Մանրամասներ. Դիդոն՝ Արցախի Տիգրանակերտից:
Արցախի Տիգրանակերտի ժայռափոր-պաշտամունքային համալիրի եկեղեցու հյուսիս-արևելյան պատին, եկեղեցու նախնական հարդարանքին պատկանող, շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչաքանդակից վերև անկանոն բոլորգրով գրված է «Դիդոյ»: Մոտավոր ժամանակը՝ 7-9-րդ դարեր։ Այս անձնանունը հայկական աղբյուրներում այլուստ վկայված չէ: Կարելի է ենթադրել հնարավոր կապը «Դադոյ» անվան հետ, որի անունով է կոչվել Դադիվանքը՝ ժամանակագրորեն առաջին վկայության մեջ։ Մովսես Դասխուրանցին իր «Պատմություն Աղվանից» երկում՝ 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ գրում է. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք։
Գայթակղիչ է թվում այս անձնանվան տակ տեսնել հունական մի շարք լեգենդներում կարևորվող, Կարթագենի լեգենդար հիմնադիր Դիդո գեղեցկուհու անունը։ Ինքն անձնանունն ըստ տարբեր մեկնությունների նշանակում է թափառական կամ սիրելի։ Տիգրանակերտի հիմնադրմանը Տիգրան Մեծը մասնակից է դարձրել նաև Փոքր Ասիայից տեղափոխած հոծ բնակչություն։ Տիգրանակերտի հունական համայնքը նույն համալիրում թողել է նաև հունարեն մի քանի արձանագրություններ։ Հայտնի է, որ միջնադարյան արաբ որոշ աղբյուրներ Տիգրանակերտը կոչել են Այնիյանա՝ հունական քաղաք։ Այսինքն, որ Տիգրանակերտում այս անձնանունը կարող էր ունենալ հունական ծագում, ավելի քան հավանական է։
Բացառված չէ, որ անձնանունն առաջացած լինի Հյուսիսային Կովկասի հետ հայերի շփման արդյունքում՝ այնտեղ բնակվող Դիդոյ ցեղանունից: