Երից մանկանց վանքի արձանագրությունն է՝ բազմիցս հրատարակված: Միջնադարյան հայ վայելչագրության կատարյալ օրինակներից մեկը: Այն փորագրված է եկեղեցու հարավային մուտքի բարավորին և հայտնում է. «Ի։ ՌՃԽ։ (1691 թ.) թվիս, ի ժամանակս շահ Սուլ/էյմանին մեծի արքային պարսից/ ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ կ[ա]թ[ո]ղ[ի]կոս Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ/ հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի վ[ա]րդ[ա]պ[ե]տին, որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն/ Մեծշինեցոյ: Յաղօթս յիշեցէք/՝ որդիք Նոր Սիօնի, ի մտանելն/ եւ յելանելն դրանս տ[է]րունի. ամէն»: Սիմեոնն ինքնահռչակ կաթողիկոս էր՝ Գանձասարին հակաթոռ (մանրամասները տե՛ս
https://monumentwatch.org/.../%d5%a5%d6%80%d5%ab%d6%81.../):
Բայց հիմա ուզում ենք ուշադրություն հրավիրել Օ և Զ գլխատառերի շրջանների մեջ պատկերված նշանների վրա՝ արևը, լուսինը, աստղն առավոտի և խաչը: Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը, որ խորհրդանշում է Երկրորդ Գալուստը և երբեմն ուղեկցվում էր նաև խաչով, տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից, 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում տապանաքարերի վրա՝ կիրառվելով մինչև 19-րդ դարի վերջերը: Եվ հիմա, ունենք մի եզակի օրինակ, երբ նշանները ներառվել են արձանագրության մեջ: