Խնածախ գյուղի չորս խաչքարերը
Տեղադրությունը
Խնածախ գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից են գյուղի բարձունքներին կանգնեցված չորս արժեքավոր խաչքարերը (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։
15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232):
Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։
Մելիքանիստ գյուղի պատմության վերաբերյալ կարևոր մանրամասներ են հաղորդում նաև չորս արժեքավոր խաչքարերը (նկ․ 2)։
1․ 1301 թվականի խաչքարը
Խաչքարը կանգնեցված է Մոթալ-ղայա բլրի վրա՝ Ջումանց կալում (Բաղդասարյանների բակում, Խուրշուդեան 2023, 222; նկ․ 3)։ Խաչքարի համար պատվանդան է ծառայում մեծ անմշակ ժայռաբեկորը։ Եռաբողբոջ վերջավորություններով և արմավազարդ կենտրոնական խաչից ներքև քանդակված են 3 փոքրաչափ խաչեր, իսկ դրանցից ներքև պատկերված են երեք այլ, ավելի մեծ, միաբլթակ վերջավորություններով խաչեր։ Վերջիններիս միջև է գտնվում թվականը՝ «Թվ[ին] :ՉԾ: (1301)»։ Հիմնական արձանագրությունը գտնվում է եզրագոտու վրա՝ «Կամաւն ԱՅ, ես՝ Աւքան, կանգնեցի զխաչս ի/ փրկութե[ան] հոգո իմո, յիշեցէք ի ՔՍ» (Հասրաթյան 1985, 161; Խուրշուդեան 2023, 222): Խաչքարի պատվիրատուի Օքան անունը Հասրաթյանը նույնացնում է Ուքան անվան հետ և վերագրում Վահրամ Շահուռնեցու և Գոնցայի կրտսեր զավակի հետ (Հասրաթյան 1985, 161)։
2․ 1581 թվականի խաչքարը
Խաչքարը կանգնեցված է եղել Ճղացի խութ կոչվող բլրի վրա, ներկայումս տեղում պահպանվել է միայն արձանագիր խաչքարի քիվը (նկ․ 4)։ 1985 թվականի մայիսի 10-ին խաչքարը կայծակնահարվել է, իսկ 1987 թվականի մայիսի 10-ին Խաչեր կոչվող հուշարձանից բերվել է այլ խաչքար և տեղադրվել նախորդի տեղում (Խուրշուդեան 2023, 221; նկ․ 5): Խաչքարի ամբողջական արձանագրությունը հրատարակել է Մ․ Հասրաթյանը՝ «Ես՝ Հախնազար, կանգնեցի խաչս հաւրեղբաւր իմ Ղուլին, թվ[ին] :ՌԼ: (1581)» (Հասրաթյան 1985, 163)։ Ըստ Հասրաթյանի, խաչքարի պատվիրատու Հախնազարը Մելիք Հախնազարի թոռն է՝ Մելիք Հայկազի առաջին կնոջից ունեցած որդին՝ Աղանի եղբայրը։ Իսկ Ղուլին (Ալլահղուլի) Մելիք Հայկազի կրտսեր եղբայրն է (Հասրաթյան 1985, 163)։
3․ 1601 թվականի խաչքարը
Երրորդ խաչքարը կանգնեցված է Յուղնատու խութ բլրի վրա (նկ․ 6)։ Կենտրոնական եռաբլթակ վերջավորություններով խաչից վերև պատկերված են երկու վարդյակներ, եզրային և ստորին հատվածներում քանդակված են պարզ խաչեր։ Հողմահարված արձանագրությունը զբաղեցնում է կենտրոնական խաչից վերև ընկած հատվածը և առաջ եկած քիվը։ «Ես՝ Մէլիք Ղիմա, կա/նկնեցի Սբ խաչս հ/օրն իմ՝ Գինոսին/ ի :ՌԾԹ: (1601)» (Խուրշուդեան 2023, 223)։ Գինոսը, ըստ Մ․ Հասրաթյանի, Մելիք Հախնազարի որդին էր՝ Մելիք Հայկազի եղբայրը (Հասրաթյան 1985, 163)։
4․ 1620 թվականի խաչքարը
Այս խաչքարը կանգնեցված է գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող բլրի վրա (նկ․ 7)։ Խաչքարն իր հորինվածքային լուծումներով նման է ինչպես նախորդ, այնպես էլ տարածաշրջանի 16-17-րդ դարերի մյուս օրինակներին։ Խաչքարի հիմնական առանձնահատկությունը երկլեզու ընդարձակ արձանագրությունների առկայությունն է։ Արձանագրության պարսկերեն հատվածը զբաղեցնում է կենտրոնական խաչի եզրային հատվածն ու ստորին հատվածում երեք տող և կարիք ունի առանձին քննության։ Հայերեն հատվածը զբաղեցնում է կենտրոնական խաչից վերև ընկած հատվածը՝ «Ի թագաւորութեան Շահ Աբասին ես՝ Աղան, որդի պարոն Հայկազին, կանկնեցի խաչս անուանըն Պողոս վարդապետին բարեխօս․ ԱՅ քրիստոնէից․ ի թվկս հայոց :ՌԿԹ: (1620). երկրիս մոյլքն պրն Հայկազին էր» (Հասրաթյան 1985, 164)։ Արձանագրության հեղինակ Աղան Մելիք Հայկազի որդին է առաջին կնոջից, 1581 թվականի խաչքարի հեղինակ Հախնազարի եղբայրը (Հասրաթյան 1985, 164)։
Մատենագրական քննություն
Խնածախ գյուղը եզերող չորս բարձունքներին կանգնեցված խաչքարերն ու իրենց արձանագրությունները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում բնակավայրի ու Մելիք-Հայկազյանների տոհմի պատմության վերաբերյալ։ 1620 թվականի խաչքարի պարսկերեն արձանագրությանը չեն անդրադարձել մեզ հայտնի հեղինակներից ոչ մեկը, և այն կարիք ունի առանձին քննության:
Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախ գյուղը եզերող չորս բարձունքների արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մետր հեռավորության վրա։
Գրականություն
- Խուրշուդեան 2023 - Խուրշուդեան Ս․, Խնածախի պատմամշակութային ժառանգութիւնը, Սիոն, թիւ 4-7, Երուսաղէմ։
- Հասրաթյան 1985 - Հասրաթյան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
- Հովսեփյան 1924 - Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
- Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: