Քարաբլուրի բնակատեղին և դամբարանադաշտերը

Տեղադրությունը Քարաբլուր բնակատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի մոտակայքում։ Այն մոտ 1․5 հա տարածությամբ եռաստիճան մի հարթակ է, ունի միջին բրոնզից մինչև ուշ միջնադարը ներառող մշակութային շերտեր, շրջապատված է հզոր դամբարանադաշտերով, գտնվում է Կարկառի և Բադարայի միջագետքում։ Այն տեղանքի ամենաիշխող բարձունքն է, Խոջալուի հանրահայտ դամբարանադաշտից հեռու է ընդամենը մեկ կիլոմետր (Պետրոսյան, 2001, 347): 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Հետախուզական պեղումներն այստեղ իրականացվել են 1996 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի միացյալ արշավախմբի կողմից (համաղեկավարներ Հ․ Պետրոսյան, Լ․ Եպիսկոպոսյան) և 2002 թվականի հուլիսից ԱրՊՀ արշավախմբի կողմից (ղեկավար Վ․ Սաֆարյան)։ 1996 թվականի հնագիտական հետազոտության փուլը 1996 թվականին հետազոտվել է բնակատեղին, որի արդյունքում հուշարձանի երրորդ հարթակում պեղվել է միջնադարյան մի սրբարան։ Այն արևմուտք-արևելք ուղղվածությամբ շինություն է՝ արևելյան ուղղանկյուն աբսիդ-բեմով և վերջինիս կենտրոնում կանգնեցրած սեղան-կոթողով (նկ․ 1)։ Սրբարան-մատուռի աղոթասրահում՝ բեմառէջքին կից, հայտնաբերվել է չորս քարերից ստեղծված մի օջախ (նկ․ 2), որի շուրջը սփռված էին 12-14-րդ դարերին պատկանող խեցեղենի մի քանի հարյուր բեկորներ (նկ․ 3-6)։

Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին

Դադիվանքի ներկա կառույցները 12-րդ դարից վաղ չեն: Այս վանքի պատմությունն ըստ էության Վերին Խաչենի իշխանական տան և նրա հոգևոր գործունեության մասին պատմություն է: Դադիվանքում իրականացված պեղումները երևան են բերել մի հին գերզմանական կառույցի (որի մանր, անկանոն քարերով կառուցված շրջանաձև դամբանափոսն իր կառուցվածքով մինչքրիստոնեական թաղման խուց է հիշեցնում) և նրա վրա ստեղծված մատուռի մնացորդները: 13-րդ դարի  վերջին փորձ է արվել մեծ եկեղեցի կառուցել`մատուռը ներառելով բեմի տակ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել: Նախքան 12-րդ դարի կեսերը, այս մատուռին կից հարավային կողմում կառուցվել է դեպի արևելք ուղղված, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի, որին  արևմուտքից հարել է ուղղանկյուն սրահ-գավիթը։ Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ համաձայն արձանագրության կառուցվել է 1214 թվականին, իր հյուսիս-արևմտյան անկյունով նույնպես կցված է միանավ եկեղեցուն (նկ. 1): Սուրբ Դադիի մասին Սուրբ Դադիի և Դադիվանքի մասին առաջին գրավոր տեղեկությունը պահպանվել է 10-րդ դարում կազմված Մովսես Դասխուրանցու «Պատմություն Աղվանից» աշխատության մեջ` 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340): Մատենագրական հաջորդ տեղեկությունը հաղորդում է Մխիթար Գոշը (12-րդ դարի վերջ)։  1145 թվականին Գանձակի համար մղվող կռիվներում Չոլի ամիրայի Արցախ կատարած ասպատակությունները նկարագրելիս,  վերջինս նշում է, որ ավերվել է և Դադուի վանքը․ «զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք» (Կաղանկատուացի 1983, 353): Թե ինչու է վանքը առաքելադիր և ով է Դադուն, Մխիթար Գոշը ոչինչ չի հայտնում: Միայն կարելի է ենթադրել, որ վանքի առաքելական ծագումն արդեն հայտնի մի բան էր: Սրան էլ հավելենք, որ հեղինակը նույն տեղում հայտնում է, որ չնայած Չոլին մեկ տարի առաջ ավերել և գրավել է Արցախի ամրությունները, բայց ստիպված է եղել նորից արշավել «ի կողմն Խաչինոյ, Տանձեաց եւ Ադախայ, քանզի յառաջնում նուագին ոչ մնացին ընդ ձեռամբ նորա դղեակք այնոքիկ, զորս էառն, այլ սակաւ ինչ, մնացեալքն յազատացն անտի, որք էին ղողեալք յանտառս մայրեաց, առին դարձեալ զբերդ-ամրոցսն իւրեանց եւ դարձեալ ապստամբութեամբ վարէին ընդ տաճկացն» (Կաղանկատուացի 1983, 353): Մոտավորապես այս ժամանակներին է վերաբերում (1140-ական թվականների սկիզբ) Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի ազատագրական պայքարի սկիզբը, որի մասին նա հայտնում է Դադիվանքում 1182 թվականին իր կողմից կանգնեցրած խաչքարի արձանագրության մեջ. «Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմաւ եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք, ։ՈԼԱ։ (1182) թուիս» (ԴՀՎ 5, 198)։ Ինչպես տեսնում ենք այս արձանագրության մեջ վանքը հիշատակվում է առանց անվան հստակեցման։ Հետագա տեղեկությունները վերաբերում են 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի առաջին կեսին, երբ հայ իշխանական տները հայ-վրացական միացյալ զորքերի աջակցությամբ ազատագրում են իրենց կալվածքները սելջուկյան տիրակալներից: Ազատագրական այս պայքարն ընկալվում էր որպես սրբազան պատերազմ, արագ հզորացող իշխանական տները իրենց պայքարում տեղական սրբերը փոխարինում են համահայկական կամ ընդհանուր քրիստոնեական սրբերով (Պետրոսյան  2017, 236-237)։ Զաքարյանները ազատագրական պայքարի հիմնական սուրբ են դարձնում սուրբ Սարգսին (հատկապես նկատի ուենալավ նրա զորական կերպարը, հիշենք նաև, որ Սարգիս էր կոչվում և նրանց հայրը), Հասան-Ջալալյանները` Ստեփանոս նախավկային, ապա Հովհաննես Մկրտչին: Վերին Խաչենի կամ Հաթերքի տերեըը վերանորոգում են  Դադոյի կամ Դադեի կերպարը՝ հիմքում ունենալով նրա անվան նմանությունը սուրբ Թադե-Թադեոսին և թերևս տեղական ինչ-ինչ ավանդազրույցներ: Ուշագրավ է, որ վանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։ 13-րդ դարերի կեսերին Միքայել Ասորու ժամանակագրության թարգմանութան մեջ Վարդան Արևելցին ներմուծում է մի հատված, համաձայն որի «Թադէոս, մի յեւթանասնիցն, որ գնաց հրամանաւ Թադէի՝ ի Մեծն Հայք, և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու և դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նորա կոչեցաւ» (Ասորի 1871, հավելված 33, հավանական է, որ Վարդանն էլ այս