Ուղղանկյուն սալ, 12-13-րդ դարերի դասական հորինվածք. ուղղանկյուն կեռխաչ հյուսածո զարդագոտի և քիվ, ուղղանկյուն խաչախորան, ծաղկուն խաչ, խաչի ստորոտից բարձրացող պարանահյուս ծաղկազարդեր, խորանի վերնանկյունից իջնող՝ Արցախին բնորոշ խաղողի եռամաս ողկույզներ: Խորանի եզրագոտին և այլ հատվածներ հարդարված են հատուկ գործիքով (պունսոն) դրոշմված շրջաններով:
Խաչից ներքև հազիվ նշմարվում է զինյալ հեծյալի քանդակը. կամ վարպետը միայն հասցրել է այն ուրվագծել, կամ, որ ավելի հավանական է, քանդակը հետագայում քերել են:
Արձանագրությունը՝ խաչի երկու կողմերում և ստորոտում. հրապարակվում է առաջին անգամ. «Թւ[ին] :Ո/Լ/: (1181 թ.): Ես Դես/ում/՝ որդ/ի Վ/աս/ակ/ա, եւ/ մա/յր/ ի/մ Շ/ահ/ան/դո/ւխ/տ/ կանգն/եցաք զ/խաչս/ ի վերա/ տապ/[ան]ոյ Վ/ասակ/այ»:
Ոչինչ, որ արձանագրությունը հայերեն է, որ ժամանակը նշված է Հայոց մեծ թվականով, ոչինչ որ Վասակն ու Շահանդուխտը հայկական անձնանուններ են, որ Դեսում անձնանունը բացի Արցախից, ալուստ վկայված չէ: Ոչինչ, որ զինյալ հեծյալների քանդակները հանդիպում են հենց Արցախի խաչքարերի վրա:
Կարելի է անտեսել այս ամենը և դրանք հռչակել «աղվանական», ինչպես վարվում է Ադրբեջանի պետական քարոզչությունը: