Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին

Տեղադրությունը

Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության  վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին (նկ․ 1)։

Նկ․ 1 Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։

15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232):

Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։

Մելիքանիստ գյուղի կարևոր հուշարձաններից է 17-րդ դարի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Մելիք-Հայկազյանների ապարանքից 100 մետր հյուսիս-արևմուտք (նկ․ 2)։

Նկ․ 2 Եկեղեցու հարավային պատն ու գլխավոր մուտքը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Սբ․ Հռիփսիմե եկեղեցին թաղածածկ, եռանավ բազիլիկ է։ Խորանի երկու կողմերում ունի ավանդատներ (նկ․ 3): Կառույցն ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Եկեղեցին կառուցված է տեղական ճեղքված քարով և կրաշաղախով, իսկ մույթերը, պատուհանների և մուտքերի եզրաշարերը՝ սրբատաշ բազալտով: Կառուցել է Մելիք Հայկազ Բ-ն՝ 1610-1615 վականներին։

Նկ․ 3 Կառույցի ներքին տարածությունը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «Թ[վին] :ՌԿԴ: (1615)» (Խուրշուդեան 2023, 216)։ Հետագայում արձանագրությունից ներքև՝ ձախ հատվածում, ավելացվել է «1610» գրությունը (նկ․ 4)։ Տեղանքի մեծ թեքության և հողաշերտի հոսքի պատճառով կառույցի հյուսիսային կողմը ծածկվել է հողաշերտով։

1701 թ. եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է սրբատաշ բազալտով թաղածածկ, արևմտյան կողմից բաց գավիթ (նկ․ 5): Արևմտյան կողմի կամարակապ բացվածքը հետագայում փակվել է կոպտատաշ քարով։ Գավթի հարավային պատին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ «Թվին/ :ՌՃԾ: (1701)/: Կամաւն ԱՅ ես՝ պ[ա]ր[ո]ն Աղաճան բէկս,/ շինեցի զգաւիթս ի վ[ե]ր[այ] գերեզմանի/ եղբօրն իմոյ պ[ա]ր[ո]ն Պհաթոր բէկին» (Խուրշուդեան 2023, 216)։ Ըստ շինարարական մյուս արձանագրության գավիթը վերանորոգվել է 1897 թ. Ղահրաման Յարութիւնեանի կողմից՝ «Այս գաւիթս նորո/գեց Ղահրաման Յա/րութի[ւ]նիան/ 1897» (Խուրշուդեան 2023, 217, նկ․ 6)։

Նկ․ 4 Հարավային մուտքի բարավորն ու արձանագրությունը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 5 1701 թ․ ավելացված գավիթը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 6 Գավիթի կառուցման և վերանորոգման արձանագրությունները, լուս․՝ Monumentwatch խմբի։

Եկեղեցու և գավթի տանիքները ծածկված են բազալտե սալիկներով: 1905 թ․ եկեղեցու տանիքին ավելացվել է սրբատաշ քարով պատրաստված 6 սյուներից բաղկացած զանգաշտարակ (նկ․ 7)։

Կառույցի պատերի մեջ և շրջակայքում առկա են մեծ թվով տապանաքարեր, խաչքարեր և բեկորներ, որոնց մի մասը հավաքվել է եկեղեցու հարավային պատի տակ (նկ․ 2)։

Նկ․ 7 Եկեղեցու տանիքի զանգաշտարակը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մատենագրական քննություն

Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու և տարածքում գտնվող խաչքարերի և տապանաքարերի հատվածների վրա առկա  արձանագրությունները իր «Խնածախի պատմամշակութային ժառանգութունը» հոդվածում ներկայացրել է վիմագրագետ Ս․ Խուրշուդյանը (Խուրշուդեան 2023):

Վիճակը 2020-2022 թթ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խնածախի գերեզմանատունը հայտնվել է սահմանից 690 մ հեռավորության վրա։

Գրականություն

  1. Խուրշուդեան 2023 - Խուրշուդեան Ս․, Խնածախի պատմամշակութային ժառանգութիւնը, Սիոն, թիւ 4-7, Երուսաղէմ։
  2. Հասրաթյան 1985 - Հասրաթյան Մ․, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան։
  3. Հովսեփյան 1924 - Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
  4. Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: