Խնածախի Մեջի մահլի աղբյուրը
Տեղադրությունը
Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կիլոմետր, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կիլոմետր, իսկ Գորիս քաղաքից 28 կիլոմետր հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Մեջի մահլի աղբյուրը (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։
15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր (1450-1455-ից մինչև 1515-1520 թվականներ), ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հասրաթյան 1985, 157; Հովսեփյան 1928, 232):
Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։
Գյուղի կենտրոնում գտնվող 19-րդ դարի աղբյուրն այժմ էլ ունի կարևոր նշանակություն, ինչպես պատմամշակությին առումով, այնպես էլ խմելու ջրի մատակարարման տեսանկյունից։ Աղբյուրի կենտրոնական հատվածում պահպանվել է շինարարական քառատող արձանագրությունը՝ «Յիշատակ է ախբուրս ալղուլ/եցի Ափու որդի Ռսդամին, Ամ/իրին, Գալուստին, Խաչատո[ւրին],/ Յարապետին, Դանիէլին 1861» (Խուրշուդեան 2023, 225, նկ. 2): Աղբյուրի վերաբերյալ պահպանվել է նաև տեղեկություն, որ կառուցման ֆինանսավորումը կատարվել է ալղուլեցի Դանիէլեան Ռուստամի կողմից, իսկ կառուցողը եղել է Խնածախ գյուղի լավագույն վարպետ Սիմոն Սիմոնյանը (Խուրշուդեան 2023, 225)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Աղբյուրը կառուցված է տեղական կոպտատաշ քարով և կրաշաղախով: Կառույցի հիմնական հատվածը թաղակապ սրահն է, որի աջ և ձախ հատվածներում՝ պատերի մեջ, առկա են մեկական պատրհաններ։ Կենտրոնական հատվածում՝ կամարի տակ գտնվում են երեք հիմնական քարե նավերը։ Եվս երկու քարե նավ շարունակվում են աջակողմյան հատվածում։ Հետագայում աղբյուրի դիմացի և աջակողմյան հատվածներում ավելացվել են բետոնե և երկաթե նոր նավեր (նկ․ 3)։
Թունելով բերված ջրի աղբյուրը (քահրիզ) բազմիցս վերանորոգվել է և ընդլայնվել։ Խմելու ջրի կենտրոնական աղբյուրն ու ջրատարը վերջին անգամ հիմնովին նորոգվել են 2003 թվականին Խնածախ համայնքի նախաձեռնող խմբի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպոթյան կողմից, ինչի վերաբերյալ շինարարական արձանագրության վերևի հատվածում ավելացվել է ցուցանակ (նկ․ 4)։
Մատենագրական քննություն
Խնածախի աղբյուրի արձանագրությունը «Խնածախի պատմամշակութային ժառանգութունը» հոդվածում ներկայացրել է վիմագրագետ Ս․ Խուրշուդյանը (Խուրշուդեան 2023):
Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախի աղբյուրը հայտնվել է սահմանից 730 մետր հեռավորության վրա։
Գրականություն
- Խուրշուդեան 2023 - Խուրշուդեան Ս․, Խնածախի պատմամշակութային ժառանգութիւնը, Սիոն, թիւ 4-7, Երուսաղէմ։
- Հասրաթյան 1985 - Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
- Հովսեփյան 1924 - Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
- Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: