր պետություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունը, և խիստ մտահոգվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունները հանգեցրել են ընդհանուր մշակութային ժառանգության ոչնչացմանը, թալանին և կողոպուտին, ինչը ծնել  է հետագա անվստահություն ու թշնամանքը,
  1. հիշեցնում է, մշակութային կամ կրոնական ժառանգության խեղաթյուրումն ու ոչնչացումը հակասում են Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, ինչպես նաև խորհրդարանի 2020 թվականի մայիսի 20-ի որոշմանը,
  2. ճանաչում է, որ մշակութային ժառանգությունը հանդիսանում է ժողովուրդների մշակույթի և ինքնության եզակի և կարևոր վկայություն, և որ մշակութային ժառանգության դեգրադացումը և ոչնչացումը, լինի նյութական, թե ոչ նյութական, կորուստ է թեˊ տուժած համայնքների, և թեˊ ողջ միջազգային հանրության համար,
  3. ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի առաջմղման գործում՝ որպես մարդկանց ավելի մոտեցնելու և երկխոսությունը խթանելու գործիք.
  4. ողջունում է անկախ փորձագիտական ​​առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը և կոչ է անում այն ​​ուղարկել անհապաղ. ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է անարգել մուտք տա մշակութային ժառանգության օբյեկտներ, որպեսզի առաքելությունը տեղում գույքագրի և տեսնի, թե ինչ է պատահել այդ վայրերին,
  5. խստորեն պնդում է, որ Ադրբեջանը հնարավորություն պետք է տա ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք ունենալ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող ժառանգության վայրերը, որպեսզի կարողանա շարունակել դրանց գույքագրումը, իսկ Ադրբեջանը՝ պարտավորվում է ապահովել դրանց պաշտպանությունը. Եվրոխորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ հայկական ժառանգության օբյեկտների վրա որևէ միջամտություն տեղի չունենա մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելությունն այցելի տարածաշրջան, և որ հայ և միջազգային մշակութային ժառանգության փորձագետների հետ խորհրդակցեն նախքան հայկական մշակութային ժառանգության օբյեկտների վրա կատարված միջամտությունները և սերտորեն ներգրավվեն նրանց աշխատանքներում, կոչ է անում ամբողջությամբ վերականգնել հայկական  քանդված կամ վնասված ժառանգության վայրերը և հրավիրել միջազգային հանրության, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի մեծ ներգրավվածությունը տարածաշրջանում գտնվող համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանության գործում,
  1. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ կիրառելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը (խրախուսում է բոլոր նախաձեռնությունները, ներառյալ մասնավորները, որոնք կօգնեն պահպանել այս ժառանգությունը և առաջարկում է օգտագործել ԵՄ արբանյակային կենտրոնի հնարավորությունները՝ (SatCen) արբանյակային պատկերներ տրամադրելու համար՝ օգնելու որոշել տարածաշրջանում վտանգված ժառանգության արտաքին վիճակը,
  2. շեշտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների կարգավորման համար պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը ավելի լայն շրջանակում մոտենալու անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանմանը։ Այս համատեքստում Ադրբեջանին կոչ է անում հրաժարվել իր մաքսիմալիստական ​​նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և տարածքային պահանջներից Հայաստանի նկատմամբ և բարեխղճորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում,
  1. ընդգծում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի Միջազգային որոշման մեջ նշված միջոցները պետք է ձեռնարկվեն անհապաղ, ընդգծում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ մեծ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
  1. կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Միջազգային դատարանի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը՝ մասնավորապես «զերծ մնալով հայ հանրույթին ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ հայկական պատմական մշակութային ներկայությունը տարածաշրջանից վերացնելուց կամ հայերի մուտքն իրենց իսկ ստեղծած ժառանգության վայրերում արգելելուց,  և վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական ժառանգության առարկաները, շինությունները և վայրերը, ընդգծում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ լուծվի միջազգային հանրության կողմից,
  1. կրկնում է ԵՄ-ին ուղղված իր կոչը՝ իր գործողությունների ծրագրերում ներառել հնագիտական ​​և պատմական վայրերի պաշտպանության մասին դրույթ, որոնք առաջնորդում են ԵՄ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընկերությունը, որոնք երկուսն էլ մասնակցում են Եվրոպական հարևանության քաղաքականությանը,
  2. շեշտում է, որ փոքրամասնությունների իրավունքների հարգումը, ներառյալ պատմական, կրոնական և մշակութային ժառանգությունը, կարևոր նախապայման են Եվրոպական հարևանության քաղաքականության արդյունավետ իրականացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմական իրավիճակի վերականգնման, իրական հաշտեցման և բարիդրացիական հարաբերությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման համար,
  3. կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ միջազգային հանրության աջակցությամբ, արդյունավետ հետաքննություն սկսել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների վերաբերյալ, ներառյալ մշակութային ժառանգության պաշտպանության խաթարման դեպքերը,
  4. կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին շարունակել աջակցել մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանն ուղղված միջազգային կազմակերպությունների աշխատանքներին,
  5. կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրման գործունեությանը,
  6. կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին աջակցել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը,
  7. կոչ է անում ԵՄ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին համատեղ խրախուսել և աջակցել մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին,
  8. կոչ է անում հանձնաժողովին օգտագործել բոլոր առկա լծակները Լեռնային Ղարաբաղում վանդալիզմի, մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման գործողությունները կանխելու համար,
  9. ընդգծում է, որ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը էական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը դնելու համար,
  10. հանձնարարում է իր նախագահին սույն որոշումը փոխանցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին / Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցչին, խորհրդին, հանձնաժողովին, կառավարությանը և Հայաստանի և Ադրբեջան նախագահներին, կառավարությանը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ՝ 635 կողմ, 2 դեմ, 42 ձեռնպահ, ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ, քննադատելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Նյութի աղբյուրը՝ JOINT MOTION FOR A RESOLUTION on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh (europa.eu)։

Քառակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Ադրբեջան և Հայաստան

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, սույն թվականի  փետրվարի-4-ին   տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Տեսազանգին հումանիտար խնդիրների լուծման օրակարգով մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։  Հանդիպմանը, ի թիվս առկա մարդասիրական խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, սահմանազատման հարցերի, քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկման հարցը Ադրբեջանում և Հայաստանում,։ Քննարկման արդյունքում  որոշվել է առաքելություն ուղարկել երկու երկրներ ՝ մոնիտորինգի ենթարկելու մշակութային ժառանգության առկա վիճակը և ուսումնասիրելու ինչպես Ադրբեջանում և Արցախի Հանրապետությունում հայկական, այնպես էլ Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչցումները։ https://www.primeminister.am/en/press-release/item/2022/02/04/Nikol-Pashinyan-video-conference/:

Եվրախորհրդարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին բանաձեւ է ընդունել

2021 թվականի մայիսի 20-ին Եվրախորհրդարանը  607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հայ ռազմագերիների մասին բանաձեւը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հակամարտության ընթացքում կամ դրանից հետո կալանավորված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ի թիվս այլ կետերի, որոնք  վերաբերում են հակամարտող կողմերի միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու իրենց պարտավորությանը, որն արգելում է խոշտանգումները և արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի ցանկացած դրսևորում, բանաձևի 16-րդ կետը խստորեն դատապարտում է  Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացնող ցանկացած գործողություն և կոչ է անում թե Ադրբեջանին և թե Հայաստանին ամբողջությամբ վերականգնել վնասված կամ քանդված վայրերը և  համաշխարհային ժառանգության պահպանության համար տարածաշրջանում ապահովել միջազգային առավել մեծ ներգրավվածություն։ Ի հավելումն նշվածի, Եվրախորհրդարանը կոչ է անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ժառանգության ցանկացած ոչնչացումից թե Հայաստանի և թե Ադրբեջանի տարածքում։ Բացի դա, բանաձևն անդրադառնում է նաև տարածաշրջանային կոնտեքստում խաղաղության պահպանությանն ու մարդու իրավունքների հարգմանը։ https://www.1lurer.am/en/2021/05/20/European-Parliament-has-adopted-a-resolution-on-the-release-of-Armenian-prisoners-of-war/478967

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը, առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ՄԱԿ-ի Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի կոնվենցիաի կետերով։ Սույն որոշման հիմքում նաև Human Rights Watch-ի 2021 թվականի մարտի 19-ի զեկույցն է։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրախորհրդարանի կողմից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին բանաձեւի ընդունման իրողությունը և ի թիվս այլ կետերի, որոնք վերաբերվում են նրանց հայրենադարձմանը, նշել է  նաև Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության Եվրախորհրդարանի հորդորի և արցախահայերի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2021/05/22/arm_eu_az/10966 ։

Հանդիպում Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ

Այսօր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության թիմը հյուրընկալեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց https://monumentwatch.org/ կայքը, քննարկվեցին համագործակցության հեռանկարները։