Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին. պատմա-ճարտարապետական քննություն

Տեղադրությունը

Ոսկեպար գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ, Ոսկեպար գետակի աջակողմյան հյուսիսահայաց ձորալանջին։ Գյուղը նախկինում անվանել են նաև Ոսկեպատ, Ոսկեպարիսպ (Հակոբյան, Մելիք-Բախշյան, Բարսեղյան 1998, 175)։ Գյուղը հարուստ է ինչպես քրիստոնեական, այնպես էլ նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ տարաբնույթ հուշարձաններով։ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցին այդ շարքում բացառիկ է։ Այն գտնվում է գյուղից 400 մետր հյուսիս-արևելք՝ Ոսկեպար գետակի ձախակողմյան հարավահայաց լանջին (նկ. 1)։

K38-103–C-Left-Sevkar

Նկ․ 1 Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Ոսկեպարի Սբ․ Աստվածածինը պատմական սկզբնաղբյուրներում չի հիշատակվում։ Կառույցի մասին գրավոր առաջին վկայությունը հանդիպում է բանահավաք Ս․ Քամալյանի մոտ, ով 1884 թվականին լինելով տեղում, նշում է. «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցուած է այս վանքը, տաճար խաչաձև, ներքուստ և արտաքուստ սրբատաշ քարով. ունի կաթուղիկէ նորաշէն…» (Կարապետյան 2013, 14): Եկեղեցու հորինվածքային, կառուցվածքային և գեղարվեստական առանձնահատկությունների քննությունն իրականցարել են Ս․ Տեր-Ավետիսյանը (Тер Аветисян 1937, 505-511), Ա․ Յակոբսոնը (Якобсон 1948, 29-35 ), Գ․ Շախկյանը (Շախկյան 1986, 167-168), Պ․ Կունեոն (Cuneo 1988, 319), Վ․ Հարությունյանը (Հարությունյան 1992, 146-147), Ս. Մնացականյանը (Մնացականյան, 2004, 55-58 ), Պ․ Տոնապետյանը (Donabédian 2008, 162 ) Մ․ Հասրաթյանը (Հասրաթյան 2010, 25), Ս․ Կարապետյանը (Կարապետյան 2013, 10-16)։ Ոսկեպարի եկեղեցու թվագրության, պահպանվածության, վերականգնման, հորինվածքի, հարդարման հարցերին անդրադարձ ունի նաև Ա․Ղազարյանը (Казарян 2012, 302-316)։ Հետազոտողների մեծ մասը՝ հիմնվելով եկեղեցու հորինվածքային, կառուցվածքային և գեղարվեստական առանձնահատկությունների վրա Ոսկեպարի եկեղեցին թվագրում է 7-րդ դարի երկրորդ կեսով։ Միայն Մ․ Հասրաթյանն է, ով գտնում է, որ Ոսկեպարի ճարտարապետական առանձնահատկություններն ու հարդարանքը բնորոշ են 7-րդ դարի առաջին կեսին (Հասրաթյան 2010, 25)։ Պետք է նշել նաև, որ որոշ հեղինակներ անհիմն կերպով եկեղեցու կառուցումը վերագրում են 9-10-րդ դարերին (Чубинашвили 1967, 151; Thierry 1978 , 20-21)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ոսկեպարի եկեղեցին պատկանում է վաղ միջնադարում լայնորեն տարածված փոքր, խաչաձև գմբեթավոր եկեղեցիների քառախորան հորինվածքային ենթատիպին։ Հուշարձանը Մաստարայի տիպի եկեղեցիների փոքրաչափ օրինակներից է (արտաքին չափերը՝ 11,2x10,8 մետր, աղոթասրահի չափերը՝ 5,37x5,74; նկ. 2)։

Նկ․ 2 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Մ․Հասրաթյանի։

Մոտավորապես քառակուսի աղոթասրահից երկրի չորս կողմերի ուղղություններով բացված են խորը, թեթևակի պայտաձև խորաններ, որոնց կորության կենտրոնը ճակատային գծից 0,65 մետր ետ է ընկած։ Արտաքուստ խորաններն ուղղանկյուն են, ի տարբերություն այս տիպի մյուս հուշարձանների (Մաստարա, Հառիճ, Արթիկ, Կարս), որտեղ դրանք հնգանիստ են։ Ավագ խորանի երկու կողմերին կից են արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագծով ավանդատները։ Վերջիններիս այսպիսի տեղադրությունը արևելյան ճակատում ելուստների առաջացման համար հիմք է հանդիսացել։ Ավանդատները մեկ հարկանի են՝ ծածկված գլանաձև թաղերով և լուսավորվում են արևելյան պատերի մեջ բացվող լուսամուտներով։ Դրանք իրենց արտաքին ծավալներով զգալիորեն ցածր են ավագ խորանից և փոքր-ինչ դուրս են գալիս արևելյան ճակատի հարթությունից՝ առանձնանալով հիմնական զանգվածից (նկ. 3)։ Եկեղեցին ունի երկու շքամուտք՝ տեղավորված արևմտյան և հարավային ճակատներում և պսակված զույգ կիսասյուների վրա բարձրացող կամարակապ, քիչ թեքություն ունեցող ճակտոններով։ Մուտքերն ինչպես իրենց չափերով, այնպես էլ մշակման ձևերով միանգամայն համանման են։ Արևմտյան շքամուտքի որմնասյան խարսխին առկա են ձկնապատկերներ (Казарян 2012, 304)։ Մուտքերի բարավորների վրա քանդակված են խաչային հորիվածքներ (Հասրաթյան 2010, 25): Քիվը պսակված է կրկնվող երկրաչափական նախշով մշակված զարդաքանդակով (նկ․ 4)։ Առանձնահատուկ լուծում ունեն ավագ խորանը և բեմը: Վաղ միջնադարի եկեղեցիներին բնորոշ ցածր բեմառէջքը (ընդամենը 0,3 մետր) ձգվում է կառույցի ամբողջ լայնությամբ՝ հասնելով մինչև ավանդատների մուտքերը։ Խորանի մեջ՝ դրա ամբողջ շրջագծով արված է 0,24 մետր լայնություն և 0,52 մետր բարձրություն ունեցող աստիճան-նստարան՝ նախատեսված բարձրաստիճան հոգևորականների համար (Մնացականյան 2004, 56)։ Նստարանի կողային մասերն ամբողջական քարից են և կազմում են պատի շարվածքի անմիջական շարունակությունը (նկ․ 5)։

Նկ․ 3 Եկեղեցու տեսքը հյուսիս-արևելքից, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Նկ․ 4 Ոսկեպարի եկեղեցու հարավային շքամուտքը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Նկ․ 5 Եկեղեցու ավագ խորանը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Եկեղեցու ներքին տարածության լուսավորությունն ապահովում են բոլոր խորաններում (հյուսիսայինից բացի) բացված լուսամուտները: Թմբուկի չորս՝ երկրի հիմնական ճակատներին համապատասխանող կողմերում կան մեկական լուսամուտներ։ Լուսամուտներն ունեն վաղ միջնադարին հատուկ պարզ հորինվածքի պսակներ: Դրանք տրամատավորված են, իսկ երկուսի վրա քանդակված են շուշանածաղիկներ (նկ․ 6)։ Թմբուկի նիստերը մշակված են անկյունային մասերի զույգ կիսասյուներից բարձրացող զարդակամարաշարով: Գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումն իրականացված է տրոմպների միջոցով (նկ․ 7), որոնք տեղավորված են թմբուկի նիստերի վերին հարթության վրա։ Եկեղեցու թմբուկը պսակված է ութանկյուն հիմք ունեցող բրգաձև վեղարով (նկ․ 8)։

Նկ․ 6 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Նկ․ 7 Եկեղեցու գմբեթը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Նկ․ 8 Գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Հուշարձանի արտաքին ծավալային հորինվածքը հստակ արտահայտում է ներքին կառուցվածքը։ Գմբեթատակ տարածությանը համապատասխանում է եկեղեցու հիմնական ծավալը, որին հպված են խորաններն ընդգրկող ուղղանկյուն եզրաձև և երկթեք ծածկեր ունեցող խաչաթևերի ծավալները։ Այսպիսի հորինվածք հանդիպում է վաղմիջնադարյան՝ փոքր չափեր ունեցող «ազատ խաչ» տիպի եկեղեցիներում (Կարմրավորի Սբ. Աստվածածին, Վանքասարի եկեղեցի և այլն, Կիրակոսյան 2013, 122 )։ Արևելյան կողմում կառուցվածքին կից են լանջավոր ծածկերով ավանդատների ծավալները։ Այս ծավալների և հիմնական ծավալի միջև միասնականություն ստեղծելու նպատակով, հավանաբար, ավանդատների արևելյան ելուստների և տաճարի արևելյան աբսիդի երկայնքով ձգվում են երկուական աստիճաններ։ Մյուս կողմերում պատերը նստած են մեկ աստիճան ունեցող որմնախարսխի վրա։ Գմբեթի ութանիստ թմբուկը ձևավորված է խուլ կամարաշարով։ Վերջիններս խիստ հողմնահարված են։ Սակայն պահպանված հատվածներն էլ (լուսամուտների պսակներ, քիվերի թեքադիր հարթությունների և շքամուտքերի մշակումներ) խոսում են եկեղեցու վաղմիջնադարին պատկանելության և այդ դարաշրջանին բնորոշ հարդարանքի տարրերի մասին։ Եկեղեցու արևմտյան լուսամուտից վեր տեղադրված է առաջեկ հորիզոնական վերնաքիվը, որի նշանակության մասին հետազոտողները որոշակի կարծիք չեն հայտնել (Հայկական ճարտ․ 2004, 56)։

Եկեղեցին կառուցված է դեղնադարչնագույն և վարդագույն ֆելզիտային տուֆի բավականին մեծ, սրբատաշ քարերով։ Պատերի շարվածքի վրա երևում են հորիզոնական կարանների եզրակոսները և վարպետների նշանագրերը (Հայկական ճարտ․ 2004, 55)։ Պատերը ներքուստ սվաղված են եղել։

