Այգեստանի Սբ․ Վանես եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Վանես (Հովհաննես) եկեղեցին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան (նախկին Բալուջա) գյուղից 600 մետր հյուսիս, հին գյուղատեղիի մոտ, գերեզմանոցի կենտրոնում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Սբ․ Վանես եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ չկան։ Շինության պատերը զուրկ են վիմագրերից։ Ըստ ճարտարապետական ոճի և կառուցվածքային առանձնահատկությունների՝ եկեղեցին կառուցվել է 18-19-րդ դարերում։ Եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ Գիւղիս հիւսիսային կողմում հին գիւղատեղի, հանգստարան և քարուկիր եկեղեցի Սուրբ Վանես անուն, որ մեծ ուխտատեղի է և հանգստարան, որի մեջ հանգստանում են և Պալլուճեցի քաջերի ոսկերքներն (Բարխուտարեանց 1895, 155)։
Հին գերեզմանոցի և եկեղեցու շուրջը տարածվում էր նաև Այգեստան գյուղի գործող գերեզմանոցը (նկ․ 2)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Միանավ թաղակապ սրահ է (արտաքին չափերը՝ 11x6,5x3,5 մետր), կառուցված տեղական կոպտատաշ և կիսամշակ քարերով։ Սրբատաշ են կամարները և սրահի ու բեմի անկյունաքարերը: Թաղածածկը հենված է հարավային և հյուսիսային պատերի երկու զույգ որմնակամարների վրա։ Տանիքը երկլանջ է։ Եկեղեցին կառուցված է մեղմաթեք լանջին, ինչի պատճառով արևմտյան կողմը մասամբ խրված է հողաշերտի մեջ։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատի արևմտյան անկյունից։ Եկեղեցու մուտքը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ բարավորի կամարակապ վերնամասի, գտնվում է արտաքին հարթությունից ցածր մակարդակում (նկ․ 3)։ Եկեղեցու ներսը ևս ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով (նկ․ 4)։ Խորանի կողապատերին կան երկու փոքրիկ խորշեր։ Ավանդատներ չունի։ Հյուսիսային պատին, արևելյան որմնակամարի ներքին պատին, կամարակապ խորշի մեջ մկրտության ավազանն է: Լուսավորվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված մեկական փոքրիկ լուսամուտներով։ Եկեղեցու տանիքի նախնական ծածկասալերը չեն պահպանվել, իսկ անկախության շրջանում ծածկվել է մետաղական թիթեղով (նկ․ 5)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գործում էր որպես սրբատեղի։ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ շինությունը չի տուժել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվել Ադրբեջանի կողմից։ Այգեստան գյուղի բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Այգեստանի Սբ․ Վանես եկեղեցին
Արցախ