Աստղաշեն գյուղի մշակույթի տունը

Տեղադրությունը

Աստղաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից 20 կմ հեռավորության վրա։ Գյուղում գործում էին 1950-ական թվականներին կառուցված մշակույթի տունը և արվեստի դպրոցը (2011 թվականից ի վեր), որոնք ապահովում էին ոչ միայն Աստղաշենի, այլև հարակից գյուղերի մշակութային ակտիվությունը, մշակութային միջոցառումները և մշակութային կրթությունը։ 2023 թվականից գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Աստղաշեն գյուղի մշակույթի տունը գործել է 1950-ական թվականներից։ Մշակույթի տունը գտնվում է գյուղի կենտրոնում։ Այն երկհարկանի խորհրդային տիպային շենք է (նկ. 1)։ Կառույցն ի սկզբանե ունեցել է մոտ 300 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ (նկ. 2)։

Մշակութային կյանքն Աստղաշենում զգալիորեն անկում ապրեց 1990-ականների պատերազմից հետո, և նորից ակտիվացավ  2010-ական թվականներից՝ հատկապես արտաքին ներդրումների շնորհիվ՝ նպաստելով գյուղի ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ մանկապարտեզի կառուցում, Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնում, մշակույթի տան բարեկարգում (նկ. 3)։

Գյուղն ուներ նաև յուրահատուկ բնական և պատմական արժեք. Աստղաշենը հայտնի է «ծովային շուշաններով»՝ կենդանիների բրածո մնացորդներով, որոնք տեղացիները կոչում են «աստղաքարեր» (նկ. 4)։ Հենց այս բրածոներից է ծագում գյուղի անունը։

Նկ. 1 Աստղաշենի մշակույթի տունը, լուս․՝ Հ․ Մուրադյանի։

Նկ. 2 Մշակույթի տան դահլիճը, լուս․՝ Հ․ Մուրադյանի։

Նկ. 3 Աստղաշեն գյուղի կենտրոնը, լուս․՝ Հ․ Մուրադյանի։

Նկ. 4 «Ծովային շուշաններով»՝ կենդանիների բրածո մնացորդներ, լուս․՝ Հ․ Մուրադյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Մշակույթի տունը տեղակայված է ստանդարտ, խորհրդային ժամանակաշրջանի երկհարկանի շենքում, որը բաղկացած էր դահլիճից, կից սենյակից, ինչպես նաև երկրորդ հարկում՝ հիմնական արվեստի դպրոցից, որը բացվել է 2011 թվականին։ Դահլիճը և կից սենյակը մինչև 2023 թվականի բռնազավթումը ծառայում էին հանդիսությունների սրահ։

Երկհարկանի կառույցը հատակագծում ունի պարզ ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք: Ճակատային հատվածի կենտրոնական մասում գտնվում է եռակամար բացվածքով նախամուտք-սրահը, որն իր մեջ է ընդգրկում կառույցի հիմնական մուտքերը: Նախասրահի երկրորդ հարկում կրկնակի զույգ սյուներով ընդարձակ պատշգամբ է: Ճակատի ոճավորումը ամբողջանում է երկրորդ հարկի պատշգամբի երկու կողմերում տեղադրված լայն պատուհաններով:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Մինչ 44-օրյա պատերազմը, Մշակույթի տունն Աստղաշենում ֆորմալ կերպով գործում էր՝ ունենալով երկու վճարովի աշխատանքային հաստիք։ Ակտիվ ծրագրային գործունեությունը սահմանափակ էր. ջանքերի մեծ մասը ուղղվում էր «Մշակութային խաչմերուկ» ամենամյա մրցույթի կազմակերպմանը։

Շենքի մի հատվածում գտնվող ու 2011 թվականին հիմնադրված Հիմնական արվեստի դպրոցը բախվեց ռեսուրսների կտրուկ պակասի՝ ներառյալ անհրաժեշտ երաժշտական գործիքների (մասնավորապես՝ քանոնի) և որակյալ կադրերի բացակայությունը։

44-օրյա պատերազմից հետո Աստղաշենն ու հարակից բնակավայրերը կենտրոնացան անհրաժեշտ ենթակառուցվածքի վերականգնման վրա. կառուցվեցին ավելի քան 200 բնակարան տեղահանված ընտանիքների համար, ճանապարհաշինությունն ընթացքի մեջ էր։ 2023 թվականի բռնազավթումից հետո մշակութի տան մասին տեղեկություններ չկան։

Հետազոտությունը հիմնվում է 2018–2019 թվակններին Աստղաշեն գյուղում անցկացված դաշտային հետազոտությունների վրա։

Աստղաշեն գյուղի մշակույթի տունը
Աստղաշեն գյուղի մշակույթի տունը
Ասկերանի շրջան
Արցախ