Արձանագրությունը. «Ես Աբաս/ որդի Ն/աջ…ունայ, կանգնեցի զխ/[աչս ի փրկու]թի[ւ]ն հո(ւ)գոյ իմոյ ի Տ/[էր]: [Որ]ք երկիրպա/գանայք՝ աղաւ/թս յիշեցէք…»:
Ջարդուփշուր է արվել անցած դարի 80-ական թվականներին՝ ադրբեջանցիների կողմից:
Հեծյալը գոտկատեղից ներքև պատկերված է կողքից, գոտկատեղից վերև` դիմահայաց` հայացքը սևեռած դիտողին։ Նա գլխին դրել է հավանաբար ոչխարենուց պատրաստված փափախ, որի տակից երևում են խիտ, բայց կանոնավոր սանրված մազերը։ Նույն ձևով խնամված և սանրված է պատկերված և թավ մորուսը։ Հագին ունի հավանաբար չուխա, որից հստակ դիտելի է միայն սրտաձև խոր կտրվածքով օձիքը։ Այն գոտկատեղում ընդգծվում է լայն գոտիով, որից երկու ուղղաձիգ փոկերով կախված է լայնասայր ու կեռադաստակ թուրը։ Ռազմիկը աջ ձեռքով բռնել է երկարավուն նիզակը, իսկ ձախով` գավաթը։ Գավաթի փողաձևությունն ու միջնամասը բոլորող ելնդավոր կիսագլանը վկայում են, որ վարպետն արտապատկերել է մետաղական նախօրինակը։
…Արցախի խաչքարային մի շարք պատկերաքանդակներում ռազմիկները ձեռքներին գավաթներ ունեն: Երբեմն էլ պատկերվում են նաև ծառա-մատռվակները, որոնք մի ձեռքում սափոր ունեն, իսկ մյուսով գավաթ են մեկնում ռազմիկին: Նման հորինվածքների մանրամասն քննությամբ կարելի է եզրակացնել, որ գինու ծիսական ըմպումը կազմում էր այսպես կոչված «հավերժ խնջույքի» թեմայի մի բաղկացուցիչը: Սա էլ իր հերթին սնվում էր ժաղովրդական այն պատկերացումներով, թե մահը հնարավոր է հաղթահարել խնջույքի օգությամբ (մանրամասն տե՛ս Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ. , Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան, Փրինթինֆո, 2009):