Մանրամասներ: Իմաստուն և հիմար կույսերը, Երիցմանկանց վանք:
Արցախի Երիցմանկանց վանքից ծագող այս սալը եզակի պատկերաքանդական հորինվածք ունի (նկ. 1): Հավանական է, որ իր բնօրինակ տեսքով այն պսակել է որևէ եկեղեցու շքամուտքը որպես բարավոր: Կենտրոնական խաչից ներքև և ձախ պահպանվել են կանանց հինգ քանդակներ, իսկ դեպի աջ ավելի փորք երկու խաչերին կից և փոքր ինչ ներքև՝ երկու նույնատիպ, բաց զգալիորեն փոքր կերպարներ: Քանդակի տեխնիկական կատարումը ցուցում է 12-13-րդ դարերը: Պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է այն հայտնվել 1691 թվականին կառուցված վանքում, ինչու է մասնատվել և որպես ինչ է օգտագործվել: Սակայն ավելի քան հավանական է, որ նախնական տեսքով այն ներկայացրել է իմաստուն (առաջին հինգ խոշոր կերպարները) և հիմար (հինգից պահպանվել են երկու փոքրիկ կերպարները) տաս կույսերի ավետարանական պատմությունը,
«1 Այն ժամանակ Երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առան և դուրս եկան փեսային ու հարսին դիմավորելու։
2 Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։
3 Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ յուղ չվերցրին։
4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով յուղ վերցրին։
5 Եվ երբ փեսան ուշացավ, ամենքը նիրհեցին ու քնեցին։
6 Եվ կեսգիշերին ձայն լսվեց․ «Ահա՛ փեսան գալիս է, դո՛ւրս եկեք նրան դիմավորելու»։
7 Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին։
8 Հիմարներն ասացին իմաստուններին․ «Ձեր յուղի՛ց տվեք մեզ, որովհետև մեր լապտերները հանգչում են»։
9 Իմաստունները պատասխանեցին ու ասացին․ «Գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի․ ավելի լավ է գնաք վաճառողների մոտ և ձեզ համար գնեք»։
10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց։
11 Հետո եկան նաև մյուս կույսերն ու ասացին․ «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ»։
12 Նա պատասխանեց ու ասաց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։
13 Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը, երբ Մարդու Որդին կգա», (Մատթէոս ԻԵ:1-13): Կանանց դիրքերը, պարզած կամ ինչ-իրեր բռնած հազիվ ուվագծվող իրերը նույնպես վկայում են այդ հորինվածքի մասին:
Այս հորինվածքն ունի բազմաթիվ քանդակային և հատկապես մանրանկարչական դրսևորումներ ողջ քրիստոնեական, այդ թվում և հայ արվեստում (նկ. 2): Որպես բարավոր հայ միջնադարում հայտնի է միայն Հովհաննավանքի կաթողիկե եկեղեցու արևմտյան շքամուտքի բարավորը, ստեղծված 13-րդ սկզբին (նկ. 3):
Արցախի միջնադարյան քանդակի այս եզակի դրսևորման մասին ադրբեջանական բռնազավթումից հետո տեղեկություններ չկան: