Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման և վանքին է նվիրում չորս տուն շինական, որի դիմաց վանքի առաջնորդ Գրիգորիսը և միաբանները սուրբ Գրիգորի տոնին բոլոր եկեղեցիներում նրա համար պատարագ են սահմանում. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։
Հասանը, Դոփը, Գրիգորը, Գրիգորիսը Վերին Խաչենի հայկական իշխանական տան ներկայացուցիչներն են, նրանք խոսում և գրում են հայերեն և իրենց վանքն ու եկեղեցին էլ ունեն նույն սրբերն ու տոները՝ ինչ Հայ առաքելական եկեղեցին: Ադրբեջանական պրոպագանդան ասում է՝ փաստերը կարևոր չեն, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: Եվ այդ անհեթեթությունը կրկնում են կիսագրագետ ու ծախու եվրոպական որոշ գրչակներ: