Այգեկ (Մարդանլը) գյուղի մզկիթը
Տեղադրությունը
Մզկիթը գտնվում էր օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի տարածքում: Խորհրդային
տարիների վարչատարածքային բաժանմամբ այն Ղուբաթլուի շրջանի Մարդանլի գյուղն էր:
Պատմական ակնարկ
Մարդանլի գյուղը տեղակայված էր Հակարի գետի ձախափնյակում: Վերոնշյալ տարածքները հայաթափվել
էին 18-րդ դարի երկրորդ կեսին, իսկ հայ բնակչության փոխարեն հաստատվել էին տարբեր թյուրքական
ցեղեր և քրդեր, որոնք և 19-րդ դարի առաջին կեսում հայկական գյուղերի ավերակների վրա կառուցել են
սեփական բնակավարերը (Կարապետյան 1999, 198, Բալայան 2020, 618-619):
Մարդանլի (երբեմն հանդիպում է նաև Յուսիֆբեյլի, Յուսիֆլի անուններով) գյուղի մզկիթը համաձայն
հյուսիսային մուտքի բարավորի վրայի արաբալեզու շինարարական արձանագրության՝ կառուցվել է
1890/1891 թվականներին:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մզկիթն ունի պարզ կառուցվածք՝ հատակագծում այն ուղղանկյուն է (նկ. 1, 2): Կառուցված է միջին
չափերի կոպտատաշ քարով, կրաշաղախով: Սրբատաշ են անկյունաքարերը, կամարակապ մուտքը և
լուսամուտների եզրաքարերը: Լուսամուտները մեծ են և լայն, թվով երկուսն են: Մզկիթի միակ մուտքը
գտնվում է հյուսային կողմում: Մուտքը խորադիր է, պսակված է կամարով, որը հենվում է մուտքի
անկյունային պատերի իմպոստների վրա, որոնց վերևի շարքն իրականացված է սպիտակ քարով և ծածկված
են բուսաերկրաչափական զարդերով, որոնք ուղղակի զուգահեռներ ունեն հայկական զարդարվեստին:
Մուտքի բարավորի վրա գտնվում է արաբալեզու շինարարական արձանագրությունը (նկ. 3): Մզկիթը
ներքուստ միանավ է, թաղակապ: Հարավային կողմում գտնվում է պարզ տեսք ունեցող միհրաբը:
Վիճակը պատերազմից առաջ և հետո:
Մզկիթը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, այն անվնաս կանգուն էր գյուղի կենտրոնում,
անաղարտ պահպանված էր նաև միհրաբը և կառուցման շինարարական արձանագրությունը: Սակայն 2021 թվականի ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է շենքը՝
պատճառաբանելով, որ տեղյակ չեն եղել, որ այն մզկիթ է (մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%b5%d5%a3%d5%a5%d5%af-
%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d6%86%d5%ac%d5%ab-
%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-
%d5%b4%d5%a6%d5%af%d5%ab%d5%a9%d5%ab-
%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6/):
Գրականություն
1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր,
Երևան:
2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին
բռնակցված շրջաններում, Երևան:
Այգեկ (Մարդանլը) գյուղի մզկիթը
Արցախ