Ակներ գյուղի «Խաչեր» սրբատեղին
Տեղադրությունը
Ակներ (Բռուն) գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 84 կմ, իսկ խոշորացված համայնքի կենտրոն Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1700 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Խաչեր սրբատեղին, որը հայտնի է նաև Խաչին օս, Ակնին ճիրին խաչ, Սըփ Կակօփի խաչ անուններով (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Խաչեր սբատեղին, ինչպես նաև Ակների մի քանի այլ հուշարձաններ գրանցված են Վերիշեն գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Մի շարք հետազոտողներ այդ հուշարձաններին անդրադառնում են, որպես հարևան Վերիշեն համայնքի հուշարձաններ, բայց դրանք գտնվում են Ակներ գյուղի տարածքում և գյուղի մշակութային ժառանգության և ինքնության մաս են կազմում։ Խնդիրը գալիս է խորհրդային շրջանից, երբ 1958-1990 թվականներին Ակները գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում (ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կայքէջ, https://www.goriscity.am/Pages/CustomPage/?CustomPageID=722b890c-cc0b-4c5d-bdf2-30fbebab4291)։ Այս հուշարձաններից է Ակներ գյուղի հիմնական ուխտավայր հանդիսացող Խաչեր սրբատեղին։
Ե․ Լալայանը նկարագրում է սառնորակ աղբյուրների մոտ գտնվող քերծերում առկա սրբատեղին և նշում, որ «թէպէտ ո՛չ մի խաչ, ո՛չ մի պատկեր չկայ, բայց և այնպէս՝ ձէթի հին կանթեղներ են վայր ածած մեծ թւով, և ամբողջ քարատակը սևացած է վառուած ձէթի ճրագների և մոմերի ծուխից» (Լալայեան 1899, 31)։ Հեղինակը նաև նշում է, որ ուխտատեղի «այժմս էլ Գորիսից շատ ուխտաւորներ են գալիս» (Լալայեան 1899, 31)։
Զանգեզուրի հայերը աշխատությունում Ս․ Լիսիցյանը նշում է, որ նախնական սովորությունների համաձայն Վարդավառի տոնը նվիրված է լեռների պաշտամունքին և հենց այդ օրն են եղել ուխտագնացությունները դեպի սրբացված լեռներ (Լիսիցյան 1969, 278)։ Այս համատեքստում հեղինակը ներկայացնում է նաև դեպի Մեծ Իշխանասար (Սըփ Օհանէսի) իրականացվող ուխտագնացությունը։ Որպես ուխտագնացության ավարտ, երեկոյան, վերադարձի ճանապարհին, ուխտավորները այցելել են նաև Խաչեր սրբատեղի, որը Լիսիցյանն անվանում է Սըփ Կակօփի (Սուրբ Հակոբի) խաչ (Լիսիցյան 1969, 280)։ Նկարագրելով սրբատեղիում քարատակի մեկ մուտքից մտնելու և մյուսից դուրս գալու ծեսը՝ հետազոտողն այն ներկայացնում է որպես չար ոգիների սպառնացող վտանգներից ազատվելու միջոց և նշում, որ այս ծեսը կատարվել է բոլոր խաչայցելություններին (Լիսիցյան 1969, 280)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Սրբատեղին գտնվում է Իշխանասարի ստորոտի հատվածի ժայռոտ բլուրներից մեկի վրա՝ Վարարակն գետի ակունքների շրջակայքում։ Համալիրի հիմնական հատվածը մի երկարավուն քարատակ է, որի մեկ մուտքով ուխտավորները ներս են մտել, իսկ երկրորդով՝ դուրս եկել (նկ․ 2)։ Բացի հիմնական քարատակը, կան նաև այլ սրբացված խորշեր, իսկ համալիրի վերին հարթակի վրա տեղադրված են մի քանի նոր խաչքարեր, տաղավարներ, մատաղի ծեսի իրականացման հարմարություններ (նկ․ 3)։ Բլրի վերին հատվածից դեպի հիմնական սրբատեղի իջնելու համար տեղադրվել են աստիճաններ։ Նոր խաչքարեր և տաղավար է կառուցվել նաև բլրի ստորոտում՝ Վարարակն գետակի ափին։ Բլրի ստորոտում առկա քարատակերից մեկը նույնպես սրբացված է, որտեղ տեղադրված քարե նոր վահանակի վրա գրված է «Ս․ Գևորգ», իսկ ներսում տեղադրված է 11-12-րդ դարերի խաչքար և կոթողի սյուն (նկ․ 4)։
Խաչեր սրբատեղի այժմ էլ բազմաթիվ ուխտավորներ են այցելում Ակներից, Գորիսից և շրջակա մյուս բնակավայրերից։ Սրբացված երկմուտք քարատակի մեջ տեղադրված են բազմաթիվ սրբապատկերներ, ծաղիկներ, մոմակալներ, լուսանկարներ, դրոշներ (նկ․ 5)։ Սրբատեղի տարբեր հատվածներում առկա են մոմավառությունների և աքլորի զոհաբերությյան բազմաթիվ մնացորդներ (գլուխներ, վերջույթներ)։
Վիճակը 2020-2022 թթ․ ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Ակների Խաչեր սրբատեղին հայտնվել է սահմանից 4․1 կմ հեռավորության վրա։
Մատենագրական քննություն
Ակների Խաչեր սրբատեղիին իրենց աշխատություններում անդրադարձել են Ե․ Լալայանը և Ս․ Լիսիցյանը։
Գրականություն
- Լալայեան 1899 - Լալայեան Ե․, Զանգեզուրի գաւառ, հատոր Բ, Թիֆլիս։
- Լիսիցյան 1969 - Լիսիցյան Ս․, Զագեզուրի հայերը, Երևան։
- Ակներ գյուղական բնակավայր, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կայքէջ, https://www.goriscity.am/Pages/CustomPage/?CustomPageID=722b890c-cc0b-4c5d-bdf2-30fbebab4291, 08․01․2024։