Թուխնակալ ապարանքը

Տեղադրություն Թուխնակալ ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից 1 կմ արևելք և Ղևոնդյաց վանքից 800 մետր հարավ-արևելք։ Ապարանքը տեղակայված է պատմական Վարանդա գավառի Թուխնակալ գյուղատեղում, անտառամերձ լեռնալանջի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Ապարանքը կառուցվել է 18-րդ դարի վերջերին։ Թե գյուղատեղու և թե ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Հարակից գյուղերի բնակիչները ապարանքը վերագրում են Մելիք-Դոլուխանյաններին։ Մելիքական շրջանի պատմական աղբյուրներում բացակայում է Դոլուխանյան տոհմանունը, սակայն 19-րդ դարի  երկու վիմագիր փաստում են Մելիք-Դոլուխանյանների Վարանդա գավառում ունեցած բարձր դիրքի և իշխանության մասին։ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է շուշեցի Հայրապետ Դոլուխանյանի միջոցներով, նրա շինարարական արձանագրության մեջ գրված է․ «Ի ՌՅԹ (1860)․․․ կառուցաւ եկեղեցիս ․․․ արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն ազնուազգի աղա Հայրապետ բեկ Դօլուխանեանց ի յիշատակ հոգոյ իւրոյ և ամուսնոյն իւրոյ Բայումայ Մէլիք Բէկլարեանց և ․․․ հօրն Բաղդասար բէկի․․․»։ Երկրորդը այս տոհմի տիտղոսներն ու արտոնությունները վկայող մի փաստաթուղթ է,  նույնպես 1860 թվականի, ծագում է Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղից։ Վկայականում գրված է այնտեղ  հաստատված Մելիք-Շահնազարյան տոհմից մի ոմն «Բէկլար բէկ Մէլիք Շահնազար Շահփուրեանցի» նախնիների երբեմնի իրավունքների մասին։ Վկայող-ստորագրողների շարքում առաջինը գրված է «Մուսայէլ Դօլուխանեանց» (Ղուլյան 2001, 106) Վկայականը ժամանակին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանցը և զետեղել իր «Արցախ» գրքում (Բարխուտարեանց 1895, 248-249): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Ապարանքը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով։ Բացառություն են կազմում մուտքի, պատուհանների, բուխարիի և կամարների եզրաքարերը։   Պահապանված շինություններն ընդհանուր հատակագծում հյուսիսից հարավ ձգված մեկ ուղղանկյուն ամբողջություն են կազմում (11,3×17,4 մետր), ետնապատով հպված են լանջին, իսկ գլխավոր ճակատով ուղղված են դեպի արևելք (նկ․ 2, 3)։ Հորինվածքի կենտրոնում գլխատունն է՝ նախամուտք-պատշգամբով, երկու կողքին՝ դրանց ընդհանուր երկարության չափով ձգված մեկական դահլիճ։ Գլխատունը քառակուսի հատակագծով քարաշեն շինություն է։ Մուտքը բացված է արևելքից (նկ․ 4)։ Շինության ներսում հարավային պատի մեջ՝  երկու ծայրերում, բացված են կամարաձև պսակով մեկական պահարան-խորշեր։ Դրանց միջև՝  կենտրոնական ստորին հատվածում բուխարին է, որից վեր զուգահեռ բացված են երկու լուսամուտներ, որոնց վերնամասը խորանում է կամարակապ թաղածածկի մեջ (նկ․ 5)։  Արևելյան պատի մեջ, կենտրոնական հատվածում  առկա է քառակուսի պահարանախորշ։ Արևմտյան պատի կենտրոնական հատվածում ստորին մասում բացված է մեծ կամարակապ խորշ, որին զուգահեռ հարավային պատի պահարանախորշերի հարթությամբ և նույն չափերով երկու խորշերն են։ Հյուսիսային պատը ողորկ է։ Գլխատան ծածկը կառուցված է գոցվող թաղերով, կենտրոնական հատվածում երդիկի բացվածքով (նկ․ 6)։

Մելիք Հայկազի ապարանքը

Տեղադրությունը Ապարանքը գտնվում է Քաշաթաղի շրջանում, Աղավնո գետի Ծիծեռնավանից վտակի ձախ ափին, կառուցված է ժայռոտ բլրալանջի՝ արհեստականորեն ստեղծված դարավանդի վրա:  Պատմական ակնարկ 15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ կիսանկախ կազմավորում էր՝ որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը՝ 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232): Քաշաթաղի ապարանքը վերագրվում է հենց այս Մելիք-Հայկազ Ա-ին և թվագրվում է 15-րդ դարի վերջով:  

Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը

Տեղադրությունը Մելիք Բեգլարյանների ապարանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 4 կմ արևմուտք, Հոռեկա վանքի դիմաց (նկ. 1)՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում։ Պատմական ակնարկ Ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին։ Մոտակայքում է գտնվում նաև Հոռեկա վանքը և մելիքական գերեզմանատունը (նկ. 2)։

Տողի մելիքական ապարանքը

Տեղադրություն Ապարանքը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնական մասում:  Պատմական ակնարկ Համաձայն ապարանքի ընդունարանի երկրորդ հարկի շքամուտքի ամբողջ ճակատով փորագրված արձանագրության՝ ապարանքը ՌՃՁԶ (1737) թվականին կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք-Եգանը, ով 18-րդ դարի առաջին կեսի հայ քաղաքական կյանքի ամենանշանավոր գործիչներից էր (նկ. 1): Արձանագրությունը նաև մանրամասն տեղեկություններ է հաղորդում ժամանակի քաղաքական իրադարձությունների և Մելիք-Եգանի գործունեության մասին, ներկայացնում է իրեն տրված մելիքական իրավունքները  (Փափազյան 1985, 76-77):