Խնձորեսկի մելիքական ապարանքը
Տեղադրությունը
Խնձորեսկ գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 93 կմ, իսկ խոշորացված համայնքի կենտրոն Գորիսից 13 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1580 մ բարձրություն։ Գյուղի տարածքում է գտնվում Հին Խնձորեսկ բնակատեղին (նկ․ 1), որի բազմաթիվ հուշարձաններից է և Սբ․ Հռիփսիմե եկեղեցուց վերև տեղադրված Մելիք-Փարամազյանների ապարանքը (նկ․ 2, 3)։
Պատմական ակնարկ
Հին Խնձորեսկը միջնադարյան մեծ և հայտնի բնակավայրերից է։ 17-18-րդ դարերում բնակավայրը եղել է Տաթևին հարկատու ամրություններից մեկը, 18-րդ դարի 20-30-ական թվականներին Խնձորեսկի ամրոցը եղել է Դավիթ Բեկի գլխավորած շարժման հենակետերից մեկը (նկ․ 3)։
Մելիք-Փարամազյանների և նրանց ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ գրեթե չկան։ Պահպանվել է միայն մելիքական ապարանքի դարպասի բարավորի արձանագրությունը՝ «Ի վաելումն մէլիք/ Քասու որդի Մէլիք Փարմ/ազին, թվին :ՌՄՁԵ:ին (1836)» (ԴՀվ 2, 63, նկ․ 4)։ Ըստ Ա․ Ղուլյանի՝ արձանագրությունը վերաբերում է ապարանքի վերանորոգմանը, իսկ կառույցի վաղ շերտերը թվագրվում են առնվազն 18-րդ դարով (Ղուլյան 2001, 26)։
Ըստ Ե․ Լալայանի կողմից գրի առնված անեկդոտային մի պատմության, որը հղել են նաև մյուս հետազոտողները, մի կիրակի գյուղացիները հավաքվում են մելիքի դռանը, դատի համար, բայց Մելիք Փարամազը հրաժարվում է դուրս գալ։ Երբ գյուղացիները շատ են թախանձում մելիքը մերկ դուրս է գալիս և բարկանում, թե «հալավս (շապիկ) լուացալ էն, հալա չորացալ չի, հի՞նչ ըք զահլա տանըմ» (Լալայեան 1899, 14)։ Քննությունը ցույց է տվել, որ, հավանաբար, Մելիք-Փարամազյանները չեն եղել գավառապետ-մելիքներ, այլ եղել են շահի կողմից մելիքական աստիճան ստացած հարուստ գյուղապետ-կալվածատեր (Ղուլյան 2001, 26)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Մելիք-Փարամազյանների ապարանքի վաղ շերտերը վերաբերում են առնվազն 18-րդ դարին։ Ապարանքի ավերակները համեմատաբար լավ են պահպանվել մինչև 1930-ական թթ., բայց գյուղի տեղափոխման ժամանակ համակառույցի հիմնական մասը քանդել ու քարերն օգտագործել են, իսկ կանգուն մնացած դարպասն ու դրան կից շինությունները պահպանվել են մինչև 60-ական թթ. (Ղուլյան 2001, 26, նկ․ 5): Ըստ Լիսիցյանի՝ ապարանքի հին մասում եղել են ետնամասերով ժայռի մեջ խորացող երեք քարաշեն գլխատներ՝ թաղակապ նախամուտքով, երկհարկանի, ընդարձակ, երկար ու թաղակապ սրահ-ընդունարանով՝ փոքրիկ լուսամուտներով ու գեղեցիկ ձևավորված բուխարիով, թաղակապ դահլիճից ու սյունազարդ կամարասրահից բաղկացած ախոռով, որոնք կառուցված էին լավ տաշած քարից, բավականին ճոխ ու խնամքով (Լիսիցյան 1969, 66): Նախնական կառույցը բաղկացած է եղել երկհարկանի, թաղակապ ու երկլանջ տանիքով ծածկված ընդունարանի երկրորդ երեսբաց վերնահարկից, սրա առաջին հարկի ճակատի աջակողմյան շարունակությունը կազմող քառասյուն կամարասրահից, լանջի մեջ խորացող ետնամասի շինությունից (Ղուլյան 2001, 27, նկ․ 6)։ Ուշագրավ է քառասյուն կամարասրահը, որի հատակը փոքր-ինչ բարձր է բակից, քառանիստ, միակտոր սյունաբներն ունեն պարզ հիմնասալ և սեղանաձև հատվածքի խոյակներ (Ղուլյան 2001, 27, նկ․ 7)։ Հետագայում կառույցը կրել է շինարարական մի շարք նորոգումներ:
Մատենագրական քննություն
Հետազոտողներ Լիսիցյանը և Բարխուդարյանը պահպանված արձանագրությունը ընթերցելիս չեն նկատել «ՓԱՐԱՄԱԶԻՆ»-ի «Մ»-ին կցագրված «Ա»-ի մասնիկը և անունը կարդացել են «ՓԱՐՄԱԶԻՆ», բաց են թողել նաև վերջին «ԻՆ»-ը, իսկ Ստ. Լիսիցյանը բաց է թողել «ՔԱՍՈԻ»-ն (Ղուլյան 2001, 26; ԴՀվ 2, 63; Լիսիցյան 1969, 66):
Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Հին Խնձորեսկը Մելիք-Փարամազյանների ապարանքի հետ միասին հայտնվել է սահմանից շուրջ 4,8 կմ հեռավորության վրա։
Գրականություն
- ԴՀՎ 2 - Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Ղափանի և Սիսիանի շրջաններ, կազմեց Ս. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1960:
- Լալայեան 1899 - Լալայեան Ե․, Զանգեզուրի գաւառ, հատոր Բ, Թիֆլիս։
- Լիսիցյան 1969 - Լիսիցյան Ս․, Զանգեզուրի հայերը, Երևան։
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, RAA գիտական ուսումնասիրություններ, գիրք 4-րդ։