Գանձասարի ժամանակակից խաչքարը
Տեղադրությունը
Գանձասարի վանքը գտնվում է Արցախի պատմական Խաչեն գավառում՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մոտ մեկ և կես կիլոմետր արևմուտք:
Պատմական ակնարկ
Նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի հեղինակած խաչքարը գտնվում է Գանձասարի եկեղեցու հարևանությամբ և ինչպես խորանը բոլորող արձանագրությունն է հայտնում, նվիրված է Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին։
Ճարտարապետահորինվածքային նկարագրություն
Խաչախորանը բոլորող արձանագրությունը հայտնում է. «Ի հայրապետության Գարեգնի Բ կաթողիկոսի ընծաեաբերեցի խաչքարս թեմիս վերաբացման քսանամեակին. Պարգեվ արքեպիսկոպոս + ՍԹ»։
Թեմաները և կերպարներն այս հորինվածքում բազմաթիվ և բազմազան են (Արցախի դասական խաչքարերում պատկերաքանդակները, որպես կանոն, ներկայացնում են կոնկրետ մեկին կամ երկուսին, առավելագույնը՝ ընտանիքը։ Ասկարյանն իր խաչքարում կարծես փորձում է ներկայացնել արցախյան ողջ կենսանկարը՝ մարդիկ, հրեշտակներ, կենցաղային իրեր, մրգեր և այլն; նկ․ 1): Ինչպես հաճախ հանդիպում ենք վարպետի այլ աշխատանքներում ևս, «քիվին» պատկերված է հրեշտակը, որը թևերի տակ է առել ևս երկու հրեշտակների։ Կենտրոնական հրեշտակի գլուխը կարծես ներգծված լինի արևի սկավառակի մեջ (նկատենք, որ Գանձասարի եկեղեցու թմբուկի պատկերագրական համակարգում հրեշտակներն ամենաշատ կիրառված կերպարներն են)։ Հրեշտակից փոքր-ինչ ներքև՝ «եզրագոտիների» վերևի հատվածում, տեղադրված են երկու հյուսածո վարդյակներ, որոնք, վարպետի մեկնաբանմամբ, արցախյան թոնրահացի այլաբանական պատկերումն են։
Խաչքարի եզրագոտիները հարդարված են պատկերաքանդակներով. ձախ կողմում ձիու վրա պատկերված են երկու կերպարներ, որոնցից մեկի ձեռքում կրկին հացն է, իսկ կերպարների միջև՝ նիզակը՝ որպես պայքարի խորհրդանիշ։ Վարպետի մեկնաբանմամբ՝ դա հացի համար մղվող պայքարի տեսարան է։ Տեսարանում պատկերված է նաև մանուկ, որը մասնակից է պայքարին։ Պայքարի տեսարանին զուգահեռ պատկերված են զույգ հրեշտակներ, որոնց ձեռքին խաղող է, փոքր-ինչ ներքև կրկին հրեշտակ է, այս անգամ՝ ձեռքին նուռ, որին զուգահեռ կերպարի և՜ ձեռքին, և՜ կողքին խաղող է պատկերված։ Նուռը և խաղողը վարպետի խոսքերով, քրիստոնեության մեջ զոհաբերության սիմվոլներ են (սկսած վաղ միջնադարից Քրիստոսի՝ որպես խաղողի որթի և խաղող-ողկույզի ընկալումը սերտորեն կապվում էր նաև խաչելության և խաչի հետ, տե՛ս Պետրոսյան 2002, 411-440)։ Վաղ միջնադարյան քանդակի որոշ օրինակներում արդեն խաղողի ողկույզները հեշտությամբ համադրվում են նռան պտուղների հետ կամ էլ փոխարինվում դրանցով, ինչի հիմքում ընկած էր երկուսից էլ գինի ստանալու ընդհանրական պատկերացումը (Պետրոսյան 2008, 349))։ Խաչքարում տեսնում ենք նաև դեմք՝ ներգծված շրջանի մեջ, որը, ըստ վարպետի, մոր կերպարն է (իր բնորոշմամբ՝ որպես հող, որպես մոլորակ)։ Խաչքարի ստորին մասում՝ վարդյակին զուգահեռ, ևս երկու կերպարներ են՝ խաչը ձեռքին հրեշտակ և «տարազով» կին (նկ. 2)։
Խաչքարը լի է պատկերաքանդակներով, սակայն այստեղ խոսել պատկերագրական կոնկրետ թեմաների մասին փոքր-ինչ դժվար է։ Այս խաչքարում գործ ունենք առանձին կերպարների հետ, որոնց կապն այդքան էլ ակնհայտ չէ, և որոնց վարպետն է որոշակի գործառույթներ վերագրում։ Գործ ունենք պատկերագրական մի յուրօրինակ ներկայացման հետ, որի անբաժանելի մասն է կազմում և վարպետի բանավոր մեկնությունը։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
44-օրյա պատերազմի ընթացքում վանքը չի տուժել: 2023 թվականից բռնակցված է Ադրբեջանին։ Խաչքարի վիճակի մասին տեղեկություններ չկան, արբանյակային լուսանկարներից խաչքաը տեսանելի չէ։
Գրականության ցանկ
- Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Զանգակ։
- Պետրոսյան 2002 - Պետրոսյան Հ., Հայ միջնադարյան պատկերացումները կենսատարածքի և կենսընթացի մասին. աշխարհը որպես այգի, «Հանդէս ամսօրեայ», Վենետիկ։
Նյութը պատրաստվել է խաչքարի հեղինակ Ռ. Ասկարյանի անմիջական մասնակցությամբ:
Մարտակերտի շրջան
Արցախ