հատվածը վերցրել է իր ուսուցիչ Վանական վարդապետից, որտեղ սուրբը կոչվում է Դադիու, ինչպես որ Մխիթար Գոշի մոտ է, հմմտ. Ալիշան 1902, 22-23, Մաթևոսյան 2020, 26-28)։ Այսպիսով, փորձեր են արվել սրբի անունը  ձևափոխել-համապատասխանացնել սուրբ Թադեոսի անվան հետ՝ որպես լրացուցիչ «ապացույց» նրա առաքելական ծագման։ Կարելի է եզրակացնել, որ Մխիթար Գոշն ու Վանական վարդապետը նոր շունչ են հաղորդել Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին տեղական ավանդույթներին՝ հիմնավորելով և ամրապնդելով համաքրիստոնեական սրբի նրա կերպարը՝ որպես Վերին Խաչենի իշխանական տան հովանավոր սուրբ: Սուրբ Դադիի մատուռն ու գերեզմանը 19-րդ դարի առաջին նկարագրություններում և հետազոտություններում Դադի գերեզմանը մատնանշող որևէ  հստակ կառույց կամ գերեզման չկա։  Վերջինիս հնարավոր վայր էր համարվում հյուսիսային բազիլիկ մեծ եկեղեցին` թերևս նկատի ունենալով նրա անսովոր լայնությունը (որ կարող էր հիշեցնել նմանատիպ վաղքրիստոնեական տաճարները) և աբսիդում կանգնեցված` արտառոց մեծության սյունը (որը կարող էր հիշեցնել վաղքրիստոնեական կոթող, ինչպիսիք կանգնեցվում էին նաև սրբերի գերեզմանների վրա): Մերօրյա հետազոտությունները, սակայն, վկայում են, որ  բազիլիկ եկեղեցու ներկա կառույցը պատկանում է 13-րդ դարի վերջին և ձեռնարկվել է վանքի վանահայր Աթանաս եպիսկոպոսի կողմից: Նույնը կարելի է ասել և բեմում կանգեցրած կոթողի մասին (նկ.  4), որը ծավալային լուծման և մշակման առումով մոտենում է եկեղեցու որմնասյուների խարիսխներին, իսկ խաչաքանդակներով ու, հավանական է, տարեթիվ ներկայացնող կցագիր արձանագրությամբ («Թ :ՊԺ:» – 1361 թ. կամ «ՊԺԹ» – 1370 թ.) վերաբերում է 13-14-րդ դարերին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս բազիլիկին հարավից կից ավելի վաղ կառուցված փոքրիկ բազիլիկ եկեղեցին և քիչ ավելի հարավ-արևելք գտնվող Կաթողիկեն (կառուցված 1214 թվականին` այսինքն, նորից ավելի վաղ, քան մեծ բազիլիկի առկա շինությունը) ունեն հյուսիսային մուտքեր: Հայտնի է, որ հայկական  եկեղեցիները միայն եզակի դեպքում էին հյուսիսային մուտք ունենում` եթե տեխնիկապես հնարավոր չէր մուտքի բացում արևմուտքից կամ հարավից կամ եթե կային հատուկ ծիսական կամ դավանական հանգամանքներ: Քանի որ տվյալ դեպքում տեխնիկականը բացառվում է (փոքր բազիլիկը մուտք ունի նաև հարավից, իսկ Կաթողիկեն` արևմուտքից), մնում է ենթադրել, որ հյուսիսային մուտքերի առկայությունը պայմանավորված էր մեծ բազիլիկայի տարածքում ինչ-որ սրբության` տվյալ դեպքում Դադիին վերագրվող գերեզմանի առկայությամբ (հմմտ. Այվազյան 2015, 52-53): Կարելի է ենթադրել, որ ձեռնարկելով նոր եկեղեցու կառուցումը, Աթանաս վարդապետն արդեն ավերակ գերեզմանից ու մատուռից հանել էր կարևոր մասունքները՝ դրանք նոր կառույցում դնելու համար: Այդ մասին են վկայում նախաբեմը` որն ինքնին եզակի դրսևորում է հայ եկեղեցական ճարտարապետության մեջ և պատերի մեջ ընդգրկված  զանազան քանդակազարդ խորշերը (նկ. 3): Ինչ վերաբերվում է գերեզմանի ավերակներին, ապա դրանք ծածկել են եկեղեցու նախաբեմի և բեմի տակ։ Նկատենք, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետ Ս. Այվազյանը ենթադրում է, որ Աթանասը ոչ թե եկեղեցի է նախաձեռնել և կիսատ թողել, այլ Դադիի գերեզմանի և մատուռի շուրջ ձևավորել է մի յուրօրինակ սրբացված տարածք (Այվազյան 2015, 56): Իրոք, ինչպես ցույց տվեցին պեղումները, եկեղեցու նախաբեմի և բեմի տակ են ներառվել մոտավոր ձվաձև կտրվածքով, մանր անմշակ քարերով շարված դամբանափոսը և նրա վրա կառուցված մատուռը (նկ. 4, 5)։ Պեղումները երևան են բերել փայտե գահավորակի մնացորդներ (նկ. 6), օնիքսից պատրաստված գավազանի գլուխ, մարդկային ոսկորներ, որոնք վերաբերում են 13-րդ դարին (պեղումների առաջին փուլն իրականացրել է Համլետ Պետրոսյանը, տե՛ս Պետրոսյան 2007, երկրրոդ փուլը՝ Գագիկ Սարգսյանը, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան, տե՛ս Այվազյան, Սարգսյան 2012, 1-11, Այվազյան 2015, 68-73)։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 13-րդ դարի վերջին Աթանաս վարդապետը նոր եկեղեցու բեմի և նախաբեմի տակ է ներառել արդեն խարխուլ կառույցները, իսկ առանձնացրած մասունքների համար նախաբեմի պատերում ստեղծել է մի շարք քանդակազարդ խորշեր։ Հայր Աթանասը չի ավարտել եկեղեցու կառուցումը և այն այդպես էլ մնացել է բացօթյա կառույցի տեսքով:

