Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակին նվիրված հուշարձանը
Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում (նկ․ 1)։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Պատմական ակնարկ Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակին նվիրված հուշարձանը կառուցվել է 1975 թվականին։ Հուշարձանի կառուցման համար ծախսվել է 14000 ռուբլի։ Ֆինանսական միջոցները հավաքվել է Արցախում, Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում ապրող հադրութցիներից։ Ֆինանսական միջոցների հավաքման և այլ կազմակերպչական հարցերը հիմնականում իրականացրել է Հադրութի խորհտնտեսության նախկին ղեկավար Արշակ Մելքումովը (Մելքումյան)։ Հուշարձանի հիմնական մաս կազմող սգավոր կնոջ կերպարում իրական կին է՝ հադրութցի Սաթենիկ Ստեփանյանը, ում երկու որդիները զոհվել են պատերազմում, իսկ՝ չորս երեխաները՝ երեք տղա և մեկ աղջիկ, անհետ կորած են համարվում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1975 թվականի մայիսի 9-ին։ Պաշտոնական բացման արարողությունը իրականացրել են Սաթենիկ Ստեփանյանը և ԽՍՀՄ հերոս Աշոտ Գասպարովը։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Հուշարձանը ուղղանկյուն հուշապատ է, որի առջևի հատվածում ծնկած է սևազգեստ կինը։ Հուշապատը կառուցված է կարմիր տուֆով, որի դիմային հատվածի աջ վերին անկյունում զորքի երեք տեսակները ներկայացնող զինվորների ՝ հետևակ, օդաչու, տանկիստ, դիմաքանդակներն են։ Պատի հակառակ երեսին փորագրված են հադրութցի 200 զոհված մարտիկների անունները։ Կնոջ արձանը կերտված է պղնձից։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ հուշարձանը չի տուժել, ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։