Շիկաքար-Քարագլխի հուշարձանները․ Փառուխի Կալին խութ գերեզմանոցը

Հուշարձանը գտնվում է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից մոտ 2 կիլոմետր արևմուտք (նկ․ 1)։ Գերեզմանոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ, ինչպես պարզ, անմշակ սալաքարերից դրված տապանաքարեր, այնպես էլ կանոնավոր մշակված օրորոցաձև հուշաքարեր խաչքարերի բեկորներ (նկ․ 2, 3, 4)։ Դրանց մեջ առանձնանում է գերեզմանոցի կենտրոնում, ծառին հենված 13-րդ դարին բնորոշ մի ամբողջական խաչքար (նկ․ 5): Այն ունի հյուսածո քանդակներով լայն քիվ: Ստորին մասում կենտրոնական խաչաթևի երկու կողմերում և նրանցից ներքև տեղադրված պատկերաքանդակը ներկայացնում է այսպես կոչված «ընտանեկան դիմանկար», որը նույնպես Արցախի խաչքարային պատկերաքանդակի հիմնական թեմաներից է։

Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Խաչին խութ գերեզմանոցը

Գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղից հարավ անտառապատ բլրի վրա։ Գերեզմանոցը բավական մեծ տարածք է զբաղեցնում, մոտ 0,3 հա։ Տապանաքարերի մի մասը պարզ, անմշակ քարերից է, սակայն գերակշռողը կանոնավոր սեղանաձև են (նկ․ 1, 2)։ Խաչքարերից որոշները տեղաշարժած են իրենց հիմնական վայրից (նկ․ 3), պահպանվել են նաև խաչքարերի տարբեր չափսերի բեկորներ։ Գերեզմանոցում շիրմաքարերն ու խաչքարերը ժամանակագրորեն կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ 13–14-րդ դարեր և 17–20-րդ դարեր։ Ընդ որում հին և նոր թաղումները տեղագրորեն խմբավորված չեն և հիմնականում խառն են։ Գերեզմանատան տարածքում իրենց արվեստով, մեծությամբ և վիմագրով աչքի ընկնող մի քանի խաչքարեր կան։ Դրանցից մեկի արձանագրությունը խաչքարի թիկունքին է․ «Թի[ւն] ։ՉԲ։ (1253 թ.)։ Իշխանո/ւթի[ւն] Հասանա/յ, ես՝ Սնպատ և/ եղբարք իմ կա/նկեցի զխաչս/ բարէխաւս ա/ռ Ք[րիստո]ս ինձ և ամ/ուսին իմոյ Կատ/ային, զոր ետ պա/րոն մեզ հայրեն/իք և գերեզմա/նայտեղ։ Ք[րիստո]ս/ աւգնէ իւ/ր որդեա/ցն, ամ/են» (ԴՀՎ 1982,140, նկ․ 4)։ Արձանագրության մեջ հիշատակված Հասանը՝ Խաչենի տիրակալ Հասան Ջալալն է, որն ունեցել մեկ ուստր և երեք դուստր։ Տվյալ դեպքում որդիների տակ պիտի հասկանալ նրա զավակներին՝ անկախ սեռից։ Խաչքարի դիմերեսին պատկերված են Սնպատը, կինը՝ Կատան և զավակը, խնջույքի սեղանի շուրջ (նկ․ 5, 6)։ Ընտանեկան խնջույքն Արցախի խաչքարային պատկերաքանդակի տարածված թեմաներից էր։ Սրանից դեպի հարավ գտնվող երկու մասի բաժանված խաչքարերից մեկի վրա կարդում ենք. «Մեք/՝ Հևետ/իքայ որ/դիքս՝ Պապա/[ք], Սնպատ, Սարգիս…» (ԴՀՎ 5, 140, նկ․ 7, 8)։ Այս խաչքարը ևս վերաբերում է 13-րդ դարի կեսերին։ Նոր տապանաքարերից առանձնանում է սուրը ձեռքին հեծյալի բարձրաքանդակով մի շիրմաքար, որի վրա կարդում ենք․ «Այսէ տապան լուսահոգի Յարութիւնի Մովսէսեան-Գրիգորեանց, որը տաճկական պատերազմի ժամանակ Քարագլուխ գիւղը վերցնելու օրը չխնայելով իւր երիտասարտական կեանքը ազգի համար զոհ գնացաւ տաճկական գնդակի հարուածով` ջուխտ խաչերի առջև 23-ին սեպտեմբերի 1918 թւ․ 35 տարի հասակում» (նկ․ 9)։ Խաչին խութ տեղամասից դեպի արևելք, Աղաքար կոչվող հանդամասում պահպանվել են բնակատեղիի հետքեր, բազմաթիվ տապանաքարեր, որոնք վերաբերում են 16 -17-րդ դարերին։ Գրականություն Բարխուտարեանց 1895 — Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։ ԴՀՎ 5 — Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։