Մանրամասներ. Հայրանունը, Հայրապետը և նրանց մայրը:

Երկու խաչքար Խնածախի «Պյանոր նան» սրբատեղից, Ասկերանի շրջան, Արցախ:

12-րդ դարի վերջին կանգնեցված այս խաչքարերը պատկանում են արցախյան խաչքարերի 12-13-րդ դարերի շարքային օրինակներին. պարզ հյուսածո եզրազարդեր, խաչախորանի անկյուններից իջնող խաղողի ողկույզներ, կենտրոնական երկբլթակ թևերով խաչ: Բայց ուշագրավ են նրանց պատկերաքանդակները, ուր մի դեպքում պատկերված են սեղան-սինիի շուրջ (թերևս նստած) կին և տղամարդ՝ ձեռքներն իրար պարզած, և երկրորդ խաչքարի վրա՝ նույն դիրքով մեկ կին:
Արձանագրություններն օգնում են պարզել, որ խաչքարերը կանգնեցրել են Հայրանունն ու Հայրապետը՝ իրենց մոր հիշատակին: Ցավոք, արձանագրության վերջնամասը, ուր եղել է մոր անունը՝ չի պահպանվել։

Առաջին խաչքարի արձանագրությունը. «Ես Հայրանուն եւ Հայրապէտ :ՈԽԸ: (1199 թ.)»:

Երկրորդ խաչքարի արձանագրությունը. «Ես Հայրան/ուն Հայ[ր]ա/պէտ կանգն/եցի խաչս մաւրն…»:

Իհարկե, Հայրանունն ու Հայրապետը՝ որոնց անունները հասկանալի են միայն հայերեն, չգիտեին, որ դարեր հետո իրենց հռչակելու են աղվանա-ուդիներ:

.