Եկեղեցին իր հատակագծային և ծավալատարածական լուծումների և համաչափությունների կատարելությամբ իրավամբ կարևոր տեղ է զբաղեցնում վաղմիջնադարյան նմանատիպ հուշարձանների շարքում։ Ճարտարապետական մտահղացումն այնքան կատարյալ է, որ եկեղեցու հատակագծային և ճակատային գծագրերը կարելի է ստանալ պարզագույն երկրաչափական կառուցումների միջոցով՝ ելակետ ունենալով եկեղեցու գմբեթի ներքին թռիչքի չափը (նկ․ 9)։

Հիմնական առանցքներում հենախորշեր ունեցող հուշարձանների այս տիպը, որին պատկանում է նաև Ոսկեպարի եկեղեցին, կարևոր նշանակություն է ունեցել հայկական կենտրոնագմբեթ հորինվածքների կազմավորման գործընթացում։ Դրանք ներկայացնում են անցումային մի տիպ՝ փոքր կենտրոնագմբեթ քառաթև տիպի և ավելի բարդ՝ խաչաձև հիմքով կենտրոնակազմ հորինվածքների միջև։

Նկ․ 9 Եկեղեցու համաչափական վերլուծությունը, կատարումը՝ Ա․Ղուլյանի։

Եկեղեցու վերականգնումը

Եկեղեցին մեզ է հասել հիմնականում պահպանված վիճակում։ Վնասված էին կառույցի վերնամասերը՝ հատկապես տանիքները (նկ․ 10)։ Ներկայիս տեսքն այն ստացել է ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով իրականացված ամբողջական վերականգնման արդյունքում։ Այն հնարավոր է դարձել 1975-1977 թվականներին՝ պեղման և մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված ու պահպանված բեկորների և այլ տվյալների հիման վրա (Թամանյան 1981, 24-26)։ Նորացվել են տանիքների ողջ ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը՝ հատկապես կտուրին մոտիկ գտնվող շարքում:

Այսօր, ևս, եկեղեցու տանիքները նորոգման կարիք ունեն։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ տանիքածածկերը քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված։ Նման վիճակը մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Նման երևույթների ավերիչ ազդեցությունից խուսափելու համար, «Պահպանության ծառայություն»-ը անհրաժեշտ է համարել իրականացնել տանիքածածկերի նորոգման աշխատանքներ (https://hushardzan.am/archives/30351

Նկ․ 10 Ոսկեպարի եկեղեցու տեսքը մինչև վերականգնումը, լուս․՝ ըստ https://hushardzan.am/archives/30351 կայքի։

 Գրականություն

1․ Թամանյան 1981 - Թամանյան Յու․, Քարե տարեգրության վերականգնումը: Արխիվային և փաստական նյութեր , խմբ.՝ Է. Շահնազարյան, Պատմ. հուշարձան. պահպանման հայ. ընկ., Երևան։

2․ Կարապետյան 2013 - Կարապետյան Ս․, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, էլեկտրոնային տարբերակ, արխիվացված 2021-08-31։

3․ Կիրակոսյան 2013 - Կիրակոսյան Լ., Վանքասարի եկեղեցու ճարտարապետությունը և ադրբեջանական «վերականգնումը», Պատմաբանասիրական հանդես, թիվ 1, էջ 120-133։

4․ Հակոբյան, Մելիք-Բախշյան, Բարսեղյան 1998 - Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ․, Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան։

5․ Հասրաթյան 2010 - Հասրաթյան Մ․, Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա։

6․ Հարությունյան 1992 - Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան։

7․ Մնացականյան 2004 - Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության պատմություն, հ․ 3, Երևան։

9․ Казарян 2012 - Казарян А., Церковная архитектура стран Закавказья VII века. Формирование и развитие традиции, т. 3, Москва.

10. Тер-Аветисян 1937 - Тер-Аветисян С., Заметка о Воскепаре и Киранце, «Материалы по истории Грузии и Кавказа», вып. 7, Тбилиси.

11․ Чубинашвили 1967 - Чубинашвили Г., Разыскания по армянской архитектуре, Ин-т груз, искусства, Тбилиси.

12․ Якобсон 1950 - Якобсон А., Из истории армянского средневекового зодчества, церковь в Воскепаре, Краткие сообщения института истории материальной культуры им. Н. Марра, М.-Л.

13․ Cuneo 1988 - Cuneo P.,Architettura Armena, tomo 1, Roma.

14․ Donabédian 2008 - Donabédian P․, L’âge d’or de l’architecture arménienne (VIIe siècle), Marseille․

15․ Thierry 1978 - Thierry J ., La cathédrale des Saints-Apôtres de Kars  930-943, Paris․

16․ Ոսկեպարի Սբ. եկեղեցին մինչև վերականգնումը և հետո, https://hushardzan.am/archives/30351, 23․05․2024, 07։49: