Թուխնակալ ապարանքը
Տեղադրություն Թուխնակալ ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից 1 կմ արևելք և Ղևոնդյաց վանքից 800 մետր հարավ-արևելք։ Ապարանքը տեղակայված է պատմական Վարանդա գավառի Թուխնակալ գյուղատեղում, անտառամերձ լեռնալանջի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Ապարանքը կառուցվել է 18-րդ դարի վերջերին։ Թե գյուղատեղու և թե ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Հարակից գյուղերի բնակիչները ապարանքը վերագրում են Մելիք-Դոլուխանյաններին։ Մելիքական շրջանի պատմական աղբյուրներում բացակայում է Դոլուխանյան տոհմանունը, սակայն 19-րդ դարի երկու վիմագիր փաստում են Մելիք-Դոլուխանյանների Վարանդա գավառում ունեցած բարձր դիրքի և իշխանության մասին։ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է շուշեցի Հայրապետ Դոլուխանյանի միջոցներով, նրա շինարարական արձանագրության մեջ գրված է․ «Ի ՌՅԹ (1860)․․․ կառուցաւ եկեղեցիս ․․․ արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն ազնուազգի աղա Հայրապետ բեկ Դօլուխանեանց ի յիշատակ հոգոյ իւրոյ և ամուսնոյն իւրոյ Բայումայ Մէլիք Բէկլարեանց և ․․․ հօրն Բաղդասար բէկի․․․»։ Երկրորդը այս տոհմի տիտղոսներն ու արտոնությունները վկայող մի փաստաթուղթ է, նույնպես 1860 թվականի, ծագում է Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղից։ Վկայականում գրված է այնտեղ հաստատված Մելիք-Շահնազարյան տոհմից մի ոմն «Բէկլար բէկ Մէլիք Շահնազար Շահփուրեանցի» նախնիների երբեմնի իրավունքների մասին։ Վկայող-ստորագրողների շարքում առաջինը գրված է «Մուսայէլ Դօլուխանեանց» (Ղուլյան 2001, 106) Վկայականը ժամանակին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանցը և զետեղել իր «Արցախ» գրքում (Բարխուտարեանց 1895, 248-249): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Ապարանքը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով։ Բացառություն են կազմում մուտքի, պատուհանների, բուխարիի և կամարների եզրաքարերը։ Պահապանված շինություններն ընդհանուր հատակագծում հյուսիսից հարավ ձգված մեկ ուղղանկյուն ամբողջություն են կազմում (11,3×17,4 մետր), ետնապատով հպված են լանջին, իսկ գլխավոր ճակատով ուղղված են դեպի արևելք (նկ․ 2, 3)։ Հորինվածքի կենտրոնում գլխատունն է՝ նախամուտք-պատշգամբով, երկու կողքին՝ դրանց ընդհանուր երկարության չափով ձգված մեկական դահլիճ։ Գլխատունը քառակուսի հատակագծով քարաշեն շինություն է։ Մուտքը բացված է արևելքից (նկ․ 4)։ Շինության ներսում հարավային պատի մեջ՝ երկու ծայրերում, բացված են կամարաձև պսակով մեկական պահարան-խորշեր։ Դրանց միջև՝ կենտրոնական ստորին հատվածում բուխարին է, որից վեր զուգահեռ բացված են երկու լուսամուտներ, որոնց վերնամասը խորանում է կամարակապ թաղածածկի մեջ (նկ․ 5)։ Արևելյան պատի մեջ, կենտրոնական հատվածում առկա է քառակուսի պահարանախորշ։ Արևմտյան պատի կենտրոնական հատվածում ստորին մասում բացված է մեծ կամարակապ խորշ, որին զուգահեռ հարավային պատի պահարանախորշերի հարթությամբ և նույն չափերով երկու խորշերն են։ Հյուսիսային պատը ողորկ է։ Գլխատան ծածկը կառուցված է գոցվող թաղերով, կենտրոնական հատվածում երդիկի բացվածքով (նկ․ 6)։