Խաչքարը պատրաստված է կաթնա-վարդագույն կրաքարից: Խաչասալն ուղղանկյուն է, դեպի հիմքը թեթևակի նեղացող, վերնամասում եռաերիզ ուրվածով, որը ողջ սալին տալիս է խորանակերպություն: Հորինվածքը պատկանում է 12-րդ դարի վերջի - 13-րդ դարի առաջին կեսի խաչքարերի դասական հորինվածքի այն տիպին, որն առանձնանում է կենտրոնական խաչի ուրվագծին համապատասխանող խորանով, իսկ եզրագոտին զբաղեցնում է մնացած ողջ մակերեսը: Հյուսածո հորինվածքն իրականացված է զույգ ելնդավոր գլանիկներով, խաչը հենվում է թելերի կծիկ հիշեցնող վարդյակի վրա:
Խաչքարը հենված է եղել դարավոր կաղնուն և ժամանակի ընթացքում վերին եզրով ներթափանցել է ծառի բնի մեջ: Գյուղի որոշ պատմություններ կարևորում են կաղնու ու խաչի միաձուլումը, որպես սրբազան մշտականության (հավերժության) խորհրդանշան:
Ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան: