Ակնա, Փանահին վերագրվող պալատական համալիրը

Տեղադրությունը Փանահ խանին վերագրվող պալատական համալիրը գտնվում է Աղդամ (Ակնա) քաղաքում, Տիգրանակերտից մոտ 8,5 կմ հարավ-արևելք։ Խորհրդային տարիներին այն համանուն շրջանի կենտրոնն էր, իսկ 1993 թվականին հայկական ուժերի կողմից ազատագրվելուց հետո մինչև 2020 թվականը մտնում էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կազմի մեջ: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Պալատական համալիրի կառուցման մասին ստույգ պատմական վկայությունները բացակայում են: Համարվում է, որ այն կառուցել է տվել Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ Ալի խանը իր կառավարման տարիներին: Եվ Աղդամ անունն էլ, որ բառացի նշանակում է սպիտակ տուն ծագում է հենց այս համալիրի արտաքին սպիտակ տեսքից։ Այն ամբողջովին կառուցված է Տիգրանակերտի տարածքի սպիտակ կրաքարե հանքի քարերով։ Պատմիչ Միրզա Ջամալ Ջևանշիրը, նկարագրելով Փանահ խանի կառավարման տարիներին կառուցված շինությունները, Աղդամում գտնվող և ոչ մի պալատ չի հիշատակում, այլ միայն Փանահի՝ Շահբուլաղի ամրոցը, որը կառուցվել է 1751-1752 թվականներին (Мирза Джамал 1959, 101-102): Միրզա Ջամալ Ջևանշիրը Աղդամում գտնվող կառույցների մասին նշում է միայն Իբրահիմ խանի կառուցած շինությունները թվարկելիս, որոնցում հիշատակում է Աղդամի այգու պատերը, Փանահ խանի և նրա երեխաների գերեզմանների վրայի խոշոր գմբեթները և ոռոգման համակարգերը (Мирза Джамал 1959, 102): Նույնը կարող ենք տեսնել նաև Միրզա Ադիգյոզալ բեկի մոտ (Мирза Адигезаль бек 1950, 55-56): Աղդամի ապարանքի թվագրման համար պետք է հաշվի առնել Փանահ խանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ նա պայքարում էր իշխանության հասնելու համար: Ինչպես հաղորդում է Միրզա Ադիգյոզալ բեկը, Փանահ խանը, օգտվելով պարսից Նադիր շահի սպանությամբ ստեղծված խառնակ իրավիճակից, փորձեց իր սեփական իշխանությունը հիմնել և կառուցել  սեփական ամրացված նստոցը: Սկզբում նա Բայաթ կոչվող վայրում մի ամրոց է կառուցում, որը սակայն ապահով չէր, քանի որ ամրոցին սպառնում էին շրջակա մահմեդական խաները և Արցախի հայ մելիքները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Փանահը Տիգրանակերտի ավերակների մոտ կառուցում է Շահբուլաղի ամրոցը, որն իր իշխանության սկզբնական շրջանում նույնպես հուսալի և ապահով նստավայր չէր, քանի որ այստեղ ևս մշտապես առկա էր  իր գործունեությանն ընդդիմացող հայ մելիքների լրջագույն վտանգը։ (Мирза Адигезаль бек 1950, 54-56): Ուստի կարելի է եզրակացնել, որ Աղդամի ապարանքը կառուցվել է Շահբուլաղից հետո, 18-րդ դարի երկրորդ կեսին, միգուցե նաև ավելի ուշ: Ուշագրավ է, որ ադրբեջանցի որոշ հետազոտողներ առանց որևէ փաստարկի փորձում են հնացնել Աղդամի ապարանքը։ Այսպես, պատմաբան Գյունթեքին Նաջաֆլիի կարծիքով պալատական համալիրը կառուցվել է 1738 թվականին և ծառայում էր Փանահին որպես ձմեռային նստավայր, իսկ հնագետ Սաբուհի Հուսեյնովը պալատի կառուցման համար ընտրված վայրը կապում է Փանահ խանի հոր հետ (Мирмехди Агаоглу, Оскверненный дворец, https://apa.az/ru/xeber/nagornyj_karabakh/Oskvernennyj-dvorec-lyubimyj-dom-Panahali-hana-mesto-gde-nocheval-Kadzhar-razrushennaya-mogila-Natavan-colorredREPORTAZh-FOTOcolor-439149): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Համալիրը բաղկացած է միմյանցից անջատ և իրար հանդեպ ուղիղ անկյան տակ տեղադրված երկու մասնաշենքերից (նկ. 1), որոնցից գլխավորը կազմված է երկու կողմից թաղածածկ սենյակների մեջ առնված գմբեթավոր սրահից և սյունազարդ նախասրահ-էյվանից: Երկրորդ կառույցը բաղկացած է երկու իրար կից թաղածածկ սենյակներից: Կենտրոնական սրահն (նկ. 2) ավարտվում է  խոշոր տրոմպների վրա հենված ութանիստ, բրգաձև երդիկավոր (նկ. 3, 4) գմբեթաթաղով (Саламзаде 1964, 84): Սյունասրահի գլանաձև սյուները միակտոր քարից են: Բոլոր շինությունները ներքուստ ունեն տարբեր չափերի կամարակապ խորշեր:  

Մելիք Հայկազի ապարանքը

Տեղադրությունը Ապարանքը գտնվում է Քաշաթաղի շրջանում, Աղավնո գետի Ծիծեռնավանից վտակի ձախ ափին, կառուցված է ժայռոտ բլրալանջի՝ արհեստականորեն ստեղծված դարավանդի վրա:  Պատմական ակնարկ 15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ կիսանկախ կազմավորում էր՝ որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը՝ 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232): Քաշաթաղի ապարանքը վերագրվում է հենց այս Մելիք-Հայկազ Ա-ին և թվագրվում է 15-րդ դարի վերջով:  

Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը

Տեղադրությունը Մելիք Բեգլարյանների ապարանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 4 կմ արևմուտք, Հոռեկա վանքի դիմաց (նկ. 1)՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում։ Պատմական ակնարկ Ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին։ Մոտակայքում է գտնվում նաև Հոռեկա վանքը և մելիքական գերեզմանատունը (նկ. 2)։

Տողի մելիքական ապարանքը

Տեղադրություն Ապարանքը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնական մասում:  Պատմական ակնարկ Համաձայն ապարանքի ընդունարանի երկրորդ հարկի շքամուտքի ամբողջ ճակատով փորագրված արձանագրության՝ ապարանքը ՌՃՁԶ (1737) թվականին կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք-Եգանը, ով 18-րդ դարի առաջին կեսի հայ քաղաքական կյանքի ամենանշանավոր գործիչներից էր (նկ. 1): Արձանագրությունը նաև մանրամասն տեղեկություններ է հաղորդում ժամանակի քաղաքական իրադարձությունների և Մելիք-Եգանի գործունեության մասին, ներկայացնում է իրեն տրված մելիքական իրավունքները  (Փափազյան 1985, 76-77):