Խոզնավարի «Խաչեր» սրբատեղին
Տեղադրությունը
Խոզնավարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 29, իսկ Գորիս քաղաքից 21 կիլոմետր հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1592 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող նշանավոր հուշարձաններից է «Խաչեր» սրբատեղին (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
«Խոզնավար» անունը նշանակում է անմշակ արտի վարելատեղ (Մարգարյան 1992, 139): Ըստ Տաթևի վանքի նոր հարկացուցակի, գյուղը տվել է 4400 դահեկան պտղի հարկ։ Գյուղի մասին տեղեկություններ են պահպանվել ձեռագիր հիշատակարաններում (Հիշատակարաններ 1967, 116, 148, 191)։ Համաձայն 1490 թվականին արտագրված մի ձեռագրի հիշատակարանի Խոզնավարը մաս է կազմել Սյունիքի Աղահեճքի Քաշաթաղ գավառի՝ (Խուրշուդեան 2024, 93): Խոզնավարի «Խաչեր» սրբատեղիի վերաբերյալ պատմական տեղեկություններ և արձանագրություններ չկան։
Այժմ հուշարձանի տարածքում վառված մոմերի մեծ քանակությունը, սրբացված թփի վրա կապված մեծ թվով ժապավենները, մատաղի ծեսի հետքերը և տարածքի խնամվածությունը խոսում են համայնքի համար սրբավայրի կարևորության մասին։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Խոզնավարի «Խաչեր» սրբատեղին գտնվում է գյուղի արևմտյան կողմում՝ գյուղ մտնող ցուցանակի հարևանությամբ՝ ճանապարհի աջակողմյան հատվածում։ Սարալանջի վրա հավաքված են երկու ամբողջական և մեկ թերի խաչազարդ վաղմիջնադարյան կոթողների խաչակալներ, որոնք էլ հանդիսանում են հիմնական սրբությունները (նկ․ 2)։ Խաչակալը վաղմիջնադարյան խաչակիր կոթողի ամենապատասխանատու բաղկացուցիչն է։ Այն որպես կանոն, արտապատկերում է քառասյուն գմբեթակիր մի կառույց, նման Գողգոթայում կանգնեցված տեմպիետոյին և Գրիգոր լուսավորչի տեսիլքում նկարագրվածին (Պետրոսյան 2008, 17-18)։ Խոզնավարի խաչակալները ոճավորված են սյունազարդ կառույցի օրինակով։ Ուղղանկյուն կոթողի կողային նիստերին պատկերված են մեկական պայտաձև կամարով սյուներ, իսկ դիմահայաց ավելի լայն նիստի վրա՝ ավելի փոքր չափի զույգ կամարներ։ Զույգ կամարներից վերև պատկերված է հավասարաթև խաչ։ Հաշվի առնելով Սյունիքում և Արցախում վաղ միջնադարին բնորոշ պայտաձև կամարների, խաչակիր կոթողների կիրառումը մինչև 9-10-րդ դարեր, Տաթևի, Որոտնավանքի սյուների թվագրությունը, Խոզնավարի խաչակալները կարող ենք թվագրել 7-9-րդ դարերով։
«Խաչեր» սրբատեղիում խաչակալները, այլ բեկորների և նոր սրբաքանդակների հետ վերցված են խաչերով զարդարված մետաղական ցանկապատի մեջ։ Սրբավայրում կա նաև սրբացված թուփ, որի վրա փաթաթված են բազմաթիվ ժապավեններ և մատաղ մատուցված աքլորների գլուխներ ու վերջույթներ (նկ․ 3)։ Սրբացված թփի տակ դրված է նաև բուխարու ոճավորված քար (նկ․ 4)։ Տարածքում՝ սարալանջի վրա, եղել են կառույցների հիմքեր, որոնց մնացորդները (պատերի հատվածներ, տապանաքարերի և խաչքարերի բեկորներ) ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս հողի երես (Ալեքսանյան 2020)։
Երկար տարիներ սրբավայրի տարածքից են խոզնավարցիները ճանապարհում զինվորական ծառայության մեկնողներին։ Սրբատեղիի տարածքը 2017 թվականին բարեկարգվել է խոզնավարցի Արամ Բաղդասարյանի ջանքերով և կանգնեցվել է 5 մետր բարձրությամբ նոր մետաղական խաչ (Ալեքսանյան 2020, նկ․ 5)։
Մատենագրական քննություն
Խոզնավարի «Խաչեր» կոչվող սրբատեղիին իր «Խոզնավարի յուշարձանները» հոդվածում հպանցիկ կերպով անդրադարձել է վիմագրագետ Ս. Խուրշուդյանը (Խուրշուդեան 2024, 98): Ավելի նկարագրողական կերպով հուշարձանը ներկայացված է «Սյունյաց երկիր» կայքէջում՝ «Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավայրերը» վերնագրով հոդվածում (Ալեքսանյան 2020)։
Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խոզնավարի «Խաչեր» կոչվող սրբատեղին հայտնվել է սահմանից 1,35 կիլոմետր հեռավորության վրա։
Գրականություն
- Մարգարյան 1992 - Մարգարյան Ալ․, Տեղանվանական մեկնություններ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, Երևան, էջ 133-139։
- Հիշատակարաններ 1967 - ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 3, կազմեց՝ Լ. Խաչիկյան, Երևան։
- Խուրշուդեան 2024 - Խուրշուդեան Ս․, Խոզնավարի յուշարձանները, Սիոն, թիվ 96, Երուսաղէմ, էջ 93-100։
- Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ․, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինինֆո:
- Ալեքսանյան 2020 - Ալեքսանյան Ս․, Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավայրերը, Սյունյաց երկիր, https://syuniacyerkir.am/syunyats-ashkharhi-grchutyan-kentron-khoznavari-srbavayrery, 23․02․2020։