Տեղի մելիքական ապարանքը

Տեղադրությունը

Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ  հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Մելիք-Բարխուդարյանների ապարանքը (նկ․ 1)։

ապարանք քարտեզ

Նկ․ 1 Տեղ գյուղի մելիքական ապարանքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին հիմնում և շենացնում է գյուղը 988 թվականին այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Ապարանքի տեր Մելիք-Բարխուդարյանների տոհմի հիմնադիր Մելիք Բարխուդարը Սյունիք է եկել Լոռուց, իսկ նրա մահից հետո, նրա որդի Դավիթ բեկը 1783 թվականին կառուցել է Տեղի մելիքական ապարանքը (Լալայեան 1899, 11-13)։ Պահպանվել են երկու արձանագրություններ։ Հիմնական արձանագրությունը, ըստ հետազոտող Ա․ Ղուլյանի, չի գտնվում իր նախնական տեղում և ունի թերի հատված «Թվ Ռ/ՄԼԲ (1783) ի վաելումն Մէլիք Բարխուդարի որթի Դավիթ պէկս/  շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակօվն» (Ղուլյան 2001, 109; ԴՀՎ 2, 70, նկ․ 2): Իբրահիմ խանը 18-րդ դարի երկրորդ կեսին հաջորդում է իր հորը, Ղարաբաղի խանության Փանահ խանին։ Իբրահիմ խանին կառավարման ընթացքում (1763-1806) հաջողվում է ճնշել և ենթարկեցնել Խամսայի մելիքության մելիքներին և շրջակա խանությունների խաներին (Կոստիկյան 1999, 356)։

Նկ․ 2 Կառույցի հիմնական արձանագրությունը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Երկրորդ արձանագրությունը գտնվում է գլխատներից մեկի բարավորի վրա՝ «Ի վաելումն շինեցի» (ԴՀՎ 2, 70, նկ․ 3)։ Կառույցի վրա առկա երրորդ արձանագրությունը վերաբերվում է 1985 թվականի նորոգմանը և գտնվում է ժամանակակից կառույցի ճակատապատի աջակողմյան հատվածում՝ «Նորոգվեց/ թվ ՌՋՁԵ» (Խուրշուդեան 2022, 399)։

Նկ․ 3 Աջակողմյան գլխատան մուտքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Մելիք-Բարխուդարյանների ապարանքը իր վրա կրում է մինչև մեր օրերը հասնող բազմաթիվ նորոգությունների հետքեր։ Նախնական հատվածների պատերի հաստությունը 1․1-1․2 մետր է, իսկ վերափոխված հատվածներինը՝ 0․7-0․8 մետր։ Կառուցված է հիմնականում տեղական կոպտատաշ քարից։ Պատերի մեջ առկա են վերօգտագործված տապանաքարերի և ճարտարապետական դետալների բեկորներ։ Նախնական համալիրը, ըստ Ա․ Ղուլյանի, կազմված է արևելք-արևմուտք ուղղությամբ մի շարքով ձգված կենտրոնական երկու կից գլխատներից, և նրանց կողքին եզրային երկու թաղածածկ սրահներից, իսկ ընդհանուր չորս սենյակների դիմաց եղել է սյունասրահ (Ղուլյան 2001, 110)։ Համալիրը ամփոփված է ընդհանուր հատակագծում մեկ պարսպապատ ուղղանկյան մեջ (արտաքուստ' 13,0 X 26,5 մետր), որի արևմտյան վերջավորության հատվածը անորոշ է (նկ․ 4):

