Մանրամասներ. Սնպատի և Կատայի խաչքարը, 1253 թ.։ Քարագլուխ-Շիկաքար, Արցախ։

Արձանագրությունը փորագրված է խաչքարի թիկունքին. «Թի[վն] ։ՉԲ։ (1253 թ.)։ Իշխանո/ւթի[ւն] Հասանա/յ, ես՝ Սնպատ եւ/ եղբարք իմ կա/նկեցի զխաչս/ բարէխաւս ա/ռ Ք[րիստո]ս ինձ եւ ամ/ուսին իմոյ Կատ/ային, զոր ետ պա/րոն մեզ հայրեն/իք եւ գերեզմա/նայտեղ։ Ք[րիստո]ս/ աւգնէ իւ/ր որդեա/ցն, ամ/են» (տե՛ս Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս. Բարխուդարյան, Եր., 1982, էջ 140)։

Արձանագրության մեջ հիշատակված Հասանը՝ Խաչենի տիրակալ Հասան Ջալալն է, որն ունեցել մեկ ուստր և երեք դուստր։ Տվյալ դեպքում որդիների տակ պիտի հասկանալ նրա զավակներին՝ անկախ սեռից։

Պատկերաքանդակը ներկայացնում է Սնպատին, կնոջը՝ Կատային և զավակին՝ խնջույքի սեղանի շուրջ։ Ընտանեկան խնջույքն Արցախի խաչքարային պատկերաքանդակի տարածված թեմաներից էր։

Նկ․ 1

Նկ․ 2

Նկ․ 3