Ակներ գյուղի արձանագիր ժայռաբեկորը
Տեղադրությունը
Ակներ (Բռուն) գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 84 կմ, իսկ խոշորացված համայնքի կենտրոն Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1700 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Տաթևի 10-րդ դարով թվագրվող ջրամատակարարման ջրանցքը և 1294 թվականի արձանագիր ժայռաբեկորը, որը հայտնի է «Ճղած քար» անունով (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Ակներ գյուղից մի քանի հուշարձաններ գրանցված են Վերիշեն գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Մի շարք հետազոտողներ այդ հուշարձաններին անդրադառնում են որպես հարևան Վերիշեն համայնքի հուշարձաններ, բայց դրանք գտնվում են Ակներ գյուղի տարածքում և գյուղի մշակութային ժառանգության և ինքնության մաս են կազմում։ Խնդիրը գալիս է խորհրդային շրջանից, երբ 1958-1990 թվականներին Ակները գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում (ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կայքէջից)։ Այս հուշարձաններից է նաև «Ճղած քար» արձանագիր ժայռաբեկորը (նկ․ 2)։
932 թվականին Սյունյաց եպիսկոպոս Հակոբը 12000 դրամով և մի լուսավոր շաւահիրով (թանկագին գոհար) գնում է Սյունյաց տեր Ֆիլիպե իշխանից Ձագեձորի Վարարակ կոչվող աղբյուրների ջուրը և ջրանցք կառուցելով (նկ․ 3)՝ ջուրը տեղափոխում է Ցաքուտ կոչվող տարածք (Օրբէլեան 1910, 253-256): Կառուցելով շուրջ 29 կմ երկարությամբ ջրանցքը, Հակոբ եպիսկոպոսը ջուր է հասցնում Տաթևի վանքին պատկանող խամ ու խոպան հողերը (ժամանակակից Հալիձոր, Շիկահող, Խոտ գյուղերից վերև ընկած ընդարձակ տափարակը), ինչի շնորհիվ այդ վայրը դառնում է «Վարդուտ» (Գրիգորյան 1973, 112)։
1294 թվականին ջրանցքը նորոգել է տեր Հովհաննեսը, ինչին և վերաբերում է «Ճղած քարի» արձանագիրը. «Յամի յորում էր թվ․ ։ՉԽԳ։ (1294) ես տ[ե]ր Յոհանէս կամաւ/ն Ա[ստուծո]յ եւ աղաւթիւք հոգեւոր հաւր իմո տ[ե]ր Հա/յրապետա տարա զջուրս Վարարական ի Վարդուտն, զ/որ ա[ստուած]ապատիւ եւ հոգեւոր տ[ե]ր Յակոբ գնեալ էր եւ/ տարեալ բազում աշխատութ[եամ]բ եւ արդեամբ․ զխափան/եալն ի բազում ամանակաց կրկին նորոգեցաք յիշ/ատակ մեզ եւ նախնեաց մերոց․ որք հանդիպիք ս[ուր]բ Երր/որդութեմ[բ] յիշեցէք ի Ք[րիստո]ս» (ԴՀՎ 2, 78)։
Ջրանցքի և արձանագրության վերաբերյալ Լալայանը գրի է առել ժողովրդական մի ավանդույթ, ըստ որի՝ տեղացիների կողմից «Քեշիշ-արխ» կոչվող այս ջրանցքը կառուցել է մի քահանա։ Երբ ջուրը հասել է ժայռին, քահանան բացականչել է, թե ի՛նչ ահագին ժայռ է, և իսկույն ժայռը ճեղքվել է։ Այս ամենը տեսնելով, կողքի մշակը ասել է, թե տերտեր ինչ լավ աչք ունես, որի արդյունքում քահանայի աչքն է տրաքել (Լալայեան 1898, 130)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Շուրջ 29 կմ երկարություն ունեցող հիմահողային ջրանցքով Ակներ գյուղի հյուսիսում ընկած աղբյուրների ջրերը տեղափոխվել են Տաթևի մոտ գտնվող մոտ 100 հա հողատարածքը (նկ․ 4)։ 1294 թվականին ջրանցքը վերանորոգել է Տաթևի Հովհաննես արքեպիսկոպոսը և Ակներ գյուղի տարածքում՝ ճեղքված ժայռի մեծ բեկորի վրա թողել է շինարարական արձանագրությունը։ Ութատող արձանագրության աջակողմյան հատվածում պատկերված է երեք խաչ։ Ս. Բարխուդարյանը նշում է, որ հայերեն արձանագրության վերին հատվածում պահպանված «արաբերենին նմանվող» գիրը (նկ․ 5), ըստ «Լենինգրադի մասնագետների» 7-րդ դարի պահլավերեն է (ԴՀՎ 2, 75)։
19-րդ դարի վերջում ջրանցքը չէր գործում, և Վարդուտը նորից վերածվել է Ցաքուտի (Լալայեան 1898, 130): Խորհրդային իշխանության առաջին տարիներին ջրանցքի արձանագիր ժայռաբեկորի մոտակայքում կառուցվել է հիդրոկայան և դրա ջրընկեցի կառուցումները (ԴՀՎ 2, 75)։ 1966 թվականին «Սովետական Հայաստան» օրաթերթում Գ․ Գրիգորյանը, «Հողը, ջուրը և մարդիկ» հոդվածում առաջարկում է վերականգնել պատմական ջրանցքը՝ Ցաքուտը նորից ծաղկեցնելու համար (Գրիգորյան 1966, 1)։
Վիճակը 2020-2022 թթ․ ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Ակների «Ճղած քարի» արձանագիր ժայռաբեկորը հայտնվել է սահմանից 5․9 կմ հեռավորության վրա։
Մատենագրական քննություն
Ե․ Լալայանը «Ճղած քարի» ժայռաբեկորի արձանագրության թվականի ՉԽԳ-ն ընթերցել է ՉԽԱ, իսկ Բարխուդարյանը նշում է, որ արձանագրության թվականի միավորի վրա գրիչը ուղղում է կատարել (ԴՀՎ 2, 75)։
Գրականություն
- Գրիգորյան 1966 - Գրիգորյան Գ․, Հողը, ջուրը և մարդիկ, Սովետական Հայաստան, N 142, Երևան։
- Գրիգորյան 1973 - Գրիգորյան Գ․, Սյունիքի վանական կալվածատիրությունը IX-XIII դարերում, Երևան։
- ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմող Ս Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ․, Երևան, 1960:
- Լալայեան 1898 - Լալայեան Ե․, Ազգագրական հանդէս, գիրք Գ, Թիֆլիս։
- Օրբէլեան 1910 - Ս. Օրբէլեյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս։
- Ակներ գյուղական մնակավայր, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կայքէջ, https://www.goriscity.am/Pages/CustomPage/?CustomPageID=722b890c-cc0b-4c5d-bdf2-30fbebab4291, 08․01․2024։