Արցախի քարե մարդակերպ կոթողները

Քարե մարդակերպ կոթողները Արցախի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են:   Խորհրդային տարիներին հայտնի պատճառներով  դրանք բավարար չափով չեն ուսումնասիրվել (Պետրոսյան 2010, 137-148): Եղած հետազոտություններն էլ ակնհայտորեն քաղաքականացված են: Ադրբեջանական որոշ հետազոտողներ Արցախի քարե մարդակերպ կոթողները ներկայացրել են որպես աղվանական` փորձելով հատկապես Արցախում դրանց տարածված լինելը դիտել որպես աղվանական էթնո-մշակութային «սուբստրատի» առկայություն (Халилов 1987, 22; Ваидов, Геюшев, Гулиев 1974, 446-447): Ուստի այդ հուշարձնների գիտական հետազոտությունը, դրանց հստակ ժամանակագրության և էթնո-մշակութային պատկանելության խնդիրների քննությունը, հատկապես կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս գիտականորեն մերժել ադրբեջանական զեղծարարությունները (Պետրոսյան, Երանյան 2022): Թեև կոթողների առանձին օրինակներ հայտնի են դարձել դեռ անցած դարի 60-ական թվականներին, սակայն նրանց տեխնիկական, պատկերագրական, իմաստաբանական քննությունը, նրանց ժամանակագրությունը և հնարավոր էթնոպատկան խնդիրները մնում էին չմանրամասնված, հաճախ էլ` ուղղակի չլուծված: Արցախի ազատագրական պատերազմի արդյունքում նոր հնարավորություններ էին ստեղծվել նաև տարածաշրջանի հնագույն պատմության և մշակույթի հետազոտության համար: Մարդակերպ կոթողների ֆիզիկական մատչելիությունն այն էական իրողությունն ու հանգամանքն էին, որոնք հնարավորություն ստեղծեցին իրականացնել դրանց մանրամասն նկարագրությունը, չափագրումը, լուսանկարումը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրի հետազոտությունը: Պատկերագրությունը Այս կոթողներն ուղղանկյուն, տափակ երկայնական մարդատեսք սալեր են, որոնց հորինվածքի հիմնական առանցքը մարդու մարմինն է, և մյուս բոլոր բաղադրիչները պատկերագրական և  իմաստային արժեք են ստանում  այդ համատեքստում։ Այս սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի գրեթե 1/3-ը, ապա իրանը և ներքնամասը (նկ. 1-5): Կոթողներն ունեն մոտավորապես 30-60 սմ լայնություն, 120-140 սմ, երբեմն էլ մինչև 2 մետր բարձրություն, մոտ 20 սմ հաստություն։ Հայտնի բոլոր օրինակները կրաքարից են (Yeranyan 2020, 246-252):

Գյավուրկալա վաղքրիստոնեական բնակատեղին և եկեղեցին

Տեղադրությունը Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ)  հնավայրը  գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր (խորհրդային ժամանակ Աղդամի  շրջանի  Սոֆուլու) գյուղից արևելք: Գյավուրկալա բնակատեղին անցած դարի 50-70-ական թվականներին մասնակի ուսումնասիրվել է ադրբեջանցի հնագետների կողմից, որոնք  շեշտել են բնակավայրի քրիստոնեական բնույթը (Վահիդով 1965, 167-183): Այստեղ այսօր էլ դիտելի են պեղումներով բացված վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները (խորհրդային շրջանի պեղումների ավարտից հետո սրանք նորից ծածկվել են), սարկոֆագներով դամբարանադաշտը, վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը (նկ․ 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները բնակատեղիի և  եկեղեցու մասին բացակայում են։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն 2013 թվականին Արցախի Տիգրանակերտի արշավախումբը (Հ․ Պետրոսյան, Ն․ Երանյան, Լ․Կիրակոսյան, Լ. Մինասյան) իրականացրել է հնավայրի  եկեղեցու պեղումները: Այս պեղումները հնարավորություն տվեցին նախնական դիտարկումներ կատարել Գյավուրկալա բնակատեղիի  և այնտեղ գտնվող միանավ եկեղեցու մասին (նկ․ 2): Բնակատեղին տարածվում է մի բլրի վրա, որը շրջակա հարթավայրից  բարձրացված է 6,0 մետր: Վերին հարթ մակերևույթն  արևելքից-արևմուտք ուղղությամբ ունի 160,0 մետր երկարություն, հյուսիսից հարավ՝  120,0 մետր՝ զբաղեցնելով մոտ 2,0 հա տարածք: Նախնական դիտարկումները երևան են բերում մի խումբ ճարտարապետական համալիրների մնացորդներ: Բնակատեղիի հարավային հատվածում դիտելի են վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները, բլրից հարավ և հարավ-արևելք՝ կենտրոնից մոտ 100,0 մետր հեռավորության վրա վաղքրիստոնեական սալարկղ և սարկոֆագ դամբարաններով կառուցապատված դամբարանադաշտն է (նկ․ 3): Ամենուր  հայտնաբերվում են վաղմիջնադարյան ճարտարապետական մանրամասների՝ խաչային հորինվածքների, սյան խարիսխների,  կոթողների, դրանց  պատվանդանների և այլ բեկորներ:

Տիգրանակերտ

TIGRANAKERT ARCHAEOLOGICAL SITE: BRIEF INTRODUCTION. THE SAMPLE. The antique city of Tigranakert is located on the right bank of the Khachenaget River on the slopes of the Vankasar and Tsitsar mountains and the adjacent plains and covers wits suburbs an area of about 1000 hectares. The city was founded at the beginning of the 1st century BC by the king of Armenia Tigranes the Great (95-55 BC) and existed until the middle of the 13th century. Then city was abounded. The new constructions on the site were appeared in the middle of 18th century. Tigranakert of Artsakh is the only one among numerous settlements named after Tigranes, the location of which is precise and which is being investigated by archaeologists. As the result of 15 years of archaeological research, a large settlement formed with a Hellenistic advanced fortification system and using its construction techniques appeared. According to the available data, Tigranakert consisted of a large (ca. 6 ha) fortified district, spread over the slope of the Vankasar mountain in the form of artificial terraces, surrounded by powerful walls, with at least four city quarters spread in the plain, cemeteries and large agricultural suburbs. The city was completely built of the local cream limestone. Through excavations the Early Christian square with double churches, and the remains of a monumental stela with a cross, as well as an Early Christian underground reliquary and a graveyard were opened. Among some thousands of archaeological materials luxury ceramic vessels, Parthian coins, Sasanian seals, 5-7 cc. AD Armenian inscriptions were unearthed. Main complexes fixed and excavated on the site and the outskirts of the city. Fortified district, early first century BC. Antique quarters, 1st c. BC – 3rd c. AD. Early Christian square, 5th – 7th cc. AD. Channel carved into the rock, 1st c. BC – 3rd c. AD. Vankasar church, 7th c. AD. Rock cut Christian complex, 5th – 7th cc. AD. Tsitssar church and reliquary, 5th -13th cc. AD. Late medieval fortress, 18th c. AD. Historical park with springs, a late medieval building (18th c. AD) and the remains of a poolfountain. Main coordinates of the complexes N 40.0702 E 46.8994 N 40.0647 E 46.9045 N 40.04 02,1 E 46. 54 21.5 N 40.0697 E 46.9041 N 40. 04 19.7 E 46. 53 13.6 N 40. 05 40.1 E 46. 53 08.7 N 40. 03 29.2 E 46. 53 48.4 N 40. 06 17 E 46. 20 54 N 40. 04 10 E 46. 50 18