Նկ․ 4 Ապարանքի նախնական կառուցվածքի վերակազմություն, հեղ․ Ա․ Ղուլյան։

Ապարանքի գլխատները միաչափ են, քառակուսուց փոքր-ինչ շեղված հատակագծով (ներքուստ' 6,55 X 6,85 մետր) և ունեն իրար կողք դեպի սյունասրահ բացվող մեկական մուտք: Արևելյան գլխատունը մեծ մասամբ փլված է: Գլխատների պատերում միայն երկու հանդիպակաց, փոքր ու հարթածածկ խորշեր կան, իսկ կողքերից ճակատապատի ներսի երեսով բացվող մուտքերով կապվում են երկու եզրային դահլիճի հետ (Ղուլյան 2001, 110, նկ․ 5): Թաղածածկ դահլիճների (արևելյանը ներքուստ' 3,7 X 6,8 մետր, արևմտյանը' 4,1 X 6,9 մետր) խորքի պատում ավանդական բուխարին է։ Արևելյան դահլիճը սրահի կողմից միայն նեղ պատուհան ունի, իսկ արևմտյանի լայն պատուհանն ու մուտքը, ինչպես նաև դրանց առջևի կամարակապ նախամուտքը հետագա վերակառուցման արդյունք են (Ղուլյան 2001, 110, նկ 6)։

Արտաքին սյունասրահի փլուզման հետևանքով 19-րդ դարում քառասյուն սրահի սյուների քայլին համապատասխան երկարությամբ և սրահի լայնության չափով երկու կրկնահարկ ու գերանածածկ սենյակներ են կառուցվել, իսկ գլխատների շքամուտքերի և եզրային դահլիճների առջևում այդպիսով առաջացած նախամուտքերը ծածկվել են ճակատաբաց կամարաթաղերով: Սակայն, քանի որ դահլիճները այդ նախասրահներից մուտքեր չունեին, դրանցից արևմտյանի ճակատապատում մուտք է բացվել և պատուհանը լայնացվել է, իսկ արևելյան կողմի նախասրահը դարձյալ վեր է ածվել սենյակի (Ղուլյան 2001, 112)։ Հետագայում ավելացված կրկնահարկ շինությանն այսօր հենված է մի ձիթհանի քար (նկ․ 7)։

Նկ․ 5 Ապարանքի չափագրությունը, հեղ․ Ա․ Ղուլյան։

Նկ․ 6 Ապարանքը 1980-ականներին, Ղուլյան 2001, 113։

Նկ․ 7 Կառույցի երկհարկ հավելումն ու ձիթհանի քարը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Մատենագրական քննություն

Ըստ Ն. Պապուխյանի ապարանքի հնագույն մասը կազմված է երկու քարակերտ գլխատներից, մեկ թաղակապ սենյակից և մեկ թաղակապ նախամուտքից, որից աջ և ձախ եղել են, ըստ երևույթին նույնպես թաղակապ բաժանմունքներ, իսկ համակառույցի մյուս մասերը հետագա հավելումներ են (Պապուխյան 1963, 70):

Վիճակը 2020-2022 թթ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Մելիք-Բարխուդարյանների ապարանքը հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։

Կառույցը ամբողջությամբ վերանորոգված է։

Գրականություն

  1. ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1960։
  2. Լալայեան 1899 - Լալայեան Ե․, Զանգեզուրի գաւառ, հատոր Բ, Թիֆլիս։
  3. Խուրշուդեան 2022 - Խուրշուդեան Ս․, Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը, Սիոն, թիւ 8-12, Երուսաղէմ։
  4. Կոստիկյան 1999 - Կոստիկյան Ք․, Ղարաբաղի XVIII դարի պատմությունն ըստ Միրզա Յուսուֆ Ներսեսովի «Թարիխ-ե Սաֆի»-ի, Պատմա-բանասիրական հանդես, 2-3, Երևան, էջ 342-358։
  5. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, RAA գիտական ուսումնասիրություններ, գիրք 4-րդ։
  6. Պապուխյան 1963 - Պապուխյան Ն., Սիսիանի, Գորիսի ու Ղափանի ժողովրդական ճարտարապետության կառուցվածքները, Տեղեկագիր հասարակական գիտությունների, N 11, Երևան։
  7. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: