Հնագիտական գտածոների մեջ քիչ չեն այն անոթները, որոնց կառուցվածքը թեև սերտորեն կապ ունի գործառույթի հետ, բայց տնտեսական կենցաղի մասին մանրամասն տեղեկություններ չունեցողներին երբեմն դրանք «տարօրինակ» են թվում:
Դրանց թվին են պատկանում և ծորակավոր կաթնամանները:
Ընդհանրապես կաթը մշակելու համար կիրառում էին լայնաբերան կճուճները՝ դրանք տարողունակ էին, լայն բերանը հնարավորություն էր տալիս հեշտությամբ լցնել կաթը, սառեցնելու կամ եռացնելու դեպքում՝ հեշտությամբ հավաքել մակերեսին հավաքվող սերուցքը կամ սերը: Այսինքն, լայն բերանը կարծեք թե հնարավորություն է տալիս կաթնամշակման ողջ գործընթացին հետևել լայն բերանի օգնությամբ: Այդ դեպքում տարօրինակ է թվում և բերանից բավականին ներքև տեղադրված ծորակը: Ինչի՞ համար է այն: Բանն այն է, որ կաթի մշակման արդյունքում կճուճի պարունակությունը բաժանվում է երկու մասի՝ թեթև սերը (սերուցքը), որ հավաքվում է կաթի մակերեսին և մնացած հեղուկ կաթը, որ գտնվում էր սերուցքի տակ: Ծորակը հնարավրություն էր տալիս օգտագործել կաթը՝ առանց վնասելու-խառնելու սերուցքը:
Տիգրանակերտի 10-12-րդ դարերի ծորակավոր կաթնամաններն այս խմբի դասական օրինակներն են՝ կատարյալ էրգոնոմիկ ճարատարապետությամբ. լայն բերան, կճուճը զգուշորեն բարձրացնելու համար նախատեսված ուղղահայաց կանթ, ելուստներ ու փոսիկներ, կարճ ու հարմար ծորակ, և, իհարկե, Տիգրանակերտի խոհանոցային խեցեղենին բնորոշ հասկաձև զարդանախշում: