Խոզնավարի Սբ․ Մինաս (Սբ. Ստեփանոս Նախվկայի) եկեղեցին

Տեղադրությունը

Խոզնավարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 29, իսկ Գորիս քաղաքից 21 կիլոմետր հեռավորության  վրա։ Ծովի մակերևույթից ունի 1592 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող ամենանշանավոր հուշարձանը Սբ․ Մինաս եկեղեցին է (Սբ․ Ստեփանոս Նախավկայի; նկ․ 1)։

Նկ․ 1 Խոզնավարի Սբ․ Մինաս եկեղեցին, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

«Խոզնավար» անունը նշանակում է «անմշակ արտի (խոզան) վարելատեղ (վար)» (Մարգարյան 1992, 139): Ըստ Տաթևի վանքի նոր հարկացուցակի, գյուղը տվել է 4400 դահեկան պտղի հարկ։ Եղել է Սյունիքի Աղահեճք գավառի մաս կազմող Քաշաթաղի գյուղերից մեկը՝ համաձայն 1490 թվականին արտագրված մի ձեռագրի հիշատակարանի (Խուրշուդեան 2024, 93):

Խոզնավարի Սբ․ Մինաս կամ Սբ․ Ստեփանոս Նախավկայի եկեղեցում պահվել են մեծ թվով ձեռագրեր։ Ըստ Ս․ Խանզադյանի, 1913 թվականի մարտի 16-ին քոչվոր թարաքամա ցեղն անսպասելի հարձակվում է գյուղի վրա և կողոպտում: Նրանք հափշտակում են նաև Սբ. Ստեփանոս Նախավկայի եկեղեցում պահվող 200-ից ավելի գրչագրեր և վառում (Խանզադյան 1980, 469):

Եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկությունները քիչ են։ Բացի մեզ հասած ձեռագիր հիշատակարանները (ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ 1967, 116, 148, 191), արժեքավոր տեղեկություններ են հաղորդում նաև եկեղեցու պատերին և շրջակայքում առկա  փոքրաթիվ վիմագրերը։ Կառույցի հիմնական արձանագրություններից մեկը հիշատակում է Ս․ Խանզադյանը (Խանզադյան 1980, 471)՝ «Սուրբ Ստեփանոս Նախավկայ. թվն ՌԾԱ...(1602)», որը հիմա տեղում չի պահպանվել (Խուրշուդեան 2024, 95)։ Այսպիսով, տեղացիների կողմից Սբ․ Մինաս կոչվող եկեղեցին ձեռագիր հիշատակարաններում և վիմագրում կոչվում է Սբ․ Ստեփանոս Նախավկայի անունով։ Եկեղեցին, հավանաբար, Սբ․ Մինաս է անվանակոչվել 1675 թվականի վերանորոգումից հետո (Խուրշուդեան 2024, 94)։

Եկեղեցու պատերին և տարածքում պահպանվել են մի շարք արձանագրություններ։ Հյուսիասյին պատի տակ ընկած սյան երեսին և ձախակողմյան նիստին գրված է եկեղեցու քահանաներ «Տ[է]ր Մ[ի]լ[քու]մ»-ի և նրա որդի «Տ[է]ր Ղազար»-ի անունները (Խուրշուդեան 2024, 95)։ Մեկ այլ եռատող արձանագրություն պահպանվել է կամարաշարի հյուսիսային սյան վրա՝ «Մ[ա]ս[ե]հի որդ[ի] Տանտէսի/ս, որ է Սարգըսը/ենց, զիշ[ե]ց[ե]ք ի Ք[րիստո]ս» (Խուրշուդեան 2024, 97; նկ․ 2)։ Արձանագրություն է պահպանվել նաև մկրտության ավազանի որմնախորշի ոճավորված կամարի վերին հատվածում՝ «Միք[աէ]լ ք[ա]հ[անայ]ս, յ[ի]շ[ե]ց[ե]ք ի Ք[րիստո]ս» (Խուրշուդեան 2024, 97; նկ․ 3)։

Նկ․ 2 Հյուսիսային սյան եռատող արձանագրությունը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ․ 3 Եկեղեցու մկրտության ավազանի պատրհանը և արձանագրությունը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Խոզնավարի Սբ․ Մինաս կամ Սբ․ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին տեղական կոպտատաշ գորշ քարից կառուցված եռանավ թաղածածկ բազիլիկ է։ Անկյունային հատվածները, սյուները, կամարները, մուտքերի, պատուհանների և խորշերի եզրաշարերը կառուցված են սրբատաշ քարով։ Արևմուտք-արևելք ուղղվածությամբ կառույցն արևելյան կողմում ունի կամարաձև աբսիդով խորան, որի վրա պահպանվել է սուրբ սեղանը։ Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ։ Թաղն իրենց վրա են կրել կամարներով միմյանց և պատերին միացած չորս հաստահեղյուս սյուները (նկ․ 4)։

Նկ․ 4 Կառույցի ներքին տարածությունը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատերի մեջ կիրառվել են բազմաթիվ խաչքարեր, տապանաքարեր և դրանց բեկորները, որոնց մի մասը արձանագիր են։ Երկու ամբողջական համաժամանակյա խաչքարեր տեղադրված են ավանդատների մուտքերի վերնամասում։ Հյուսիսային ավանդատան մուտքի վերնամասի խաչքարը արձանագիր է։ Արձանագրության վերին հատվածը ամբողջական չէ, քանի որ առաջ եկած քիվը, որի վրա, հավանաբար, եղել է արձանագրության սկիզբը, քերված է, իսկ խաչքարի ստորին հատվածում՝ վարդյակի երկու կողմերում, թվականն է՝ «Թվ[ին] :ՌԺԷ: (1568)» (Խուրշուդեան 2024, 96, նկ․ 5):

Եկեղեցին վնասվել է 1931, 1968 թվականների երկրաշարժերից և 1974 թվականի մեծ հեղեղից (Խուրշուդեան 2024, 94)։ Այժմ մասամբ խոնարհված է, փլուզման վտանգի տակ են նաև կանգուն հատվածները:

Նկ․ 5 Հյուսիսային ավանդատան մուտքը և արձանագիր խաչքարը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մատենագրական քննություն

Խոզնավարի Սբ. Մինաս եկեղեցու և տարածքում գտնվող խաչքարերի և տապանաքարերի հատվածների վրա առկա  արձանագրություններն իր «Խոզնավարի յուշարձանները» հոդվածում ներկայացրել է վիմագրագետ Ս․ Խուրշուդյանը (Խուրշուդեան 2024):

Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Խոզնավարի Սբ․ Մինաս եկեղեցին հայտնվել է սահմանից 1,27 կիլոմետր հեռավորության վրա։

Գրականություն

  1. Մարգարյան 1992 - Մարգարյան Ալ․, Տեղանվանական մեկնություններ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, էջ 133-139։
  2. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ 1967 – ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 3, կազմեց՝ Լ. Խաչիկյանը, Երևան։
  3. Խանզադյան 1980 - Խանզադյան Ս․, Հայրենապատում, հատոր 1, Երևան։
  4. Խուրշուդեան 2024 - Խուրշուդեան Ս․, Խոզնավարի յուշարձանները, Սիոն, համար 96, Երուսաղէմ։