Գերզմանասալը ծագում է Բերդաշենի Պիծի (Փոքրիկ) նահատակ սրբավայրից, բեկորները գտնվել են սրբավայրի մոտով անցնող ճանապարհի շինարարության ժամանակ: Նկարները կատարվել են 2020 թվականին:
Սալն ամենայն հավանականության ներդրված է եղել գերեզմանային ավելի ընդարձակ կառույցի պատում: Թեև բեկորներն ամբողջական պատկերացում չեն տալիս քանդակային ողջ հորինվածքի մասին, բայց առանձին մանրամասները ներկայացնում են վաղքրիստոնեական քանդակի համարյա ողջ տեսականին. փորագիր գալարներ, ալիքներ, եռանկյունիներ, շրջանի մեջ ներառված շեղանկյունիներ և նշտարաձև զարդեր, գնդի վրա հավասարաթև խաչ և այլն:
Արձանագրությունը նույնպես թերի է, բայց նկատենք, որ այն Արցախի մինչ այժմ հայտնի վաղքրիստոնեական ամենաընդարձակ արձանագրական տեքստն է:
«… [յիշեցէք]․․․ եւ զՊետրոս/ի յաղաւ/թս/ ձեր, [եւ Տէ]ր Ա[ստուա]ծ իւր առատ բարե[մտութեամբ]ն եւ բազում ողորմու[թ]եամբն եւ մարդասէր քաղց[րութեամբն զձ]եզ հիշեցէ աստ եւ հ/անդերձեալ ճշմարիտ հաւի[տենութեան մէջ եւ]/թողութիւն շնորհեցէ ամե[նե]ցո[ւն]…/ր. ց եւ արժանիս արասցէ աւետա[բեր] [ձայնիւ՞]…/.նի կոչմանն ընդ աւրհնեա[լ]…/….նանք…»:
Հրապարակում ենք առաջին անգամ: