Խնածախի գերեզմանատունը

Տեղադրությունը

Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության  վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է գյուղի գերեզմանատան միջնադարյան հատվածը (նկ․ 1)։

Խնածախի գերեզմանատունը

Նկ․ 1 Գերեզմանատան մի հատվածը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։

15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր (1450-1455-ից մինչև 1515-1520 թվականներ), ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հասրաթյան 1985, 157; Հովսեփյան 1928, 232):

Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։

Մելիքանիստ գյուղի գերեզմանատան տարածքում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր ու խաչքարեր, որոնք թվագրվում են 12-20-րդ դարերով (նկ․ 2)։

Նկ․ 2 Խնածախի գերեզմանատան ընդհանուր տեսքը, լուս․ Google Earth հավելվածից։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Միջնադարյան գերեզմանատունը գտնվում է Խնածախ գյուղի հարավ-արևմտյան հատվածում և օգտագործովում է մինչ օրս։ Պատմական հատվածը զբաղեցնում է ընդհանուր գերեզմանատան արևելյան մասը` շուրջ 1,4 հա տարածք։ Տարածքում հողի շերտի կտրվածության մեջ նկատելի են միջնադարյան սալածածկ թաղումներ (նկ. 3)։

Գերեզմանատան տարածքում առկա են առանձին հուշարձանի կարգավիճակ ունեցող 9 խաչքարեր, որոնց մի մասը արձանագիր է (նկ. 4)։ 12-13-րդ դդ․ խաչքարերից առանձնանում է 1256 թվականով թվագրվող խաչքարը (Խուրշուդեան 2023, 224, նկ․ 5), որը քանդակված է բրոնզ-երկաթեդարյան քանդակազարդ ցից քարի վրա (Ավետիսյան, Գնունի, Մկրտչյան, Բոբոխյան 2023, 201, 202, 204, նկ. 6)։

Նկ․ 3 Հողաշերտի կտրվածքում երևացող թաղումները, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 5 1256 թ․ արձանագրությամբ խաչքարի դիմերեսը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 4 Գերեզմանատան խաչքարերի մի հատվածը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 6 1256 թ․ արձանագրությամբ խաչքարը՝ թիկունքից, լուս․՝ Monumentwatch խմբի։

17-րդ դարի խաչքարերից ուշագրավ է 1652 թվականով թվագրվող խաչքարը, որն ունի ընդարձակ արձանագրություն՝ «Ես՝ Հայկազս եւ մ[ա]յրն իմ՝ Ն[ա]զ/լուխ[ա]նս, կ[ա]նկնեց[ո]ւցաք/ ՍԲ խ[ա]չս/ թվ[ին] ՌՃԱ (1652)։/ Փրկութի[ւն] հոգ[ո]յ մ[ա]ւրն/ իմոյ՝ Խ[ա]թունաղին, որ էր կին յիշ/խ[ա]նին, որ Աւղլ[ա]ն Քէշիշ կոչին» (Խուրշուդեան 2023, 223, նկ. 7):

Նկ․ 7 1652 թ․ արձանագրությամբ խաչքարը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մատենագրական քննություն

Խնածախի գերեզմանատան խաչքարերի արձանագրություններ իր «Խնածախի պատմամշակութային ժառանգութունը» հոդվածում ներկայացրել է վիմագրագետ Ս․ Խուրշուդյանը (Խուրշուդեան 2023):

Վիճակը 2020-2022  թթ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախի գերեզմանատունը հայտնվել է սահմանից 1,05 կմ հեռավորության վրա։

Գրականություն

  1. Ավետիսյան, Գնունի, Մկրտչյան, Բոբոխյան 2023 - Ավետիսյան Հ․, Գնունի Ա․, Մկրտչյան Լ․, Բոբոխյան Ա․, Հին Հայաստանի «Ցից քարերը», Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան։
  2. Խուրշուդեան 2023 - Խուրշուդեան Ս․, Խնածախի պատմամշակութային ժառանգութիւնը, Սիոն, թիւ 4-7, Երուսաղէմ։
  3. Հասրաթյան 1985 - Հասրաթյան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
  4. Հովսեփյան 1924 - Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
  5. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: