Կոռնիձորի «Շուռնուխի խաչեր» հուշարձանը

Տեղադրությունը

Կոռնիձորը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 106, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 6,3, իսկ Գորիս քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1125 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող նշանավոր հուշարձաններից է «Շուռնուխի խաչեր» հնավայրը (նկ 1)։

Նկ․ 1 Հուշարձանի ընդհանուր տեսքը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

«Կոռնիձոր» տեղանվան ստուգաբանություններից մեկը «կոռնը» (կուռ, բազուկ, ձեռք, թև, ուսից մինչև դաստակը)  կապում է կուռն-ձեռք և ձոր արմատների հետ (Մարգարյան 1988, 128): «Կոռնիձոր-Խորեա առնչությունները» հոդվածում հեղինակները անդրադարձել են և մանրամասն ներկայացրել են բնակավայրի անվան ծագման նաև մի այլ տարբերակի, ըստ որի «կուռն-կոռնը» կիրառվել է ոչ թե բազուկ, ձեռք, թև առաջնային իմաստով, այլ նրանից լծորդված կողք, կողմ, թև իմաստներով և նշանակել է «այն մի կողմի ձոր, այն մի թևի ձորը» (Քումունց, Ներսիսյան 2019, 126)։

Կոռնիձոր բնակավայրը անընդհատ տեղափոխվել է։ Գյուղի այժմյան տարածքում պատմական հուշարձաններ չկան։ «Կոռնիձոր» անունով բնակավայրն առաջին անգամ հիշատակվում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում (1781 թվական, Քումունց, Ներսիսյան 2019, 124)։ Նույն ժամանակաշրջանի Կոռնիձորի տեղադրությանն ու բնակչության թվաքանակին հակիռճ կերպով անդրադարձել են նաև Ղ Ալիշանը (Ալիշան 1893, 263) և Ե Լալայանը (Լալայեան 1899, 11, 36)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

«Շուռնուխի խաչեր» հուշարձանը գտնվում է գյուղից 2,2 կմ հարավ-արևմուտք՝ երեք կողմերից գետակով շրջապատված փոքր հրվանդանի վրա։ Այն իրենից ներկայացնում է դամբարանաբլուր, որի վրա հավաքել են տարբեր տարիներին հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերված վեց կոթողներ և խաչքարեր (նկ 2)։ Ըստ տեղացիների, տարածքում հողային աշխատանքների ժամանակ պարբերաբար նկատվում են նաև տեղում եղած բնակատեղիին և գերեզմանատանը վերաբերվող տարբեր հետքեր։

Նկ․ 2 Դամբարանաբլրի վրա հավաքված կոթողները, լուս․՝ Monumentwatch խմբի։

Դամբարանաբլրի վրա առկա ամենավաղ թվագրվող կոթողը, որն հավանաբար ժամանակակից է դամբարանաբլուրին, մարդակերպ կոթողն է (նկ 3)։ Մյուսն ուղղանկյուն մի սյուն է, որի սրբատաշ նիստերից մեկի վրա պատկերված է շրջանի մեջ առնված վարդյակ (նկ 4)։

Հաջորդ չորս կոթողները խաչքարեր են, որոնցից միայն մեկն է մարդակերպ կուռքի և դամբարանաբլուրի հետ միասին գրանցված Կոռնիձորի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։ Խաչքարը կոպտատաշ սալաքար է՝ վրան ետնախորքը հեռացնելու տեխնիկայով քանդակված երկու կենտրոնական խաչերով (նկ 5)։ Միաբլթակ վերջավորություններով խաչերի ստորին հատվածներից բարձրանում են ոճավորված արմավազարդեր։ Իսկ խաչերի վերին հատվածներից դեպի խաչակենտրոն են իջնում խաղողի ողկույզներ։ Խաչքարի հորինվածքի վերին հատվածը խիստ հողմահարված է։ Չի երևում, թե ոչ ամբողջությամբ երևացող զարդամոտիվները ինչ են պատկերում, կամ արդյոք դրանք խաչքարի՞նն են, թե՞ սալաքարը վերօգտագործված է։ Հորինվածքային լուծումները հաշվի առնելով՝ խաչքարը թվագրվում է 10-11-րդ դարերով (հմմտ. Պետրոսյան 2008, 99-110)։

Նկ․ 3 Մարդակերպ կոթողը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 4 Վարդյակով քառակող կոթողը և խաչքարը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 5 Երկու կենտրոնական խաչերով խաչքարը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մյուս խաչքարը, որը հավանաբար ժամանակագրորեն համապատասխանում է նախորդին, ունի անհավասար համամասնություններ։ Կենտրոնական խաչը հավասարաթև է՝ եռաբլթակ վերջավորություններով, որից ներքև պատկերված են երկու, ավելի փոքր չափերի և միաբլթակ վերջավորություններով խաչեր (նկ 6)։ Խաչապատկերները այս դեպքում նույնպես ստացել են ետնախորքը հեռացնելու տեխնիկայով։ Մյուս երկու խաչքարերը ունեն հորինվածքային պարզ լուծումներ և, ընդհանուր առմամբ, հավաքված կոթողների խաչքարերը կարելի է թվագրել 9-11-րդ դարերով (նկ 2, 4)։

Նկ․ 6 Դամբարանաբլրի վրա հավաքված խաչքարերից, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մատենագրական քննություն

«Կոռնիձոր-Խորեա առնչությունները» հոդվածում հեղինակները, քննության առնելով Կոռնիձոր տեղանունը, տարածքի բնակատեղիները և պատմական աղբյուրները, եզրակացնում են,  որ Կոռնիձոր անվան ծագումը Խորեա բնակատեղիից է, և, չի բացառվում, որ հենց այստեղ է ծնվել Մովսես Խորենացին (Քումունց, Ներսիսյան 2019, 120-130)։

Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Կոռնիձորի «Շուռնուխի խաչեր» կոչվող հուշարձանը հայտնվել է սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա։

Գրականություն

  1. Ալիշան 1983 - Ալիշան Ղ, Սիսական. տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ։
  2. Լալայեան 1899 - Լալայեան Ե, Զանգեզուրի գաւառ, հ. Բ, Թիֆլիս։
  3. Մարգարյան 1988 - Մարգարյան Ա, Մի քանի տեղանունների ծագման մասին, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4, Երևան,։
  4. Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինթինֆո:
  5. Քումունց, Ներսիսյան 2019 - Քումունց Մ, Ներսիսյան Լ, Կոռնիձոր-Խորեա առնչությունները տեղագրական և բառաքննական փորձ, Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, հատոր 76, համար 1, էջ 120-131։