Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը
Տեղադրությունը
Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ Սբ․ Գևորգ եկեղեցուց 200 մ հարավ է գտնվում «Շոռ ջուր» աղբյուրը, որը տեղացիների մոտ հայտնի է «Շոր աղբյուր» անվամբ (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին հիմնում և շենացնում է գյուղը 988 թվականին այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։
Բնակավայրի ամենամեծ և հայտնի աղբյուրներից է «Շոռ ջուրը»։ 17-րդ դարով թվագրվող (հուշարձանների ցանկում թվագրված է 15-17-րդ դդ․) աղբյուրը վերանորոգվել է, ինչի վերաբերյալ աղբյուրի դիմահայաց պատի կենտրոնական պատրհանի վերին հատվածում պահպանվել է «1932 թ» արձանագրությունը (նկ․ 2)։ Աղբյուրին վերաբերվող պատմական տեղեկություններ չկան, կառույցի վրա չկան և այլ արձանագրություններ։
Աղբյուրի ջուրը այժմ էլ կարևոր նշանակություն ունի գյուղի համար։ 2021-2022 թվականներին աղբյուրին կից իրականացվել են խմելու ջրի պոմպակայանի կառուցման աշխատանքներ (համաձայն համայնքի 2022 թ․ կատարված աշխատանքների պլանի հաշվետվության, նկ․ 3)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Աղբյուրը կառուցված է տեղական կոպտատաշ քարով։ Տանիքը թիթեղապատ է՝ նստած եզրային պատերի և կենտրոնում առկա սյան վրա։ Վերջինս աղբյուրի դիմահայաց պատը բաժանում է երկու հավասար մասերի։ Դիմահայաց պատի վրա առկա են երեք խորշեր, ևս մեկ խորշ կա աջակողմյան պատի մեջ, որոնց մեջ առկա են մոմավառության հետքեր։ Աղբյուրը սրբացված է (նկ․ 4)։
«Շոռ ջուր» աղբյուրը կազմված է աջակողմյան հատվածում գտնվող ջրի աղբյուրից և իրար հաղորդակից յոթ նավերից (նկ․ 5)։ Բացի վերջին նավը, մյուս վեցը եզրային հատվածներում ունեն ոճավորված զարդագոտիներ։ Զարդագոտիներ են պահպանվել նաև նավերի երկայնական կողապատերին (նկ․ 6)։ Աղբյուրի պատերի մեջ առկա են նաև խաչքարերի և տապանաքարերի հատվածներ, կենդանիների պարանները կապելու համար նախատեսված երկաթե օղեր։ Մեկ պարզ խաչքար էլ տեղադրված է 5-րդ և 6-րդ նավերի միջև։
Վիճակը 2020-2022 թթ․ ադրբեջանական ագրեսիայից հետո
Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա։
Գրականություն
- Օրբէլեան 1910 - Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս: